ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
Պրոդիւսեր (ֆիլմարտադրող-Խմբ.) եւ ռեժիսոր բեմադրիչ-Խմբ.) Հրաչ Քեշիշեանի «Գարեգին Նժդեհ» գեղարուեստական կինոնկարը (շարժապատկերը-Խմբ.) Փետրուարի 2ին ցուցադրուեց Գլենդէյլի Americana at Brand կենտրոնի «Փասիֆիկ» սրահում: Հինգ ցուցադրութիւնն էլ լեփ լեցուն դահլիճում էր, եւ նրանց համար ում չյաջողուեց դիտել «Beyond the Stars Palace» սրահում Փետրուարի 24ին կազմակերպուեց եւս մի քանի ցուցադրութիւն (Յաւելեալ ցուցադրութիւններու համար հետեւիլ «Ասպարէզ»ի ծանուցումներուն): Ցուցադրութեանը ներկայ էին դերասաներ Խորէն Լեւոնեանը եւ Դաւիթ Թադեւոսեանը: Գարեգին Նժդեհի կեանքին վերաբերող ֆիլմը լոսանջելեսաբնակները դիտել ցանկացան նախեւառաջ, որ այն վերաբերում էր մեր լեգենդար հերոսին: Շատերի համար դա առաւել առաջնային էր քան ֆիլմի գեղագիտական արժէքը: Հայրենիքից դուրս ապրող հայութեան համար հայրենական ֆիլմարտադրութիւնը ընկալւում է նախ՝ որպէս կարօտի արտայայտութիւն: Ֆիլմում պատմութիւնը դառնում է արդիական՝ քանի դեռ չի արժեւորուել մեր անցեալն ու չեն տրուել գնահատականները:
Ցուցադրութեան օրը հանդիսատեսը սրահից դուրս գալուց անսպասելի հանդիպեց Խորէն Լեւոնեանին, ով ֆիլմում մարմնաւորում է հրամանատար Պօղոս Տէր Դաւթեանի կերպարը: Նրանց երկար շնորհաւորանքներից յետոյ էլ կայացաւ մեր զրոյցը: Նշեմ նաեւ, որ Խորէն Լեւոնեան հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրէնն է:
ԱՆի ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Քեզ չի զարմացնում, որ այսչափ հանրաճանաչ ես:
ԽՈՐԷՆ.- Կարծում եմ հեռուստատեսային հաղորդումներում իմ մասնակցութիւնն է պատճառը, որ այսքան հանրայայտ եմ, որի համար ուրախ եմ: Ուրախ եմ նաեւ, որ ֆիլմ նայելու ցանկութիւնը կայ եւ ինձ կը ճանաչեն կինոյում նոյնպէս:
ԱՆԻ.- Սփիւռքի մեր հանդիսատեսին ի՞նչ ունի փոխանցելու ֆիլմը:
ԽՈՐԷՆ.- Ֆիլմը ուղղուած է աշխարհի հայութեանը՝ բոլոր նրանց համար, ովքեր գիտակցում են, որ հայրենիքն իրենցն է, թէկուզ եթէ անգամ չեն էլ եղել Հայաստանում: Սա մի միջոց է, որ մարդիկ վերադառնան իրենց պատմութեանը, վերաժեւորեն այն: Ուզում եմ մարմնաւորուած տեսնեն Գարեգին Նժդեհին, ում մասին մենք երկար ենք լռել: Ես կ՛ուզենամ հանդիսատեսը ֆիլմից վերցնի հայի ճիշդ տեսակը: Իմ կերպարում ես ցանկացել եմ կերպարանաւորել մի հերոսի, որին արժի նմանուել: Իսկ այդ տեսակի պակասը հիմա կայ, այստեղ էլ, Հայաստանում:
ԱՆԻ.- Սա իմ տեսած առաջին ֆիլմն էր, ուր բացայայտ վերաբերմունք կար, որ մեր թշնամին թուրքն է, ու մենք դեռ պայքար ունենք:
ԽՈՐԷՆ.- Մենք այս ֆիլմում ունենք այն համարձակութիւնը, որ խօսենք մեր խնդիրների մասին, բացայայտ, առանց կաշականդուելու: Եւս մի միտք, որ տարիներով զսպուած է եղել ու չի արտայայտատուել՝ բոլշեւիկացումը եւ ռեպրեսիաները (ճնշումները-Խմբ.), խորհրդային իշխանութեան ձեւաւորումն ու անհատների նկատմամբ վերաբերմունքը: Կերպարի եւ այս խնդիրների հանդէպ մեր համարձակութիւնն էր պատճառը, որ ֆիլմը մինչեւ ցուցադրութիւնը քննադատուեց, ինչ որ ես քննադատութիւն չեմ համարում:
ԱՆԻ.- Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիան ունի՞ Սփիւռքի հետ համագործակցելու որեւէ նախագիծ: Խօսքս հայկական կինոյում Սփիւռքը ոչ միայն հանդիսատես, այլ նաեւ կինօարտադրութեան մէջ որպէս համագործակցող ուժ ներառելու մասին է:
ԽՈՐԷՆ.- Առայժմ դա միայն գեղեցիկ միտք է: Ինչու չէ, հիանալի կը լինի եթէ աշխատանքային համագործակցութիւն լինի, միասնական նախագծեր լինեն, որակն աւելի լաւանայ: Ցաւօք՝ «Երեւան» ֆիլմերի ստուդիան հիմա նոր նախագծերի հնարաւորութիւն չունի: Հիմա մենք թուայնացնում եւ վերականգնում ենք հին ժապաւէնները: Ստուդիան պատկանում է հանրային հեռուստատեսութեանը: Դժուար է գումար ապահովելը, առանց որի անհնար է ստեղծուած ճահճից դուրս գալ: «Երեւան» կինոստուդիան փաստօրէն առայժմ չգործող է:
ԱՆԻ.- Ինչ կ՛ուզէիր ասել այստեղ բնակուող հայերին:
ԽՈՐԷՆ.- Ուզում եմ ասել բոլոր հայերին ե՛ւ այստեղի, ե՛ւ հայրենիքում բնակուող՝ մի քիչ աչալուրջ լինենք թէ ինչ է կատարւում մեր սրտերում: Չկորցնենք մեր տեսակը, չնմանուենք ուրիշներին, մեր տեսակը, որն աւելի հետաքրքիր է, աւելի խելացի է, աւելի ուժեղ, աւելի հումորով (զուարթախոհութիւն-Խմբ.) եւ իմաստուն: Խնդրում եմ դա չկորցնել, ծնողներն էլ հասկանան, որ պէտք է պահել միտքն ու հոգին, հայերէն խօսել, յատկապէս Սփիւռքում՝ քանի որ օտարանալու համար ջանքեր պէտք չեն, իսկ հայերէն սովորելու համար՝ անշուշտ աշխատել է պէտք: