
Մեր լեռների պէս հաստատուն ենք մենք,
Հայոց աշխարհի Արցախը արդար,
Որ պայքարել ենք, որ պայքարում ենք
Մայր Հայաստանին մերուելու համար:
Առանի Սիսակ զարմի ժառանգը,
Մեսրոպեան լոյսով թրծուել ենք մենք հայ,
Հնչեցնում ենք սուրբ միութեան զանգը
Արցախից սփիւռք, Հայաստան աշխարհ…
Ու բերում ենք բիւր դարերի ոգին
Հայկեան աւանդով յաղթած հայութեան,
Որպէս եռագոյն լուսոյ սրբագին
Արարատն ի վեր պարզել յաւիտեան…
Թող եղբայրութիւն համօրէն տիրի
Յանուն միութեան հանուր հայութեան,
Մայր Հայաստանը զօրանայ, լինի
Հայ սերունդներին սնող սուրբ օրրան:
Ու եղբայրութիւն թող նաեւ լինի
Հանուր մարդկութեան համակեցութեան,
Որ էլ Թուրանը վերստին չելնի
Նոր դժոխք սարքի ցեղասպանութեան:
Մենք մեր լեռներն ենք անառիկ ու վեհ,
Հերոս Արցախը հայոց աշխարհի,
Մեր սրտում թէժ է, որպէս սուրբ հրդեհ,
Հայութեան սէրը ամբողջ աշխարհի…
Որ դարերի հետ անյանգ պահել ենք,
Մեր խորունկ սրտում արցախեան արար,
Արիւն ենք թափել, արիւն ենք թափում,
Արիւն կը թափենք
Մայր Հայաստանին մերուելու համար…
ՀԱՒԱՏՔՈՎ ՈՒ ԶՕՐՈՒԹԵԱՄԲ
(Այս բանաստեղծութիւնը նախապէս նուիրուած
Հայ Յեղափոխական Բանակին,
այժմ, այս տարբերակը, նուիրում եմ
Հայոց Բանակին,
որ մարմին առաւ
Արցախեան Պատերազմում,
որին մասնակցեցին հայ մարտիկներ հայրենիքից ու սփիւռքից:)
Հայոց բանակի խիզախ մարտիկներ,
Քաջքերն էք հզօր Ազատ Մասիսի,
Որ սպառազէն, ոգով անվեհեր
Օն անդր էք ելնում շուքով հերոսի:
Սերոբ Աղբիւրի կորիւններն էք դուք,
Սօսէ Մայրիկն է ձեզ սնել սիրով.
Հայ ազգի դատին նուիրուած հայդուկ,
Մեր անկեղծ սէրը լինի ձեզ կորով:
Գէորգ Չաւուշի սրտի կտորն էք,
Ձեր մէջ կրում էք ոգին Մուրադի.
Մեր բեկուած յոյսին եղաք ապաւէն,
Որ պայքարում էք յանուն Հայ Դատի:
Քաջ Անդրանիկի «կիսատ գործը» սուրբ
Առաջ էք տանում մի նոր սխրանքով.
Հրով հրաբորբ եւ ամպրոպով ռումբ՝
Կրակի տուէք թշնամուն խռով:
Մենք ներշնչւում ենք ձեր հերոսութեամբ,
Ուխտում ենք քայլել Հայ Դատի ճամփով.
Անվեհեր Դրօն, Արամ Մանուկեան,
Մասսեաց լանջից են նայում հոգեթով:
Յառաջ ընթացէք հայոց բանակի
Հերոս մարտիկներ, անձնազոհ տղերք,
Մեր իրաւունքով եւ ուժով բազկի
Մենք կը տիրանանք Արարատին սէգ:
ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՃԱՄՓՈՎ
Այդ մերոնք են կռւում այնտեղ, Արցախի սիրոյն,
Հայրենիքի կռւում ահեղ արիւն են թափում:
Մենք ջնջում ենք շողքը վատի ընկած մեր հողին,
Ու վանում ենք չար, տմարդի խաւար բերողին:
Թող լոյս լինի ու լուսաւոր աշխարհում հայոց,
Սերունդները երախտաւոր ապրեն միշտ անխոց:
Թող բարձրանայ հայոց ազգը, մեր հայրենիքը.
Թող հնչեն մեր երգն ու ասքը, սիրոյ սրինգը…
Ողջ մարդկութեան սիրով է լի, աւետարան է,
Նարեկացու գորովալի բուժիչ մատեան է…
Վառ ժպտում է Երեւանը, զարկը մեր սրտի,
Տէր դարձած մեր պատմութեանը, սիրտն Հայաստանի:
Յանուն մեր ողջ ազգուտակի մեր դուստր ու որդին
Խումբ՝ դարձել են մեր բանակի եռանդն ու հոգին:
Այդպիսով ենք մենք պաշտպանւում, պահում Արցախին,
Հայաստանի սրտում պահում ուխտով սրբագին:
Յաւերժ մնայ հայրենիքը, որպէս ամուր բերդ,
Յղում ենք մեր ողջոյնները Ստեփանակերտ:
Թող կառուցուի Սպիտակը, ծաղկի մեր Գիւմրին,
Գետաշէնը, Քարվաճառը, շողշողայ Շուշին…
Մասիս կորցրել՝ Արագածին պահում ենք յակինթ,
Որ պինդ մնայ Էջմիածին մեր հաւատքը պինդ:
Եւ Մասիսն էլ տուն կը բերենք այսպէս որ գնանք,
Հայկի բացած սուրբ ճամփում ենք, այդպէս էլ կ՛երթանք:
ՓԱՌՔՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ
Մենք նոյն ազգն ենք, ու նոյն հայրենին,
Հայկից սերածը,
Մեծն Տիգրանի, Կարմիր Վարդանի
Պահած, շահածը:
Մեսրոպ Մաշտոցն է մեզ տուել ոգի,
Ասքանազեան հուն,
Սէգ Արարատն է ճամփան մեր ելքի,
Ու նոյնն ենք երդւում:
Մեր նուիրումով ու միասնութեամբ
Նոր կեանք կը կերտենք,
Մեր զաւակներն են, որ համբերութեամբ
Մեզ են ակնդէտ:
Ներկայի դժնին, գալիքի հոգսը
Մենք յանձն ենք առնում,
Որ բանանք բախտի մեր նոր ակօսը,
Ու պինդ ենք կանգնում:
Ու պինդ ենք կպչում մեր գործ ու բանին,
Արդար վաստակին,
Ու հաւատով ենք փարում մեր կեանքին,
Մեր ունեցածին:
Օ՜ն, հայ ու հայեր, մենք այժմ սթափ ենք
Ու միասնական,
Մեր հայրենիքում ազգովին կերտենք
Փառքը հայկական:
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Այս Էջը Կը Հովանաւորեն
Law OFFICES OF HAGOP CHOPURIAN
ՏԷՐ ԵՒ ՏԻԿ. ԿԱՐՊԻՍ ԵՒ ԾՈՎԱԿ ԳԱՐԱՄԱՐՏԵԱՆՆԵՐ