ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
2012թ. Օգոստոսի 7-8ին, Մոսկուայում ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումից յետոյ Սերժ Սարգսեանը, յատուկ անդրադառնալով Հայաստան մատակարարուող գազի սակագնին, նշել էր. «Կարծում եմ՝ դրա ձեւաւորման սկզբունքների հարցում փոխըմբռնման ենք հասել: Այն պէտք է բխի գազի շուկայական իրական գնից, բազմապատկած կամ բաժանած, ինչպէս ցանկանում էք, Հայաստանի բնական գազի կարիքները յարաբերակցելով տարածաշրջանային գներին՝ պահպանելով Հայաստանի տնտեսութեան արդիւնաւէտութիւնը»: Այսինքն՝ դեռեւս անցած տարուայ Օգոստոսին Սերժ Սարգսեանն անուղղակի խոստովանել էր, որ գազի թանկացումն այլընտրանք չունի, որ ռուսական կողմն այս հարցում զիջման չի գնացել, այսինքն՝ Հայաստանը պէտք է հաշուի առնի ստեղծուած նոր իրողութիւնը:
Դրանից յետոյ միակ հարցը, որ կարող էր լինել հայ-ռուսական բանակցութիւնների օրակարգում, այն էր, թէ ինչ չափով կը բարձրանայ գազի սակագինը Հայաստանի սահմանին: Եւ չնայած դրան՝ այս տարուայ Մարտին նախագահ Սերժ Սարգսեանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բառացիօրէն ասաց հետեւեալը. «Կարող է թանկանալ, կարող է եւ չթանկանալ»: Այսինքն՝ ներքին սպառողներին խնդիրը մատուցուեց ոչ թէ Մոսկուայում կայացուած համաձայնութեան, այսինքն՝ գնի բարձրացման անխուսափելիութեան լոյսի ներքոյ, այլ թանկացումը թոյլ չտալու, որն այլեւս հնարաւոր չէր:
Թէ ինչո՞ւ էր նախագահը նման կերպ մեկնաբանում իրավիճակը Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի մեկնարկից օրեր առաջ, թերեւս աւելորդ բացատրութիւնների կարիք չունի: Սակայն բոլոր դէպքերում ակնյայտ էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցութիւնները տեղափոխուել են նոր սակագնի որոշման հարթութիւն:
Այս տարուայ Ապրիլին Ծաղկաձորում կայացած Եւրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրէնսդրութեան, Բանկերի եւ ֆինանսների կոմիտէի հերթական նիստի ժամանակ «Գազպրոմ» ԲԲԸի ֆինանսատնտեսական դեպարտամենտի (բաժանմունքի-Խմբ.) փոխտնօրէն Ալեքսանդր Դուշկօն «ԱՌԿԱ» գործակալութեան հետ ունեցած զրոյցում յայտարարել էր, թէ նոր գնի շուրջ բանակցութիւնները շարունակւում են, եւ դեռեւս դժուար է ասել՝ երբ դրանք կ՛աւարտուեն: Մայիսի 14ին «Հայռուսգազարդ»ի կողմից գազի սակագինը վերանայելու վերաբերեալ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովին դիմելու փաստն արձանագրեց, որ այդ բանացկութիւններն աւարտուել են: Ըստ էութեան՝ կողմերը կանգ են առել Հայաստանի սահմանին 1000 խմ. գազի գինը 180ի փոխարէն 270 դոլար սահմանելու, այսինքն՝ մօտաւորապէս 67 տոկոսով բարձրացնելու վրայ: Սա փաստացի նշանակում է, որ Հայաստանը տանուլ է տուել նաեւ նոր սակագնի շուրջ ընթացող բանակցութիւններում կամ առնուազն չի կարողացել համոզել իր ռազմավարական գործընկերը հանդիսացող երկրին աւելի մեծ զիջումների գնալ:
Ուշագրաւն այն է, որ ո՛չ հայկական եւ ոչ էլ ռուսական կողմերն առ այսօր որեւէ բացատրութիւն չեն ներկայացրել, թէ ինչով է պայմանաւորուած նոր սակագնի չափը, որքանով է այն օպտիմալ (նպատակայարմար-Խմբ.) եւ, որ ամենակարեւորն է, ինչու հնարաւոր չէր աւելի ցածր սակագին սահմանել: Մինչդեռ շան գլուխը, ինչպէս ասում են, թաքնուած է հէնց այս վերջին հարցի տակ: Խնդիրն այն է, որ գազամատակարարումը եւ, յատկապէս, դրա գնային սակարկութիւնները ռուսական կողմի համար ոչ թէ տնտեսական, այլ քաղաքական կատեգորիա է եղել միշտ: Եթէ այդպէս չլինէր, գազի սակագնի վերանայումը ոչ թէ տեղի կ՛ունենար երկու երկրների նախագահների մակարդակով, այլ՝ «Գազպրոմ»ի եւ ՀՀ կառավարութեան: Էներգետիկ ռեսուրսների գնային քաղաքականութիւնը Մոսկուայի համար առաջին հերթին իր գործընկերներից քաղաքական զիջումներ կորզելու գործիք է, որը կիրառում է թէ ԱՊՀի եւ թէ ԵՄ երկրների հետ յարաբերութիւններում:
Հետեւաբար, ողջ հարցն այն է, թէ ինչ է ակնկալել Ռուսաստանը Հայաստանից եւ որքանով է բաւարարուել այդ ակնկալիքը՝ նման գնի շուրջ պայմանաւորուածութեան յանգելու պարագայում: Հայաստանի համար նման թանկացումը սոցիալական չափազանց ծանր հետեւանքներ է ուենալու: Այս հանգամանքն անտեսելը նշանակում է, որ Ռուսաստանը մեծ հաշուով իր քաղաքական ակնկալիքներում մնացել է չբաւարարուած, ինչը եւ ստիպել է չգնալ էական զիջումների: Ուշագրաւ է երէկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի արած այն յայտարարութիւնը, թէ Հայաստանը պատրաստւում է միջազգային պարտատոմսեր թողարկել, ինչը թոյլ կը տայ Հայաստանին վճարել Ռուսաստանի պարտքը: Սա նշանակում է, որ իշխանութիւնները փորձում են հնարաւորինս թուլացնել Ռուսաստանի տնտեսական ճնշումները, եւ սա վերածւում է Հայաստան-Ռուսաստան տնտեսա-քաղաքական օրակարգի ամենակարեւոր կէտերից մէկը: Չի կարելի բացառել, որ Հայաստանին ներկայացուած Ռուսաստանի հիմնական պահանջները վերաբերել են Եւրոմիութեան հետ յարաբերութիւնները խորացնելու ծրագրերից կտրուկ հրաժարուելու պահանջին: Այս տարի Նոյեմբերին Վիլնիուսում կայանալիք Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովին պլանաւորւում է Հայաստան-ԵՄ ասոցացման, ինչպէս նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը: Ընդամէնը մէկ ամիս առաջ ՀՀ կառավարութիւնը Եւրասիական տնտեսական յանձնաժողովի հետ կնքեց յուշագիր Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միութեան հետ համագործակցութեան վերաբերեալ: Սակայն ԵՄի հետ այս երկու համաձայնագրերի ֆօնին դա գործնական ոչ մի նշանակութիւն ու հետեւանքներ չի կարող ունենալ, ինչն էլ, ըստ էութեան, նեարդայնացնում է Ռուսաստանին՝ ստիպելով իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ կիրառել գազային մտրակը: Փաստացի Մոսկուային չեն բաւարարում անգամ նախագահի մակարդակով Հայաստանի կողմից տրուող այն հաւաստիացումները, թէ Հայաստանն իրականում կողմնորոշուած է դէպի եւրասիական ինտեգրման գործընթացները, եւ դրանում այլընտրանք լինել չի կարող: Ռուսաստանին ոչ թէ խօսքերն են հետաքրքրում, այլ կոնկրետ քայլերը, որոնք նա, կարծես, չի տեսնում:
Եթէ նկատի առնենք, որ ԵՄն Հայաստանի հետ յարաբերւում է «Աւելին աւելիի դիմաց» սկզբունքով, ապա չի կարելի բացառել, որ ռուսական գազով պայմանաւորուած սոցիալ-տնտեսական ճնշումները յաղթահարելու համար Հայաստանը ստիպուած կը լինի ֆինանսական օգնութեան դիմել ԵՄին եւ աջակցութիւն ստանալ: Հակառակ դէպքում ընդհանրապէս պատկերացնելի չէ, թէ ինչ միջոցներով է կառավարութիւնը պլանաւորում սուբսիդաւորել (սակագինէն մաս մը իր վրայ առնել-Խմբ.) գազի թանկացումը սոցիալապէս անապահով ընտանիքների համար այն դէպքում, երբ գտնւում է արտաքին պարտքի մարման ամենածանր փուլերից մէկում: