Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան եւ Մոզայիկի յանձնախմբի նախաձեռնութեամբ Մարտի 16ին, տեղի է ունենալու «Մոզայիկ 5»ի երկար սպասուած համերգը, որին ամիսներ է պատրաստւում են մեր

արուեսագէտներն ու կազմակերպիչները: Երեկոյի հանդիսավարութիւնը ստանձնել է եւ յատուկ «Մոզայիկ 5»ին իր մասնակցութիւնը բերելու համար Նիւ Եորքից Լոս Անջելես է ժամանելու ասմունքող Մաթիլդա Թաւանեանը: Ձեռնարկին մասնակցելու է բազմավաստակ արուեստագէտ, գեղանկարիչ, քանդակագործ եւ տեղադրումների (installations) հեղինակ Արա Ազատը. նա տեղում, բեմի վրայ գեղանկար է ստեղծելու, որով եւ կատարուելու է երեկոյի բացումը:
Ստորեւ ներկայացնում ենք Մաթիլդա Թաւանեանի եւ Արա Ազատի յամառօտ կենսագրականները:
ՄԱԹԻԼԴԱ ԹԱՒԱՆԵԱՆ

Մաթիլդան ծնուել է Թեհրանում եւ ԱՄՆ է փոխադրուել 18 տարեկանում: Գրականութիւնը եւ մանաւանդ բանաստեղծական ժանրը նրան գերել են մանուկ հասակից, երբ ուսուցիչների քաջալերանքով սկսել է ասմունքել եւ ելոյթներ ունենալ իրանահայ բեմերից: ԱՄՆ փոխադրուելով, շարունակել է ուսումը Cal State LA, UCLA եւ South Western Law School համալսարաններում: Ներկայիս ուսանում է Նիւ Եորքի համալսարանում: Լոս Անջելես եղած տարիներին համագործակցել է Համազգայինի զանազան ձեռնարկներին եւ, առաջին «Մոզայիկ»ից իսկ, ակտիւօրէն մասնակցել է նրա աշխատանքերին: Նախկին «Մոզայիկ»ներում հանդէս է եկել իր ասմունքներով: Ունի նաեւ
դերասանական փորձեր: Մասնակցել է La Ronde, If Your Eyes Are Clear եւ Tumanians Tales ներկայացումներին: Գրում է բանաստեղծութիւններ եւ գրականութեան ու թատրոնի սիրահար է:
ԱՐԱ ԱԶԱՏ
Արա Ազատը ծնուել է 1962 թուին, Լիբանանում: Սովորել է School of the Museum of Fine Arts Tufts եւ Institute for Global Leadership համալսարաններում: Իր գեղանկարչութիւններով, քանդակագործութիւններով ու

տեղադրումներով (installations) մասնակցել է բազմաթիւ ցուցահանդէսների աշխարհի տարբեր կողմերում: Նրա վերջին ցուցահանդէսները կայացել են Հայաստանում, Մոնակոյում, Սաուդական Արաբիայում, Բելգիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում: Ցուցահանդէսներ է ունեցել նաեւ ԱՄՆի զանազան քաղաքներում, որոնցից վերջին երկուսը՝ Նիու Եորքում եւ Մասաչուսետսում: Յառաջիկայ ցուցահանդէսը տեղի է ունենալու Փարիզում:

Արա Ազատը նաեւ դասախօսում է համալսարաններում: Տիրապետում է հայերէն, արաբերէն, ֆրանսերէն, անգլերէն եւ թուրքերէն լեզուներին: 2002ից սկսեալ կազմակերպում է հանդիսատեսների ներկայութեամբ, տեղում, ստեղծագործական ներկայացումներ, որոնք մեծ համբաւ են բերել նրան: Համագործակցել է Կանադայի եւ Լիբանանի Համազգայինի աշխատանքներին իր ցուցադրութիւններով: Որպէս համազգայնական մեծ ընտանիքի անդամ, մասնակցելու է Մոզայիկ 5ին, կատարելով իր ներդրումը այս օգտաշատ աշխատանքին:
Համազգայինի նախկին էջում մեր ընթերցողներին ծանօթացրել էինք Մոզայիկ 5ի համերգի մասնակից վեց երիտասարդ երաժիշտներին ու երաժշտական խմբերին. Այլին Խաչատրեանը՝ Լիբանանից, Այլին Ամիրաեանը՝ ԱՄՆից, Սերուժ Բաղդասարեանը՝ Լիբանանից, Րաֆֆի Սեմերճեանը՝ ԱՄՆից, Էթերնալ Մայնդ Քոնթրոլ խումբը՝ ԱՄՆից եւ Էլենա Երեւանը, ինչպէս անունն է վկայում, Երեւան մայրաքաղաքից: Նրանք գալիս են կամրջելու Լիբանանը, ԱՄՆն ու Հայաստանը, Լոս Անջելեսի երաժշտասէրների համար: Վերոյիշեալ երաժիշտները եւ երաժշտական խմբերը իրենց թէ՛ անգլերէն եւ թէ հայերէն երգերի ու երաժշտութեան կատարումներով հաճելի ժամանց են խոստանում մեր հանդիսատեսներին:
Այս խմբերը, չնայած իրենց զանազան ոճերի, երաժշտական մօտեցումների ու կատարողականութեան, ունեն մէկ հասարակաց եզր՝ իրենց հայկականութիւնը: Նրանք ներկայացնում են մեր բազմերանգ երաժշտական իրականութիւնը, իր տարբեր սերունդներով, կազմելով նորօրեայ հայ արուեստագէտների մի խճանկար, որից ներշնչուելով է, համերգը անուանուել «Մոզայիկ» կամ հայերէնով՝

«Խճանկար»: Մոզայիկի նպատակն է ներգրաւել երիտասարդ հայ սերունդը, քաջալերել նրանց ստեղծագործական ոգին եւ

ամրապնդել մշակութային ինքնագիտակցութինը: Մոզայիկը անցեալ վեց տարիներում փաստօրէն եղաւ այն բեմը, որտեղից հայ երիտասարդները սկսեցին առնել հանրածանօթ եւ սիրուած խմբեր դառնալու իրենց հաստատուն քայլերը:
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ ձեռնարկը մեծ ընդառաջում է գտել եւ աւելի քան հազար տոմսեր սպառուել են արդէն: Երիտասարդական մեծ խմբեր իրենց մասնակցութիւնն ենբերելու այս բացառիկ ձեռնարկին՝ բեմում ենտեսնելու մեր նոր սերնդի սիրուած արուեստագէտներին: Նրանցից ամէն մէկն ունի իր երկրպագուները, որոնք իրար հանդիպելու, ծանօթանալու եւ շփուելու լաւագոյն առիթը պիտի ունենան Մարտի 16ին: Տոմսեր գնելու համար դեռ ուշ չէ. կարող էք ապահովել՝ այցելելով www.itsmyseat.com կայքէջը:
Մոզայիկ 5ը, այո՛, բացառիկ է լինելու հետաքրքիր երաժշտութեամբ, նորարար արուեսագէտներով, ուտելիքներով, խմիչքով ու մտերմիկ միջավայրով, եւ այս բոլորը՝ գեղատեսիլ San Gabriel Mission Playhouse-ում, որն իր ճարտարապետական ու կահաւորման գեղեցկութեամբ ու գրաւչութեամբ դրական լիցք է տալիս:
Համերգը տեղի է ունենալու Մարտի 16ին, երեկոյեան ժամը 8ին, San Gabriel Mission Playhouse-ում, 320 S. Mission Dr., San Gabriel, CA 91776 հասցէում :
Էնսինոյի մեր հիւրերը կարող են արձանագրուել եւ համերգասրահ ժամանել տրամադրուելիք ան-վճար հանրակառքերով: Ցանկացողները կարող են կապուել 818-632-2180 հեռախօսահամարով եւ ապահովել հանրակառքում իրենց տեղը:
Համերգն սկսելու է ժամը 8ին, իսկ երեկոեան ժամը 7ից սկսեալ տեղի կ՛ունենայ ընդունելութիւն եւ հիւրասիրութիւն: Ձեռնարկի այս բաժնում եւ նախամուտքի մօտ վաճառուելու են զանազան տեսակի համադամ ուտեստեղեներ, զովացուցիչներ եւ ոգելից խմիչքներ:
Մասնակցէ՛ք «Մոզայիկ 5»ի մեր համերգին, վայելելու հաճելի եւ անմոռանալի երեկոյ:
