
ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Այսօր (Չորեքշաբթի, 27 Մարտ) Րաֆֆի Յովհաննիսեանը յայտարարեց, որ իրենք առաջարկել են ՀՅԴին, որ Երեւանի աւագանու ընտրութիւններին դաշնակցական նախկին պատգմաւոր Լիլիթ Գալստեանը գլխաւորի համամասնական ցուցակը: «Եւ թող ոչ մէկը չասի, որ մենք մինչեւ վերջ չգնացինք միասնական ճակատ ստեղծելու համար, խնդրում եմ», նշել էր Յովհաննիսեանը:
Հարցի վերաբերեալ ՀՅԴ ԳՄն տարածել է Երեւանի աւագանու ընտրութիւններում ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Աղուան Վարդանեանի պարզաբանումը.
Այո, պրն. Յովհաննիսեանը ճիշտ է ասել՝ այդ առաջարկը եղել է: Բայց սա մեր քննարկումների, խորհրդակցութիւնների, բանակցութիւնների մի մասն է միայն: Հարցն ունի նախապատմութիւն: Պէտք է ասել ամբողջը: Եթէ ասում ենք «գիմ»ը, պէտք է արդէն ասած լինենք «այբ»ն ու «բեն»ը:
Ես կը ցանկանամ, որ այս հարցն ամբողջովին յստակ ու պարզ դառնայ, այստեղ որեւէ մէկին մեղադրելու խնդիր չունենք:
Բնականաբար, այս շարժման առաջին օրերից, երբ հրապարակում ելոյթներ էինք ունենում, յայտարարել ենք, որ իբրեւ հանգրուանային լուծում, ելք ամէն ինչ պէտք է անենք, որ միասնական ուժերով գնանք Երեւանի աւագանու ընտրութիւններին եւ յաղթենք: Մեր մօտեցումը եղել է հետեւեալը. Երեւանի աւագանու ընտրութիւնները քաղաքական ընտրութիւններ են, քանի որ քաղաքական կուսակցութիւններն իրենց համամասնական ցուցակներով են մասնակցում, երկրորդ՝ նախագահական ընտրութիւններից յետոյ ստեղծուած մթնոլորտն ինքնին քաղաքականացուած է եւ շատ կարճ ժամանակ է մնացել մինչեւ Երեւանի աւագանու ընտրութիւններ: Բնականաբար ամէն ինչ պէտք է արուի, որ այս շարժումը, այս ոգեւորութիւնն աւելի ընդլայնուի, աւելի ուժեղանայ եւ իբրեւ առաջին հանգրուանային յաղթանակ՝ արձանագրուի Երեւանում: Եւ մենք նոյնիսկ մինչեւ եռակողմ հանդիպումների՝ ՀՅԴ-ԲՀԿ-Ժառանգութիւն ձեւաչափը, խորհրդակցութիւններ ենք ունեցել եւ ԲՀԿի, Ժառանգութեան հետ:
Մենք Ժառանգութեան առաջարկել ենք՝ ամենաճիշտ տարբերակն այն է, որ միասնական ցուցակը գլխաւորի Րաֆֆի Յովհաննիսեանը, մենք պատրաստ ենք լինել երկրորդը: Բայց պրն. Յովհաննիսեանը որոշ տատանումներից յետոյ յստակեցրել է՝ ինքը չի ցանկանում գլխաւորել ցուցակը: Մենք նաեւ փորձել ենք համոզել, ապացուցել, որ միասնական ցուցակ գլխաւորելը չի նշանակում հրաժարուել այս պայքարից, չի նշանակում վերջնականապէս ընդունել նախագահական ընտրութիւնների արդիւնքները: Մենք ունենք անցած աւագանու ընտրութիւնների օրինակը, երբ Լեւոն Տէր-Պետրոսեանը նախագահական ընտրութիւններից յետոյ գլխաւորեց ՀԱԿի ցուցակը, 2012թ.ի խորհրդարանականի ժամանակ էլ ընտրուած գործող նախագահը գլխաւորեց ՀՀԿի ցուցակը:
Այս երկու զուգահեռ գործընթացները միմեանց չեն բացառում, եւ միակ ճիշտ լուծումն այն է, որ ցուցակը գլխաւորի հէնց Րաֆֆի Յովհաննիսեանը, ինչն ինքնին կարող էր նպաստել ոչ իշխանական ուժերի միաւորմանը:
Դրանից յետոյ Ժառանգութիւնն առաջարկել է, որ ցուցակը գլխաւորի Արմէն Մարտիրոսեանը: Մենք ասել ենք՝ ճիշտ լուծում չէ՝ նոյն նկատառումներից ելնելով: Եթէ գնում ենք միասին եւ այս ընտրութիւնները դիտում ենք հանգրուան, պէտք է կուսակցութեան ղեկավարը, առաջնորդը ցուցակը գլխաւորի: Նաեւ ասել ենք՝ եթէ Րաֆֆի Յովհաննիսեանը ինչ-ինչ պատճառներով չի ուզում, ապա երկրորդ ուժի ղեկավարը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը պէտք է գլխաւորի ցուցակը: Սա ոչ թէ ամբիցիայի խնդիր է, այլ քաղաքական պայքար տանելու հանգրուան:
Ցաւօք, մեր գործընկերներն այս տարբերակը չընդունեցին:
Այնուհետեւ, մեր նախաձեռնութեամբ, եղան եռակողմ խորհդակցութիւնները՝ ՀՅԴի, ԲՀԿի եւ Ժառանգութեան ներկայացուցիչների մասնակցութեամբ: Այդտեղ էլ մենք նախ կարեւորել ենք, բացատրել, թէ ինչու ոչ իշխանական ուժերը պէտք է միասին գնան այս ընտրութիւններին: Մենք ասել ենք՝ մեզ համար երկու տարբերակն էլ ընդունելի է՝ 1. ոչ իշխանական ուժերի համատեղ ցուցակը գլխաւորում է Րաֆֆի Յովհաննիսեանը, 2. եթէ ինչ-ինչ պատճառներով նա չի ցանկանում, ապա մեզ համար կարող է քննարկելի, ընդունելի լինել, որ այն գլխաւորի Վարդան Օսկանեանը: ԲՀԿն եւ Ժառանգութիւնն այստեղ համաձայնութեան չեկան: Մենք հասկանում ենք երկուսի փաստարկներն էլ եւ քննադատական կամ մեղադրական որեւէ բան չենք ասում: Բնականաբար, Ժառանգութիւնը մտածում է, որ այսօր ընդդիմութեան հիմնական համախմբման դերակատարը Րաֆֆի Յովհաննիսեանն է, հսկայական ձայներ են հաւաքել եւ իրենք պէտք է լինել առաջինը: ԲՀԿն էլ ասում է, որ սրանք միակ ընտրութիւնները չեն, եղել են խորհրդարանական ընտրութիւններ, որի արդիւնքները կան, ԱԺն ԲՀԿում ունի 30ից աւել պատգամաւոր, իսկ Ժառանգութիւնը՝ 3 կամ 5 պատգամաւոր:
Ինչեւէ, դրանից յետոյ մենք նորից ենք շարունակել բանակցութիւնները Ժառանգութեան հետ եւ պնդել մեր համոզումը, մեր տեսակէտը, որ ճիշտը Րաֆֆի Յովհաննիսեանի գլխաւորելն է: Յետոյ, երբ արդէն պարզ էր, որ ՀՅԴն գնալու է առանձին եւ ցուցակը գլխաւորելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, մեզ առաջարկութիւն է եղել՝ պրն. Յովհաննիսեանն ասում է թող ցանկը գլխաւորի Լիլիթ Գալստեանը: Մենք ասել ենք՝ Լիլիթ Գալստեանը մեր ընկերուհին է, Երեւանի հարցերով բազմիցս ելոյթներ է ունեցել, բայց մեր սկզբունքը հետեւեալն է՝ սա քաղաքական պայքար է, եւ քաղաքական առաջնորդները պէտք է ղեկավարեն, սա պէտք է լինի քաղաքական, այլ ոչ թէ քաղաքացիական նախաձեռնութիւն: Մենք նորից պնդել ենք մեր առաջարկութիւնը՝ Րաֆֆի Յովհաննիսեանը գլխաւորի ցուցակը: Բացի այդ մենք Ժառանգութեանը նաեւ ասել ենք՝ մենք յարգում ենք ձեր տեսակէտը, գնահատում ենք Րաֆֆի Յովհաննիսեանի դերը, բայց որեւէ մէկը չի կարող ՀՅԴին թելադրել, թէ դաշնակցականներից ով լինի ցանկում:
Պրն. Յովհաննիսեանն այսօրուայ իր ասուլիսում ասել է նաեւ, թէ իբր իրենք միակն են, որ վերկուսակցական ցանկ են կազմել, ու վեր են կանգնել նեղ կուսակցական շահերից: Շատ լաւ է, շատ գնահատելի, բայց որեւէ մէկը նեղ կուսակցական շահերով չի առաջանորդուել, այլ առաջիկայ ընտրութիւնների բնոյթով. սա քաղաքական ուժերի ընտրապայքար է: Երեւանի օրէնքն իր բնոյթով կուսակցութիւնների համամասնական ցուցակների ընտրութիւն է՝ քաղաքականն ու քաղաքացիականը հակադրելը ճիշտ չէ ու կոռեկտ էլ չէ: Մենք ամբիցիա չենք դրսեւորել, մենք ունեցել ենք յստակ փաստարկներ եւ ինչպէս յարգում ենք իրենց փաստարկները, անկնկալում ենք, պահանջում, որ իրենք էլ յարգեն մեր փաստարկները:
Ցաւօք, ունենք այն ինչ ունենք: Բայց սա արդէն անցած փուլ է: Հիմա պէտք է կենտրոնանալ, որ ոչ իշխանական ուժերը համախմբուեն օրինական ընտրութիւններ ապահովելու համար եւ մտածեն յետընտրական դաշինք ձեւաւորելու մասին: Բազմիցս ասել եմ նաեւ, որ գուցէ վատ չէ, որ իւրաքանչիւր ուժ առանձին մասնակցի եւ առաւելագոյն ձայներ հաւաքի:
Լիլիթ Գալստեանի հետ կապուած. վստահ եմ՝ մեր հասարակութիւնը, լրագրողները յիշում են, երբ ակնյայտ է, որ ՀՅԴն գնալու է առանձին, մամուլում էլ գրուեց, որ մեր ցանկի առաջին համարներից մէկը լինելու է Լիլիթ Գալստեանը, ցաւօք վերջին պահին նա, թերեւս, անձնական, կամ ինչ որ այլ մօտեցումների պատճառով չհամաձայնուեց լինել Դաշնակցութեան ցանկում՝ փորձելով իրեն հեռու պահել քաղաքական այս պայքարից: Իր անձնական խնդիրն է: