ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Միացեալ Նահանգների դաշնային նախահաշուի պակասորդը աւելի քիչ է, քան նախատեսւում էր 2013 թուականի ֆինանսական տարուայ համար: Այսպիսի յուսադրիչ սահմանում է կատարուել երկրի Կոնգրեսի նախահաշուային յատուկ յանձնաժողովի կողմից: Պարզւում է, թէ նախատեսուած 845 միլիարդ դոլարի նախահաշուային բացի փոխարէն ընթացիկ ֆինանսական տարին կ՛ունենայ 642 միլիարդ դոլարի բաց: Մօտաւորապէս 200 միլիարդ դոլարի խնայողութիւնը շատերի աչքին չնչին գումար կը թուայ՝ երկրի մասշտաբով, սակայն սա զգալի առաջխաղացում է համարւում, նկատի ունենալով համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացիկ տնտեսական «աւերիչ» հետեւանքները: Այսպիսի արդիւնքը հետեւանք է մի քանի պատճառների:
Նախ՝ հարկերի մուտքը այս տարի շատ աւելի էր, քան սպասւում էր: Անհատ եւ կորպորատիւ (ընկերութիւնների-Խմբ.) հարկերը գերազանցել են երեք ամիս առաջ կանխատեսուած ցուցանիշը աւելի քան 105 միլիարդ դոլարով: Իրավիճակը աւելի բարւոք է համարւում «Մեդիքեր», «Մեդիքէյդ» եւ «Սոցիալական ապահովագրութիւն» ծրագրերի սահմաններում, քանի որ աւելի քիչ թուով անձիք են նախատեսւում ներգրաւուել այս ծրագրերում:
«Ֆենի Մէյ» եւ «Ֆրեդի Մեք» կալուածքի առեւտրով զբաղուող պետական ընկերութիւնների հաշուապահութեան բարեփոխումների արդիւնքում երկրի գանձարանը համալրուել է լրացուցիչ գումարներով, որ սպասուածից աւելի էր:
Այս եւ մի քանի այլ պատճառներով 2014ից 2023 թուականների նախահաշուային ընդհանուր բացը կը կազմի մօտաւորապէս 6,3 տրիլիոն դոլար, որը մօտաւորապէս 618 միլիարդ դոլարով աւելի պակաս է, քան նախատեսւում էր ընդամէնը մի քանի ամիս առաջ: Ինչպէս ասացի, պատկերը յուսադրող է, սակայն ամէն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ, եթէ երկրի ու միջազգային տնտեսութեան վիճակը վատթարանայ, մի բան՝ որ ոչ ոք ստոյգ կանխատեսել չի կարող: Յանձնաժողովի տուեալների համաձայն, առաջիկայ երկու տարիների ընթացքում նախահաշուի կանխատեսուած բացը կը նուազի, իսկ 2015 թուականից սկսեալ այն նոր թափ կը հաւաքի, դժուարացնելով իրավիճակը: Այս հանգամանքը հիմնականում կապում են այսպէս կոչուած «բէյբի բումըրներ»ի զանգուածային հանգստի կոչուելու հանգամանքով, որի հետ կ՛աւելանան առողջապահական ծախսերն ու պետութեան կողմից ստանձնած պարտաւորութիւնները: Սակայն հնարաւոր է, որ աւելի վառ պատկեր տեսնենք, եթէ ամերիկեան տնտեսութիւնը սպաս-ուածից աւելի լայն թափով զարգանայ: Բանն այն է, թէ համաշխարհային տնտեսութիւնը նկատելի ու աննկատ թելերով կապուած է, ու մի երկրի տնտեսութեան թէկուզ եւ ժամանակաւոր խափանումը կարող է իր հետ ջուրը նետել մի քանի այլ երկրների նկրտումները իրավիճակը բարելաւելու առումով: Օրինակ, այս շաբաթավերջին տեղեկացանք, որ Եւրոպայի երկրորդ ամենախոշոր տնտեսութիւնը, ֆրանսիականը, պաշտօնապէս նոր ճգնաժամի մէջ է յայտնուել, քանի որ այն հետընթաց է գրանցել: Սա բօթաբեր լուր է առաջին հերթին եւրոպական երկրների համար, եւ կարող է ազդել նաեւ Միացեալ Նահանգների եւ Չինաստանի տնտեսական աճի վրայ, քանի որ վերջին երկու երկրները իրենց ապրանքներն իրացնում են հիմնականում Եւրոպայում:
Գնողունակութեան նուազումը Եւրոպայում անպայմանօրէն իր բացասական հետեւանքները կ՛ունենայ աշխարհի առաջին եւ երկրորդ տնտեսութիւնների զարգացման վրայ, ուղղակիօրէն ազդելով մեր կենսամակարդակի վրայ: Եւրոպական ամենահզօր տնտեսութիւնը՝ գերմանականը, նոյնպէս ետընթաց է գրանցել: Իտալիան եւ Իսպանիան օրհասական վիճակում են այս առումով: Միակ խոշոր տնտեսութիւնը, որ դրական արդիւնք է գրանցել Եւրոպայում՝ Մեծ Բրիտանիայի տնտեսութիւնն է: Անգլիացիների «հեռատեսութիւնը»՝ հեռու մնալ եւրագօտու ընդհանուր տնտեսութիւնից իր արդիւնքներն է տալիս ներկայումս: Ինչպէս բազմիցս նշել եմ, տնտեսական պատկերը ուղիղ համեմատականօրէն կապուած է քաղաքական զարգացումների հետ: Եւրոպայի համեմատաբար դժգոյն պատկերի կողքին «փայլում է» թրքական տնտեսութեան զարգացման հեռանկարը: Ամերիկեան հեղինակաւոր «Մուդիս» վարկանիշային ընկերութիւնը մէկ աստիճանով բարձրացրել է Թուրքիայի տնտեսական վարկանիշը, որ կարող է գրաւել ներդնողներին: Այս շաբաթուայ ամերիկայի եւ թուրք նախագահների հանդիպման ընթացքում նախագահ Օբաման յայտարարել է, թէ բարձրագոյն մակարդակով մի յանձնաժողով է ստեղծուելու, Միացեալ Նահանգների եւ Թուրքիայի առեւտուրը աշխուժացնելու պատրուակով: Վերջին 4 տարիների ընթացքում Միացեալ Նահանգները կրկնապատկել է ապրանքների արտահանումը Թուրքիա: 10 տարի առաջ Թուրքիայի հետ կատարուած առեւտուրը կազմում էր 8 միլիարդ դոլար, այսօր այն կազմում է մօտաւորապէս 20 միլիարդ դոլար, եւ նախագահները պայմանաւորուել են աւելի հուժկու թափով զարգացնել առեւտրի ծաւալը: Մօտաւորապէս 90 մարդուց բաղկացած շքախմբով Թուրքիայի նախագահը պատրաստւում է այցելել Կալիֆորնիայի Սիլիկոն Հովիտը, որն աշխարհում յայտնի է որպէս նոր տեխնոլոգիաների ստեղծման օրրան: Հաճոյախօսութիւններից հեռու չի մնացել նաեւ æոն Քերին, ով կարեւորել է այն հանգամանքը, թէ հազարաւոր թուրք ուսանողներ են այսօր սովորում Միացեալ Նահանգներում, եւ նրանց թիւը գնալով աճում է: Նա նոյնիսկ կատակեց, թէ իր հարազատ Բոստոնը շատերն անուանում են Բոստոնբուլ (համահնչիւն՝ Ստամբուլի հետ), քանի որ հէնց այստեղ են տեղակայուած ամերիկեան բազմաթիւ նշանաւոր համալսարաններ, եւ այնտեղ սովորող բազմաթիւ թուրք ուսանողներ են ապրում: Քերին աւարտեց իր խօսքը թրքերէնով՝ «Dag daga kavusmaz, insan insana kavusur», որ նշանակում է՝ սարը սարին չի միանում, մարդը մարդուն միանում է, որ հաւանաբար մօտ է հայկական տարբերակին՝ սարը սարին չի հանդիպում, մարդը մարդուն հանդիպում է: Տեսնո՞ւմ էք, թէ որ ուղղութեամբ է շարժւում իրադարձութիւնների յորձանուտը Ցեղասպանութեան Հարիւրամեակին ընդառաջ: Ինչպիսի՞ մարտավարութիւն կամ ծրագրեր են իրականացնելու հայրենի եւ սփիւռքեան քաղաքական եւ տնտեսական շրջանակները՝ մեր Դատին տէր կանգնելու համար: