ԵՐԵՒԱՆ, «Թերթ».– Ըստ Սիւնիքի մարզպետ Սուրէն Խաչատրեանի, իրանցիներուն նոյն մարզի արօտավայրերը վարձու տալը «Հայաստանին միայն օգուտ է բերելու»: Այս մասին մարզպետը արտայայտուած է «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանին հետ ունեցած զրոյցին ընթացքին։
«Եթէ վաղը յանկարծ պարսիկները փորձեն գալ Հայաստան, ոչխարներ առնեն ու փորձեն պահեն այստեղ, սա մեծ օգուտներ կը բերի համայնքներին: Կարող եմ օրինակ բերել այն, որ ժամանակին գալիս էին ու 1 միլիոնից աւել բերում էին ոչխար ու համայնքներին վճարում էին: Արօտավայրերը չէր փչանում, ընդհակառակը արօտավայրերը չօգտագործելուց են փչանում, համայնքներն էլ օգուտ էին ստանում», նշած է ան:
Անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի միջեւ այս առնչութեամբ կնքուած սկզբունքային փաստաթուղթերուն՝ Սուրէն Խաչատրեան դիտել տուած է, որ «դա ընդամէնը մի յուշագիր է, որտեղ գիւղատնտեսական ոլորտին վերաբերող մի քանի կէտեր են նշուած, եւ այն դեռեւս օրէնքի ուժ չի ստացել»:
«Հայաստանում կայ հողային օրէնսգիրք, ու դրանով հէնց էդպէս չի լինում, որ մարզպետը կամ կառավարութիւնը մէկին հող տայ: Հողերը համայնքային տրամադրութեան տակ են եւ մրցոյթով են տալիս մշակման: Ազատ հողեր չունենք, որ տրամադրենք սրան կամ նրան: Երկարաժամկէտ արդէն տրամադրուած են գիւղացիներին, նրանք էլ տարբեր առումներով են օգտագործում», յայտնած է ան՝ նշելով, որ ներկայիս նման բան չկայ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.