ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Ինչո՞ւ է կարեւոր ցանկացած քաղաքացու համար մասնակցել ընտրութիւններին: Նախ եւ առաջ, ժողովրդավարական հասարակարգի հիմքն է ազատ ընտրելու իրաւունքը, եւ ցաւօք, շատ յաճախ մեզնից շատերը չեն օգտւում այս իրաւունքից: Մինչդեռ հայ ընտրողի ձայնը լսելի դարձնելը օրէցօր աւելի կարեւոր է դառնում: Մեզնից իւրաքանչիւրը, ով ընտրելու իրաւունք ունի, պարտաւոր է ինքն իր մէջ զարգացնել այս կարգապահութիւնը, քանի որ ինքներդ գիտէք, թէ ինչ կարող է լինել, երբ հրաժարւում էք ընտրելու իրաւունքից՝ կամովին: Կորցնում էք ընտրութիւնների արդիւնքը ինչ որ ձեւով տնօրինելու՝ ձեզ յատկացուած սահմանադրական իրաւունքը:
Երբ խօսքը գնում է ընտրութիւնների մասին, ակամայից մտածում ես, թէ ինչո՞ւ քո ձայնը պիտի տաս այս կամ այն առաջադրուած թեկնածուին:
Բնականաբար հարց է ծագում, թէ մի քանի թեկնածու առաջադրուելու դէպքում ո՞ր մէկն է արժանի քո անհատական ձայնին: Քաղաքապետի, մարզային եւ կրթական համակարգի մի շարք ընտրութիւններն են առաջիկայ Երեքշաբթի օրը, Մարտի 5ին: Խորհուրդ եմ տալիս բոլոր մեր հայրենակիցներին բուռն մասնակցութիւն ունենալ ոչ միայն այս, այլ բոլոր ընտրութիւններին, որտեղ նրանք կարող են իրենց վերաբերմունքն արտայայտել, իրենց ձայները լսելի դարձնելով հանրութեանը:
Լոս Անջելեսի Միացեալ դպրոցական համակարգի կրթական խորհրդի ընտրաթերթիկում հանդիպեցի թեկնածուներից մէկի անուանը, Սթիւ Զիմըրին, ում անձամբ ճանաչում եմ: Վկայ եմ եղել նրա աշխատանքին, որպէս խորհրդատու Մարշըլ դպրոցում: Բազմիցս անգամ վկայ եմ եղել նաեւ, թէ ինչպիսի զգուշութեամբ ու գուրգուրանքով է այս մարդը վերաբերւում իր մօտ եկած իւրաքանչիւր աշակերտի կարիքներին, ու ինչպիսի հմտութեամբ է նա կարողանում լուծում գտնել այս կամ այն առաջին հայեացքից բարդ համարուող իրավիճակում: Այս անձնաւորութիւնը չի վախեցել իրեն ամենաարդար կերպով դրսեւորել այնպիսի իրավիճակներում, երբ այլոք կը խճճուէին ու տարակուսանքի մէջ պարզապէս ձեռքերը թափ կը տային, չիմանալով ինչ անել:
Ուսուցչի լաւագոյն գնահատականը տուողը աշակերտներն են, եւ իմ իմացած բոլոր աշակերտները խորին յարգանքով էին արտայայտւում Զիմըրի մասին: Տարիներ առաջ, երբ հայ աշակերտութիւնը ազգամիջեան խնդիրներ էր ունենում այլ ազգութիւնների աշակերտների հետ, հայ ծնողներն ու աշակերտութիւնը առանց որեւէ կաշկանդուածութեան դիմում էին Սթիւ Զիմըրին: Նրանք գիտէին, որ Սթիւը պատրաստ է լսել իրենց համբերութեամբ ու բնաւ երբեք որեւէ կողմնապահութիւն չի անի անկախ հանգամանքների ճնշումից: Զիմըրը տասնեօթ տարուայ ուսուցչական եւ խորհրդատուական փորձառութիւն ունի, եւ երբ հարցը գալիս է արմատական փոփոխութունների քննարկմանը, նա բաւական հաւասարակշռուած ու զգոյշ մօտեցում է ցուցադրում: Նրա հիմնական առաջադրանքներից մէկը եղել է որակեալ հանրակրթական դպրոցի հիմնաւորումը, որտեղ աշակերտները կարող են ապահով զգալ, ու որտեղ կրթութեան որակը հասնում է հնարաւոր առաւելագոյնի: Ի տարբերութիւն այլ «յեղափոխական» տեսակէտների, Սթիւ Զիմըրը քաջ գիտակցում է, որ հանրակրթական համակարգը անփոխարինելի է, քանի որ միւս համակարգերը իրենց իրաւասու են համարում ընտրութիւն անել, թէ ո՛ր աշակերտին կարելի է ընդունել, իսկ ո՛ւմ կարելի է դուռը ցոյց տալ: Միայն հանրակրթական դպրոցն է, որ պարտաւոր է որակեալ ուսում ապահովել ԲՈԼՈՐ այն աշակերտների համար, ովքեր դրա կարիքն ունեն: Ո՞վ չի ուզենայ կարգապահ, ուսման ծարաւ, հեզ ու հնազանդ, ծնողների գուրգուրանքը ու աջակցութիւնը վայելող աշակերտական լսարան ունենալ: Բայց բոլորս գիտենք, թէ դեռահաս տարիքում աշակերտների մի կարեւոր տոկոսն է միայն պատկանում վերոյիշեալ խմբին, իսկ ճնշող մեծամասնութիւնը կարիք ունի լրացուցիչ ուշադրութեան, խորհրդի, գուրգուրանքի, վերջապէս՝ ուղղութեան:

Ահա այստեղ է, որ հանրակրթական դպրոցի դերը կարեւոր է: Իմ անձնական փորձառութիւնը թոյլ է տալիս յայտարարելու, թէ սահմանագծին կանգնած երեխային փրկելը շատ աւելի բարդ, բայց միեւնոյն ժամանակ շնորհակալ գործ է, քան գերազանց, պարտաճանաչ ու խոնարհ աշակերտներին դասաւանդելը (որը նոյնպէս կարեւոր է, ի հարկէ): Իմ անձնական փորձով եմ տեսել, թէ քանի քանի աշակերտների, այդ թւում հայ աշակերտների հետ է օրերով, ամիսներով աշխատել Սթիւ Զիմըրը: Կրկնում եմ, այսօրուայ նախկին աշակերտներից շատերը կարող են վկայել, թէ ինչպիսի գուրգուրանքի են արժանացել, ու արդիւնքում ճիշտ ճանապարհի վրայ են կանգնել Սթիւ Զիմըրի ու նրա նմանների ջանքերի շնորհիւ:
Մարտի 5ը նշանաւոր օր է, քանի որ այդ օրը ընտրուելու է Լոս Անջելեսի քաղաքապետը: Ընթանալու են նաեւ մի շարք այլ շրջանային ընտրութիւններ: Ես իմ քաղաքացիական պարտքն եմ համարում այդ օրը ընտանեօք հանդերձ ուղեւորուել դէպի իմ ընտրատարածք ու ձայնս տալ Սթիւ Զիմըրին, որ նախկինում եւս ծառայել է Լոս Անջելեսի Միացեալ դպրոցական համակարգի կրթական խորհրդի կազմում, պայքարելով աշակերտների, որակեալ ուսուցիչների, ու հանրային կրթութեան առջեւ ծառացած խնդիրները յաջողութեամբ լուծելու համար: Նա անկեղծ է իր սկզբունքայնութեան մէջ:
Steve Zimmer, յիշեցէք այս անունը երբ Երեքշաբթի օրը գնաք ձեր ընտրատեղամասերը, ու անկախ ձեր յոգնածութեան աստիճանից, մի վարանէք 15 կամ 20 րոպէ տրամադրել, որպէսզի ձեր ընտրութիւնն անէք: Չափազանց կարեւոր է արթուն պահել ՀԱՅ ընտրողի քաղաքական ակտիւութիւնը, ու ձեր ձայնը տուէք բոլոր նրանց, ովքեր գործով են ապացուցել, թէ իրենք ծառայում են համայնքին ու հանրութեանը, ոչ թէ դատարկ խոստումներով: