
Միացեալ Նահանգների եւ Կանադայի Հայ կաթողիկէ համայնքը միանում է աշխարհի հաւատացեալ հանրութեանն ու շնորհաւորում է Հռոմի նոր պապ Ֆրանցիսի ընտրութիւնը: Միացեալ

Նահանգների եւ Կանադայի Հայ կաթողիկէ թեմի արհիապատիւ առաջնորդ Միքայէլ եպս. Մուրատեանը Ֆրանցիս պապին բնութագրում է որպէս պարզ ու խոնարհ հոգեւորականի եւ նշում, որ նրա ընտրութիւնը կաթոլիկ եւ ընդհանրապէս հոգեւոր աշխարհի համար նոր, բեկումնային շրջան է խոստանում. «Սրբազան քահանայապետով ամբողջ աշխարհն է հետաքրքրուած՝ նա չափազանց պարզ ու համեստ անձ է: Լինելով Բուէնոս Այրեսի հոգեւոր առաջնորդը, կարդինալ Խորխէ Մարիօ Բերգոլիոն իր կեանքով է ապացուցել իր այս յատկանիշները, որ արտայայտուեց նաեւ որպէս պապ նրա առաջին իսկ գործողութիւններում», մեկնաբանում է Միքայէլ եպս. Մուրատեանը: Յիշեցնենք, որ Ֆրանցիս պապը առաջին լատինաամերիկացին է, նաեւ առաջին Ճիզուիտը՝ ամենախստաբարոյ կրօնական միաբանութիւնից, ով դարձաւ Հռոմի գլխաւոր հովուապետը:
Մարտի 19ին կայացած երդմնակալութեան արարողութեան ժամանակ, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հաւաքուած աւելի քան մէկ միլիոն հաւատացեալներին եւ հանդիսութեանը ներկայ 132 երկրների կառավարութիւնների ղեկավարներին ու բարձրաստիճան պաշտօնեաներին պապը կոչ արեց պաշտպանել աղքատների եւ թոյլերի շահերը: Պապն արդէն յայտարարել է, որ ցանկանում է կաթոլիկ եկեղեցին տեսնել որպէս աղքատների եկեղեցի: Այսպիսով նա հաստատել է նաեւ իր՝ Ֆրանցիս անուան ընտրութիւնն՝ ի պատիւ Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցու, ով հրաժարուելով իր շքեղ կեանքից՝ ապրել ու գործել է կարիքաւորների ու աղքատների համար:
«Չմոռանանք, որ իսկական իշխանութիւնը կը կայանայ ծառայութեան մէջ: Նոյնիսկ քահանայապետը, որպէսզի ի գործ դնի իր իշխանութիւնը, պէտք է առաւել կերպով խորանայ այդ ծառայութեան մէջ, որի լուսաւոր գագաթնակէտը Խաչն է», յայտարարեց Ֆրանցիս պապը: Միքայէլ եպս. Մուրատեանի խօսքով, Սուրբ Աթոռի նոր քահանայապետն իր խօսքերը նաեւ գործով է վկայում եւ հենց երդմնակալութեան արարողութեան ժամանակ, Սուրբ պատարագից առաջ, խախտելով ընդունուած արարողակարգը իջել է իրեն հրապարակում շրջող ինքնաշարժից եւ օրհնել՝ ժողովրդին, համբուրել՝ մանուկներին:
«Այսինքն, ինչ որ քարոզով խօսեց ժողովրդին առաւել մօտ լինելու մասին, խօսքից առաջ, գործով փաստեց: Հետեւաբար, մարդ է, որ յեղաշրջում է բերում եկեղեցում, սակայն սա իրականում նոր չէ, այլ ինչպէս սուրբ Պօղոսն էր ասում. «Մենք ձեզ տարբեր Քրիստոս չենք քարոզում, Քրիստոսը երէկ այսօր եւ յաւիտեան չի փոխուի, նա նոյն պարզ ու խոնարհ Քրիստոսն է»: Ֆրանցիս պապն էլ եկաւ եկեղեցու համար այս դժուարին օրերին մեզ յուշելու, որ վերադառնանքՔրիստոսին եւ պահենք Քրիստոսին մեր կեանքի մէջ՝ պահելու համար ուրիշները, բոլոր արարածներին: Այսինքն, եթէ մէկն իր կեանքով Քրիստոսին է նմանւում, ինքնաբերաբար իր շուրջ գտնուողներին էլ իր օրինակն է ցոյց տալիս ու պատգամում», ներկայացնում է Մուրատեան եպիսկոպոսը: Պատահական չէ, որ նոր պապն իր երդմնակալութեան օրն ընտրել էր Լատին եկեղեցու սուրբ Յովսէփին նուիրուած տօնի օրը. սուրբ Յովսէփը ենթարկուել էր Աստծու կամքին եւ պահել Մարիամ Աստուածածնին եւ մանուկ Յիսուսին:
«Սրբազան քահանայապետն այսօրուայ իր խօսքում ասաց, որ մեր պարտականութիւնն է պահել-պահպանել այն, ինչ Աստուած մեզ տուել է, եւ իւրաքանչիւր իշխանութիւն ծառայեցնել ժողովրդին», նշում է գերապայծառ տէր

Մուրատեանը:
Կաթոլիկ աշխարհի նոր հովուուապետը քաջատեղեակ է նաեւ հայոց պատմութեանն ու Բուէնոս Այրեսում իր առաջնորդութեան տարիներին բազմիցս մասնակցել է հայ համայնքի ձեռնարկներին, իսկ 2006ի Ապրիլի 22ին, Բուէնոս Այրեսում Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նուիրուած ոգեկոչման միջոցառումների ժամանակ, կարդինալ Բերգոլիոն կոչ արեց Թուրքիային անվերապահօրէն ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը որպէս «հայ ժողովրդի եւ ամբողջ մարդկութեան դէմ Օսմանեան Թուրքիայի կողմից իրականացուած ծանրագոյն ոճրագործութիւն»:
«Ֆրանցիս պապը մեզ համար մի անձ է, ով լաւ գիտի մեր ազգին ու նրա պատմութիւնը, եւ վստահ եմ, որ ապագայում իր խօսքը կ՛ասի մեր արդար պահանջի մասին», համոզուած է Միքայէլ եպիսկոպոս Մուրատեանը:
Ֆրանցիս պապի երդմնակալութեան արարողութեանը մասնակցել են Հայ կաթողիկէ եկեղեցու առաջնորդ Ներսէս-Պետրոս 19րդ պատրիարքը, Գարեգին Բ.ն, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ

կաթողիկոսութիւնը ներկայացնող պատուիրակութիւնը: Սուրբ Պետրոսի հրապարակում հայազգի հաւատացեալները ծածանել են Հայաստանի եռագոյնը: «Երդմնակալութեան արարողութեան մաս է կազմում Սուրբ Պետրոսի գերեզմանի մօտ պապի աղօթքը, երբ նրան ուղեկցել է նաեւ մեր առաջնորդը, ինչը նշան է, որ կաթողիկէ եկեղեցին ընդհանրական է եւ՝ բոլոր ազգերի համար է: Հայ կաթողիկէ եկեղեցու ներկայացուցիչները ներգրաւուած են նաեւ Վատիկանում գործող մի շարք յանձնախմբերում, այդ թւում՝ միջեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակում, նաեւ՝ Աստուածաբանական երկխօսութեան յանձնախմբի անդամ են, որին մասնակցում են նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի եւ Անթիլիասի թեմերի ներկայացուցիչները», Վատիկանի եւ կաթողիկէ համայնքի հետ յարաբերութիւններն է ներկայացնում եպիսկոպոս Մուրատեանը:
Օգտուելով առիթից, Միացեալ Նահանգների եւ Կանադայի Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ Միքայէլ եպիսկոպոս Մուրատեանի հետ զրոյց ծաւալուեց նաեւ Ամերիկայի Հայ կաթողիկէ համայնքի, եկեղեցու ծրագրերի շուրջ՝ Գլենդելում իր իւրօրինակ ճարտարապետութեամբ աչքի ընկնող բազմագմբէթ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայ կաթողիկէ եկեղեցում:
Միացեալ Նահանգներ առաջին հայ կաթոլիկները մուտք են գործել 19րդ դարի սկզբին Արեւմտեան Հայաստանից, հիմնականում՝ Էրզրումից, Կ. Պոլսից, Մարդինից՝ աշխատանք փնտռելու նպատակով: Նոյն դարավերջին այստեղ են հաստատւում նաեւ համիդեան ջարդերից փրկուած հայերը եւ հիմնականում բնակւում են Նիւ Եորքում: 1896թ. հայ կաթոլիկներին քահանայելու նպատակով Ազարեան պատրիարքի պահանջով այստեղ է ուղարկւում Հայ կաթողիկէ քահանայ Մկրեանը, ով յետագայում կազմակերպում է ԱՄՆում ապաստանած հայ կաթոլիկների համայնքը: Շուտով ստեղծւում են եւս մի քանի համայնքներ՝ Նիւ æերսիում, Բոստօնում, Լոս Անջելեսում, Դեթրոյտում: 1981թ. Հայ կաթողիկէ Եպիսկոպոսաց Սիւնհոդոսի յանձնարարութեամբ եւ Յովհաննէս Պօղոս Բ պապի հաստատումով, պաշտօնապէս հիմնւում է Հիւսիսային Ամերիկայի Հայ կաթողիկէ Եքսարկութիւնը: Միացեալ Նահանգների եւ Կանադայի Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ է նշանակւում Եպիսկոպոս Ներսէս Սէթեանն, ով Սրբ. Աննա եկեղեցին դարձնում է իր նստավայրը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- 2001 թուին Դուք դարձաք Միացեալ Նահանգների եւ Կանադայի Հայ կաթողիկէ թեմի չորրորդ առաջնորդը եւ Նիւ Եորքի ձեր նստավայրը տեղափոխեցիք Լոս Անջելես. ինչո՞վ էր դա պայմանաւորուած:

ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ՄՈՒՐԱՏԵԱՆ.- Վերջին շրջանում Նիւ Եորքի Հայ կաթողիկէ համայնքը փոքրաթիւ է դարձել, մինչ Լոս Անջելեսում բնակւում է աւելի քան 3000 կաթողիկէ հաւատքի ընտանիք: Նրանց մօտ լինելու հանգամանքով էր պայմանաւորուած աթոռանիստ եկեղեցին փոխադրել, եւ 2012ի Յունուարից ես այստեղ եմ: Միացեալ Նահանգների Արեւմտեան շրջանի Հայ կաթողիկէ համայնքի պաշտօնական կազմաւորումը սկսուել է 1952ին՝ Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԷ Աղաճանեան կաթողիկոս-պատրիարքի նախաձեռնութեամբ: Նոյն տարում, Լոս Անջելեսի արքեպիսկոպոսը Հայ կաթողիկէ համայնքին է տրամադրում Դաունթաունում գտնուող Թագուհի Մարտիրոսաց եկեղեցին, որ վերանորոգումից յետոյ՝ 1956ին պաշտօնապէս բացում է դռները Հայ կաթողիկէ համայնքի առջեւ: Լոս Անջելեսի Հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետի պաշտօնին կոչուած Հայր Ռաֆայէլ վրդ. Մինասեանն էլ 1991ին, իր շուրջն համախմբելով համայնքի գործարար եւ բարերար անհատներին՝ առաջարկում է նոր եկեղեցի կառուցել եւ 2001ին, արդէն Գլենդելում բացւում է Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայ կաթողիկէ եկեղեցին: Մեր թեմի ներքոյ գործում են նաեւ երկու վարժարաններ՝ Մխիթարեան ու Հայ Քոյրերի, որտեղ բացի հիմնական առարկաներից դասաւանդւում է հայոց լեզու, պատմութիւն եւ կրօն: Կաթողիկէ համայնքի հաւատացեալներին Լոս Անջելեսից դուրս հասանելի լինելու համար, մեր վարդապետներն ու քահանաները նաեւ առաքելութիւն են իրականացնում՝ ամիսը մէկ անգամ պատարագ մատուցելով Սան Ֆրանցիսկոյում, Գլենդորայում եւ Սան Դիեգոյում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Եկեղեցուն կից ի՞նչ այլ կազմակերպութիւններ են գործում:
ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ՄՈՒՐԱՏԵԱՆ.- Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայ կաթողիկէ, ինչպէս մեր բոլոր միւս եկեղեցիները, ունեն Հոգաբարձուների խորհուրդ, Տնտեսական յանձնախումբ, Տիկնանց միութեան յանձնախումբ, որ կազմակերպում է տարբեր մշակութային հանդիսութիւններ: Մեր Երիտասարդաց միութիւնն էլ համախմբում է տարբեր տարիքի հայ պատանիների ու երիտասարդների, ովքեր հայեցի եւ հոգեւոր կրթութիւն են ստանում շաբաթուայ վերջին այցելելով եկեղեցի: Նրանք միաժամանակ մասնակցում են եկեղեցու գործունէութեանը՝ օգնելով կազմակերպելու տարբեր ձեռնարկներ: Այս կառոյցների ու նրանցում ներգրաւուած անհատների միջոցով է, որ կարողանում ենք իրականացնել մեր հայապահպանման առաքելութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչ մարտահրաւէրներ կան այսօր Հայ կաթողիկէ համայնքի առջեւ:
ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ՄՈՒՐԱՏԵԱՆ.- Ամենամեծ մարտահրաւէրը երիտասարդներին եկեղեցու հետ մերձեցնելն է: Այսօր, հայ պատանին ու երիտասարդը այնքան զբաղմունքներ

ունեն, որ, ցաւօք, դժուար է նրանց գրաւել դէպի եկեղեցի: Այնինչ, հայ եկեղեցին է տալիս թէ՛ հոգեւոր, թէ՛ ազգային կրթութիւն, եւ անհնար է պատկերացնել, թէ ինչ կը լինի, եթէ հայ ապագայ սերունդները կորցնեն եկեղեցու հետ կապը: Ի լրումն, քիչ է նաեւ հայկական վարժարաններ այցելող հայ աշակերտների թիւը: Այսօր, Լոս Անջելսում բնակուող շուրջ 47 հազար հայ աշակերտներից միայն մօտ եօթ հազարն է յաճախում հայկական դպրոց: Հետեւաբար, մեր գլխաւոր հարցը երիտասարդներն են: Այս առումով, իմ առաջիկայ ծրագրերից է՝ հաւաքել մէկտեղ մեր համայնքի ներքոյ գործող բոլոր եկեղեցիների երիտասարդներին՝ տրամադրելով նրանց միմեանց ծանօթանալու եւ իրար հետ շփուելու հաճելի միջավայր: Միաժամանակ, յորդորում եմ հայ ծնողներին իրենց երեխաներին տանել հայկական դպրոցներ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէս էք ակտիւ կապեր պահպանում Ձեր համայնքի անդամների հետ:
ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ՄՈՒՐԱՏԵԱՆ.- Մեր թեմի գրեթէ իւրաքանչիւր եկեղեցի իր ամսագիրն ունի, որտեղ ամէն ամիս ներկայացւում են հոգեւոր գրութիւններ, տեղեկութիւններ եկեղեցու եւ համայնքի անդամների, մեր ձեռնարկների ու ծրագրերի մասին: Ամսագիրն ունի տպագիր եւ էլեկտրոնային տարբերակ, եւ տեղ գտած նիւթերը դրւում են եկեղեցիների կայքերում, սոցիալական ցանցերում, ինչպէս նաեւ ուղարկւում են անհատապէս մեր համայնքի անդամներին: Ժողովրդի հետ կապն ամրացնում եմ նաեւ յաճախակի այցերով տարբեր քաղաքներ: Իւրաքանչիւր այցիս ժամանակ, մնում եմ տուեալ համայնքում մի քանի օր եւ՝ անձամբ շրջում կաթողիկէ համայնքի հաւատացեալների տները,

անհատապէս ծանօթանում իւրաքանչիւրին, լսում նրանց ու, կարիքի դէպքում, փորձում եմ ամէն կերպ օգտակար լինել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ կաթողիկէ եկեղեցին համագործակցո՞ւմ է հայկական միւս եկեղեցիների եւ կազմակերպութիւնների հետ:
ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ՄՈՒՐԱՏԵԱՆ.- Բոլոր եկեղեցիների համար առաջնային է հայապահպանման խնդիրը եւ սա մեր ողջ համայնքի մտահոգիչ հարցն է, որի համար մշտապէս

պատրաստ ենք համագործակցելու բոլորի հետ: Անշուշտ, յաջորդ հարցը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մեր պահանջն է, եւ պէտք է ձեռք-ձեռքի տանք, որ հասնենք արդարութեանը: Ես Ցեղասպանութեան 100 ամեակի առթիւ ստեղծուած Կենտրոնական յանձնախմբի անդամ եմ եւ մասնակցում եմ աշխատանքներին: Միաժամանակ, որպէս կաթողիկէ համայնք, փորձում ենք հասնել դրան, որ Վատիկանը Ցեղասպանութեան ժամանակ նահատակուած կարգ մը կղերականների եւ աշխարահականների Սուրբ եւ Երանելի ճանաչի: Ինչպէս 2001 թուականին Յովհաննէս Պօղոս Երկրորդը Երանելի հռչակեց Մարտինի շրջանի արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյեաին, եւ Կաթողիկէ եկեղեցում ինքնաբերաբար տեղեկացուեց, թէ ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ անցեալ դարասկզբին: Միւս հարցը, որ այս օրերին յուզում է համայն հայութեանը՝ սիրիահայութեան ապրած տագնապն է: Մենք պէտք է աղօթենք մեր հայրենակիցների համար, բայց միաժամանակ՝ օգնենք նաեւ հնարաւոր այլ միջոցներով: Հայկական այլ կազմակերպութիւնների հետ համագործակցութիւնն ուղղուած է նաեւ Հայաստանի զարգացմանը, Արցախի եւ æաւախքի հարցի լուծմանը:
Այս Էջը Կը Հովանաւորեն
ՎԱՉԷ ԵՒ ՆԱԹԱԼԻ ՇԱՏԱՐԵՒԵԱՆ
—————————————————-
ՎԱՉԷ ԷԼՄԱՃԵԱՆ
Colisee Designs
550 S. Hill St., #945, Los Angeles, CA 90013