ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Աւանդների եւ Ապահովագրութեան Դաշնային Ընկերութեան (FDIC) հրապարակած մի հարցման արդիւնքում պարզ է դարձել, թէ համատարած աղքատութեան պայմաններում ընչազուրկներին տրամադրուող ֆինանսական ծառայութիւնները յատկապէս դրամատների կողմից ի չիք են դարձել: Միացեալ Նահանգների չափահաս ամէն 12 բնակչից մէկը չունի բանկային հաշիւ, այսպէս ասած checking կամ savings բանկահաշիւ: Այս մարդկանց թիւը կազմում է 17 միլիոն: Ամէն հինգ չափահասից մէկը թերի ձեւով է օգտւում բանկային ծառայութիւնից, այսինքն նրա դրամական կարիքները մասամբ լրացւում են մասնաւոր վաշխառուական կազմակերպութիւնների միջոցով: Այս թւում կարելի է նշել payday loans, check cashing, money orders եւ այլ ծառայութիւններ: Բանկային ծառայութիւններից զրկուած մարդկանց թիւը այսօր գերազանցում է իր երբեմնի գրանցած ամենաբարձր ցուցանիշը մօտ երեք անգամ: Նմանօրինակ պայմաններում միայն մէկ այլընտրանքային տարբերակ է մնում վերոյիշեալ խաւի համար՝ կանխիկ դրամով հոգալ իր ամէնօրեայ կամ հեռահար նպատակների իրականացումը: Սա իր հետ բերում է նոր բարդութիւններ, քանի որ կանխիկ դրամի առկայութեան դէպքում մեծանում է յանցագործութիւնների, այդ թւում՝ կողոպտուելու վտանգը: Փոստային money order-ների կարիքը յոյժ կարեւոր է դառնում, քանի որ տան վարձի կամ լոյսի, գազի եւ ջրի վարձի համար միայն այսպիսի միջոցներն են ընդունելի դառնում, իսկ դրանց համար գնորդը պէտք է լրացուցիչ վճարի: Ինչպէս ասացի, յոյժ կարեւորւում է վաշխառուների դերը, ովքեր բարձր տոկոսներով վարկեր են տրամադրում, փոխարէնը գրաւ ստանալով թանկարժէք իրեր կամ ինքնաշարժ: Այստեղ եւս մի միտում է նկատւում, որտեղ պարտք վերցնողները գնալով աւելի են մեծացնում իրենց պարտամուրհակները, որպէսզի նախնական պարտքերի մի մասն ու տոկոսները մարեն: Արդիւնքում պարտաւորուածութիւնները հասնում են չտեսնուած չափերի, որոնց մի հսկայական մասը անմարելի կը դառնայ, աւելացնելով պետութեան առանց այդ էլ ծանր բեռը: Տարօրինակ է հետեւեալ ցուցանիշը՝ վաշխառուների տրամադրած վարկերի տոկոսները երբեմն գերազանցում են 400 տոկոսի սահմանը: Նորութիւն չենք ասի, եթէ յայտնենք, թէ այսպիսի տոկոսների տակ մարդը պարզապէս կը սնանկանայ: Մի շարք նահանգներ որոշել են վարչական ձեւով լուծել հարցը, արգելելով այսպէս կոչուած գիշատիչ վարկերը իրենց նահանգներում: Այս նահանգների թիւը այսօր 18ն է: Սակայն քննադատների մի հզօր բանակ նշում է, թէ դրամատների վրայ դրուած վերջին տարիների կապանքները աւելի են բարդացնում իրավիճակը, քանի որ բանկերի եկամուտները զգալիօրէն նուազեցուել են: Վերջիններս առաջուայ նման չեն կարող բարձրացնել ապառիկ քարտերի տոկոսները, յաւելավճարումներ հաստատելը ամսեվճարի ուշացման դէպքում եւ այլն: Նման պարագայում ընչազուրկներին դրամական ծառայութիւններ մատուցելը ոչ շահութաբեր, հետեւաբար նաեւ ոչ գայթակղիչ գործօն է դառնում: Վերջին մի տուեալի համաձայն, ամերիկեան դրամատների եկամուտները մօտ 37 տոկոսով նուազել են նախաճգնաժամային եկամուտների հետ համեմատած: Սակայն իրավիճակը այնքան էլ օրհասական չէ, քանի որ աւանդատուների մի զգալի մասը սկսել է հաշուի առնել անհատի գրանցած ոչ աւանդական վճարունակութեան պատմութիւնը՝ որքա՞ն պարտաճանաչ ձեւով է անհատը վճարել իր տան, հեռախօսի եւ այլ պարտաւորութիւնների վճարումները, եւ նման կերպով կարողանում են զտել ցածր եւ բարձր ռիսկային գօտիներում գտնուող անձանց:
Աւելի լայն տարածում են ստացել նախապէս վճարուած քարտերը՝ prepaid cards: 2006 թուականի ցուցանիշների հետ համեմատած սրանց գործածումը աւելացել է տասնապատիկ անգամ: Չնայած որոշ պարագաներում այսպիսի քարտերը կարող են բարձր ամսեվճարներ գանձել, բայց քչերն են կասկած յայտնում սրանց յարմարաւէտութեան կամ յուսալիութեան առիթով: Այս քարտերը յատկապէս օգտակար են ծնողների համար, ովքեր սահմանափակ քանակութեամբ դրամ են նախատեսում իրենց զաւակների ծախսերը հոգալու առումով: Ի միջի այլոց պէտք է յիշեցնեմ, թէ դեռահասին «քրեդիտ քարտ» տալու գաղափարը խելացի միտք չէ, քանի որ պատճառահետեւանքային կապերի գիտակցումը դեռ լրիւ հասունացած չէ երիտասարդ տարիքում: Խոշոր գումարներ պարունակող «քրեդիտ քարտեր»ը արագօրէն ծախսւում են երիտասարդների կողմից, նրանք հիմնականում թաքցնում են այս հանգամանքը ծնողներից, ու արդիւնքում՝ ծնողը կանգնում է տասնեակ հազարաւոր դոլարների պարտքերը մարելու տխուր հեռանկարի առջեւ: Համացանցում զետեղուած յօդուածներից մէկի հեղինակը յորդորում է չօգնել զաւակին, եթէ վերջինս առանց ծնողի գիտակցութեան հազարաւոր դոլարների ծախսեր է կուտակել «քրեդիտ քարտ»ի վրայ: Օգնելու պարագայում, երիտասարդը ամենայն հաւանականութեամբ կրկնելու է իր սխալը, միչեւ այնքան ժամանակ, որ ծնողն ի վիճակի չի լինելու կուտակուած պարտքը վճարելու:
Քանի որ ակնարկը նման ընթացք ստացաւ, աւելի անձնական ուղղուածութեամբ՝ հարկ եմ համարում եւս մէկ անգամ կարեւորելու դրամական դաստիարակութեան խնդիրը: Ամօթ չէ երիտասարդի ձեռքը սահմանափակ քանակութեամբ գումար տալը, գիտեմ որ շատ հայ ծնողներ առաջնորդւում են «երեխայի ձեռքը թող փող լինի» թիւրիմացական կարգախօսով: Օրինակ, եթէ երեխան ընկերների հետ կինօ պիտի գնայ, կարիք չկայ նրան $100 դոլար տալ: Կինոյի տոմսի արժէքը $12 դոլար է, եւս $5 դոլար՝ քաղցրաւենիքի կամ հիւթի համար, եւս $10 կամ $15 դոլար՝ ուտելիք գնելու համար: Այսպիսով, առաւելագոյնը, որ մէկ երեխան կարող է իր մօտ ունենալ տնից դուրս գալիս մօտ $40 է: $100ը կարող է անցանկալի հետեւանքներ բերել: Ընդհանուր առումով իմ շրջապատում ծնողների կողմից երեխաներին տրուած ֆինանսական դաստիարակութիւնը տարերային վիճակում է, մեղմ ասած:
Եզրափակելով այս միտքը, ուզում եմ մի զաւեշտական պատմութիւն ներկայացնել, որ կատարուել է տարիներ առաջ: Հայրը տղային տալիս է «քրեդիտ քարտ»՝ իր անունով, բացի առձեռն դրամից, որ ամէն շաբաթ միանուագ տալիս էր: «Կը ծախսես, երբ որ շատ կարիքի մէջ լինես», ասում է հայրը: Որդին իր մի քանի ընկերներին որոշում է պատուել թանկարժէք մի ռեստորանում, հաւանաբար յոյս ունենալով տպաւորութիւն թողնել, թէ ինքը ինչքան ապահովուած է ու արդէն՝ «չափահաս»: Երբ գալիս է հաշիւը փակելու պահը, երիտասարդը խրոխտաբար ներկայացնում է իր նորայայտ «քրեդիտ քարտը»: Մի քանի րոպէից վերադարձած մատուցողը յայտարարում է, թէ «քրեդիտ քարտ»ի մէջ ընդհանրապէս դրամ չկայ: Վախեցած երիտասարդը հեռաձայնում է հօրն ու հարցնում. «Հայր, «քրեդիտ քարտ»ը դատարկ է»: «Իսկ ինչի՞ համար է քեզ այդքան փող պէտք», հարցնում է հայրը: «Տղաների հետ ռեստորան եմ եկել», կմկմում է տղան: Հայրը պատասխանում է. «Յուսով եմ այսօր լաւ դաս սովորեցիր տղաս, երբ փող չես աշխատում ինքդ, իրաւունք չունես խրոխտ քայլերով ընկերներիդ զարմացնելու»: Տղան ստիպուած է լինում իր ընկերներին խոստովանել, որ միայնակ ի վիճակի չի լինի փակել հաշիւը, եւ բոլորը մասնակցում են այս տխուր հետեւանքը յաղթահարելու գործընթացին: Գուցէ եւ դաժան, բայց ուսանելի օրինակ է: