ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– 21 Մայիսին Բրիտանիա տուած այցելութեան ծիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան Հայաստանի արտաքին քաղաքականութեան մասին ծաւալուն ելոյթով հանդէս եկած է Օքսֆորտի համալսարանին մէջ. ներկայ էին հեղինակաւոր կրթօճախի դասախօսներ, ուսանողներ, փորձագէտներ ու վերլուծաբաններ:
Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ ծառայութեան կողմէ փոխանցուած տեղեկութիւններուն համաձայն, Նալբանդեան իր ելոյթին եւ հարցումներուն տուած պատասխաններուն ընդմէջէն ներկայացուցած է հայ-բրիտանական յարաբերութիւնները, Միացեալ Թագաւորութիւն տուած իր այցելութեան նպատակներն ու արդիւնքները, Եւրոպայի խորհուրդին մէջ Հայաստանի նախագահութեան առաջնահերթութիւնները, յետխորհրդային տարածքին մէջ տեղի ունեցող համարկման գործընթացները, Հայաստան-Եւրոպական Միութիւն համագործակցութիւնը, միջազգային եւ տարածաշրջանային կարգ մը խնդիրներու առնչութեամբ Հայաստանի մօտեցումները:
Անդրադառնալով արցախեան հիմնախնդրին՝ Էդուարդ Նալբանդեան ըսած է. «1991ի Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում անկախութեան հռչակագիր ընդունուեց, որը հաստատուեց Դեկտեմբերին համաժողովրդական հանրաքուէի արդիւնքում, ինչը լիովին համահունչ էր Խորհրդային Միութեան գործող օրէնսդրութեանը: Այս առիթով կարելի է յիշատակել Եւրախորհրդարանի կողմից ընդունուած համապատասխան բանաձեւը, որտեղ նշւում էր, որ Լեռնային Ղարաբաղն անկախութիւն է հռչակել խորհրդային միւս հանրապետութիւնների, ներառեալ՝ Ադրբեջանի կողմից արուած նոյնանման հռչակագրով: Ի պատասխան, պաշտօնական Բաքուն հայերի դէմ ձեռնարկեց կոտորածներ, էթնիկ զտումներ, նաեւ սկսեց լայնածաւալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դէմ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպութիւնների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնութեամբ:
«Նախքան հրադադարի հաստատումը, 1993ին ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդն 4 բանաձեւ ընդունեց (822, 853, 874, 884), որոնց հիմնական պահանջն էր՝ դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ հաստատել տեւական զինադադար: Ադրբեջանը իւրաքանչիւր բանաձեւի ընդունումից յետոյ հրաժարւում էր կատարել հիմնական պահանջը, չնայած ձախողումներին՝ յամառօրէն շարունակում էր ռազմական գործողութիւնները:
«1994ի Մայիսին Ռուսաստանի միջնորդութեամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ զինադադարի մասին համաձայնութիւն ձեռք բերուեց, որին միացաւ նաեւ Հայաստանը: 1995ի Փետրուարին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ձեռք բերուեց զինադադարի ամրապնդման մասին նոր պայմանաւորուածութիւնը, որին Հայաստանը նոյնպէս միացաւ, սակայն այդ պայմանաւորուածութիւնը Ադրբեջանը մինչ օրս չի յարգում:
«1997ից բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսիայի միջնորդական առաքելութեան շրջանակում:
«Միջազգային հանրութեան կողմից ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման միջնորդութեան մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նշանակալի ջանքեր են գործադրում երկու հիմնական ուղղութեամբ.
«- հիմնախնդրի կարգաւորման հիմնարար սկզբունքների մշակում,
«- վստահութեան ամրապնդման միջոցների ձեռնարկում։
«2007թ. Նոյեմբերին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում համանախագահները կողմերին ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հիմնարար սկզ-բունքները, որոնք յայտնի են որպէս «Մադրիդեան առաջարկներ»:
«Շուրջ մէկ տարի շարունակ Ադրբեջանը մերժում էր անգամ այդ փաստաթղթի գոյութիւնը եւ փորձում էր հիմնախնդրի լուծումը տեղափոխել այլ ատեաններ: Մասնաւորապէս 2008թ. Ադրբեջանը բանաձեւ ներկայացրեց ՄԱԿի Գլխաւոր ասամբլէային, որն արտացոլում էր հիմնախնդրի վերաբերեալ ադրբեջանական խեղաթիւրուած տեսակէտը: Բանաձեւն ընդունուեց ՄԱԿի անդամ 192 երկրներից միայն 39ի ձայներով (հիմնականում Իսլամական կոնֆերանս կազմակերպութեան անդամ երկրների կողմից): Երեք համանախագահ երկրները՝ Միացեալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, դէմ քուէարկեցին, իսկ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ ներառեալ Միացեալ Թագաւորութիւնը չսատարեցին այդ բանաձեւին:
«2009ին Լաքուիլայում, 2010ին Մուսկոկայում Մեծ ութնեակի գագաթաժողովների շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները յայտարարութիւններ ընդունեցին, որտեղ հրապարակայնացուեցին նրանց կողմից առաջարկուած հիմնախնդրի կարգաւորման հիմնական սկզբունքներն ու տարրերը:
«2011ին Դովիլում եւ 2012ին Լոս Կաբոսում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ համանախագահ երկրների ղեկավարները իրենց կողմից ընդունուած յայտարարութիւններում վերահաստատեցին իրենց նախորդ յայտարարութիւնները՝ ընդգծելով բացառապէս խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգաւորման անհրաժեշտութիւնը:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերեալ յայտարարութիւններ են ընդունուել 2008թ. Հելսինկիի, 2009թ. Աթէնքի, 2010թ. Ալմաթիի, 2011թ. Վիլնիւսի, 2012թ. Դուբլինի ԵԱՀԿ նախարարական համաժողովների եւ 2010թ. Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում:
«Հայաստանը ողջունել է վերոնշեալ բոլոր յայտարարութիւնները եւ պատրաստակամութիւն յայտնել հասնելու հիմնախնդրի կարգաւորմանը՝ այդ յայտարարութիւններում տեղ գտած՝ ըստ եռանախագահների, մէկ ամբողջութիւն կազմող առաջարկների հիման վրայ:
«Ի տարբերութիւն Հայաստանի, Ադրբեջանը մինչ օրս երբեք չի ընդունել կարգաւորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը որպէս մէկ ամբողջութիւն: Առաջարկութիւններն ընդունելու փոխարէն Բաքուն պարզունակ փորձեր է կատարում յղում անել միայն վերոյիշեալ յայտարարութիւններում տեղ գտած ստատուս-քուոյի անընդունելիութեան մասին ձեւակերպմանը: Եթէ Ադրբեջանն իսկապէս դէմ է ստատուս- քուոյի պահպանմանը, ուրեմն վաղուց պէտք է ընդունէր եռանախագահների կողմից արուած առաջարկութիւնները…
«Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգաւորման սկզբունքների բոլոր տարբերակները, մասնաւորապէս ներկայացուած վերջին՝ Կազանի գագաթաժողովում (2011թ. Յունիս), ինչպէս նաեւ Սոչիի (2011թ. Մարտ), Աստրախանի (2011թ. Հոկտեմբեր), Սանկտ-Պետերբուրգի (2010թ. Յունիս) հանդիպումներում եւ այլն: Ադրբեջանական կողմը ձեւացնում է թէ իբր ընդունել է 2009թ. Դեկտեմբերին առաջարկուած տարբերակը, այն կոչելով միակ «թարմացուած» տարբերակ: Կարող է տպաւորութիւն ստեղծուել, որ միւս տարբերակները հնացած տարբերակներ են: Բայց պէտք է յիշատակել, որ անգամ 2009թ. տարբերակի վերաբերեալ Ադրբեջանը ունէր մի շարք վերապահումներ եւ փոփոխութիւններ, ինչպէս դա եղել է այլ բոլոր տարբերակների պարագայում:
«Բաքուն մերժել է ոչ միայն կարգաւորման սկզբունքների առաջարկները, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացուած եւ միջազգային հանրութեան լիակատար աջակցութիւնը վայելող վստահութեան ամրապնդման միջոցները՝ մասնաւորապէս զինադադարի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների դուրս բերում, զինադադարի խախտումների հետաքննութեան մեխանիզմի ստեղծում:
«Ադրբեջանը հրաժարւում է ընդունել ոչ միայն առաջարկուած վստահութեան ամրապնդման միջոցները, այլ նաեւ պարբերաբար սադրանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին, որոնք սրում են իրավիճակը եւ նոր մարդկային կորուստների են յանգեցնում:
«Թէեւ կողմերին արուող համանախագահների շարունակական կոչերին՝ խաղաղութեան եւ ոչ պատերազմի պատրաստել իրենց երկրների բնակչութեանը, Ադրբեջանի իշխանութիւնները պետական ամենաբարձր մակարդակով շարունակում են սպառազինութիւնների մրցավազքը, պատերազմի սպառնալիքները, ռազմատենչ յայտարարութիւնները եւ ատելութիւն սերմանող այլատեացութեան հռետորաբանութիւնը, սադրիչ գործողութիւնները:
«Ամենացինիկ սադրանքը, որը տեղի ունեցաւ անցեալ տարուայ Օգոստոսին, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Հունգարիայից էքստրադիցիայից յետոյ, պաշտօնական Բաքուի կողմից ազատ արձակելն ու հերոսացնելն էր:
«Բոլորովին վերջերս Ադրբեջանը պետական մակարդակով հալածանքների ենթարկեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին այն պատճառով, որ նա իր վէպում անդրադարձել էր Ադրբեջանում հայերի հանդէպ իրագործուած կոտորածներին: Այլիսլիի գրքերն հրապարակային այրեցին: Պարգեւ խոստացուեց նրա ականջը կտրողին: Գրողը ստիպուած եղաւ ապաստան փնտրել Ադրբեջանի սահմաններից դուրս», եզրափակած է Նալբանդեան։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.