ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ

Երբ Ջանբազեան պարի ակադեմիայի պարուսոյց եւ գեղարուեստական բաժնի պատասխանատու, արուեստագետուհի Աննա Ջանբազեանը հեռաձայնեց — հրաւիրեց իր տարեկան համոյթին, զարմացայ… Զարմացայ նրա կարողութեան, առողջ ու դրական մօտեցման եւ ինքնակառավարման ու նպատակասլաց գործունէութեան, հետեւողականութեան վրայ, որովհետեւ հազիւ 4 ամիս էր անցել Դեկտեմբեր 26, 2012 թուից, երբ Աննա Ջանբազեանի սիրասուն եղբայրը իր մահկանացուն էր կնքել, անակնկալ հիւանդութիւնից յետոյ: Քարացայ մի պահ… եւ յետոյ, իմ մէջ արթնացաւ դրական մտածելակերպը՝ ցաւին ու կեանքի դժուարութիւններին, ողբերգութիւններին դիմակայելու եւ լիարժէք ապրելու կենսաոճը: Հանդէսի աւարտին, հիացական ու յուզական զգացումներով ընկայ մտորումների գիրկը… դիւրին չէր արտայայտուելը:
Աննա Ջանբազեանը նոր դէմք չէ մեզ համար, բազմիցս ըմբոշխնել ու ներկայ ենք եղել Ջանբազեան պարի ակադեմիայի բազմաոճ եւ բարձրորակ բեմադրութիւններին: Աննա Ջանբազեանի ամէն մի բեմադրութիւն, պարական շարժում,

սկսեալ առաջին քայլից, ծնունդ է առնում նրա ստեղծագործ մտքից եւ ապա՝ կերտւում ու մարզւում է բծախնդրութեամբ, արհեստավարժ տեխնիկայով: Նրա մտապարագծերը միշտ նորոյթ են եւ նրա մօտ բացառւում են ընդօրինակութիւնները: Ջանբազեան ակադեմիայի նպատակն է ստեղծել առողջ ու ապահով մթնոլորտ, դրական մտածելակերպ, զարգացնել, արթնացնել անհատի երեւակայութիւնը, հաղորդասէր դարձնել նրան պարական շարժումներին, բեմական օրէնքներին ու ներկայացման. սերմանել ընկերասիրութիւնը, յարգալից վերաբերմուքը, ինքնակառավարումը, պատասխանատուութեան զգացումը, կարգապահութիւնը եւ, ամենակարեւորը՝ խմբակային աշխատելու արուեստը. մարզել եւ զարգանալ աստիճանաբար՝ աշակերտի տարիքի, մտային եւ հոգեկան կարողութեան համապատասխան, եւ նրանց մարզել արուեստագէտի ու պարողի արհեստավարժ հիմունքներով:
Թեհրան՝ Իրանից մինչեւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ, աւելի քան կէս դար, Ջանբազեան ընտանիքը՝ Սարգիս Ջանբազեան, Ֆլոր, Աննա եւ Ալբերթ Ջանբազեանները, մէկը միւսին թիկունք են կանգնել: Աննա Ջանբազեանը իր առաջին պարային քայլերը սկսել է իր հօր՝ Սարգիս Ջանբազեանի հետ: Սարգիս Ջանբազեանի մահուանից յետոյ, իր դուստրը՝ Աննան, Ալբերթը եւ Ֆլոր Ջանբազեանները շարունակեցին գործը ու քայլ առ քայլ, ընտանեօք փայփայեցին ու զարգացրին պարային դպրոցը. դժուար էր պատկերացնել համոյթ առանց Ալբերթի:
Երկու խօսք Ալբերթ Ջանբազեանի յիշատակին.
«Ես կ՛առողջանամ եւ կը քայլեմ», ասաց Ալբերթ Ջանբազեանը, դեռ վաղ տարիքում, երբ polio (Մանկական ողնուղեղային լուծանք) հիւանդութեամբ գամուած էր անկողնում: Պայքարեց, այն էլ բնութեան դէմ, եւ յաղթահարեց: Քայլեց, ստեղծագործեց, ամուսնացաւ եւ բախտաւորուեց 2 երեխաներով՝ աղջիկ ու տղայ: Նա տաղանդաւոր էր, ուժեղ, համարձակ, հիւմորով, լաւ զաւակ, անփոխարինելի եղբայր, նուիրուած ամուսին եւ ազնիւ հայր: Ալբերթը ընկերասէր էր, ստեղծագործ, տաղանդաւոր արուեստագէտ, սիրում էր նկարել, զբաղւում էր արձանագործութեամբ ու նաեւ վարպէտ էր լուսանկարչական գործում: Նա միշտ իր քրոջ՝ Աննա Ջանբազեանի կողքին ձեւաւորում ու ղեկավարում էր Ջանբազեան ակադեմիային առնչուող բոլոր աշխատանքները: Սիրուած էր բոլորիս կողմից:
Աննա Ջանբազեանը յայտագրում զգացական եւ փիլիսոփայական խորիմաստ տողեր էր նուիրել եղբօր յիշատակին: Թարգմանաբար մի քանի խօսք յիշատակում եմ անգլերէն յայտագրից. «Նա սիրում էր ապրել, նա գնաց նախքան մենք պատրաստ էինք ցտեսութիւն ասելու իրեն… Բայց մենք կամաց-կամաց սկսեցինք յիշել ոչ թէ նրա մահը՝ այլ նրա կեանքը, որ ապրեց եւ մեզ պարգեւեց գեղեցիկ ու անմոռանալի յիշատակներ»:
Ահա Կեանքի պարը… Պարը գնդերի շարժում է, զգացումները ինչ ուղղութեամբ որ ընթանան, պարն էլ նոյն արտայայտութեամբ է երեւան գալիս: Պարը ամենահիմնական նշանակութիւն ունեցող երեւոյթն է. ամէն գեղարուեստ պարի մէջ է պարփակւում: Ամէն կեանքի մէջ պար կայ. արդէն ամբողջ տիեզերքի կեանքը պար չէ՞: Եւ պարի ամենահասարակ ձեւն է ընտանեկան պարը, որի մէջ միտք, զգացում է ցոլում: Աննա Ջանբազեանը թէ՛ բառային եւ թէ պարային շարժումներով ներկայացրեց սքանչելի մտապարագծեր:

Սրտիցս հոսող արիւնը ողողուած է հարիւրաւոր ցաւերի գոյներով…
Քո պատկերը աչքիս առաջ սփոփում, ամոքում ու լցնում է բացակայութիւնդ՝
Այրելով մեր մէջ գոյացած անջրպետը:
«Սադրանք» (Հարիւրաւոր գոյներ).- Երաժշտութիւնը Նիազի, 9 դրախտի պարուհիներ, նուիրուած Ալբերդի կեանքին ու յիշատակին.
Պարուհի Ալեքս Քրաֆորդը (Alex Crawford) սեւ տարազով, արդիական պարի (Modern dance) երանգներով ներկայացնում էր Ալբերթ æանբազեանի կեանքը, նրա հոգեկան արտայայտութիւնը, հիւանդութեան ու մարմնական ցաւերի խաղերը՝ մկանային կծ-կումներով ու մերթ գետնամերձ, մերթ թռիչքների ու ճկուն մարմնի իւրայատուկ դիրքերով, ու մարմինը անշարժացած հանգչում ու անշարժանում էր բեմահարթակում: Բեմում երեւում է Ռուբինա Վարդանեանը Whirler-ի պտոյտով: Այս ներկայացումը քրմական խորհուրդ ունի, նշանակում է՝ խորհրդակցութիւն Աստծու հետ. կենտրոնացումով, դանդաղ պտոյտքով սկսւում եւ աստիճանաբար պտոյտքները արագանալով կերտւում է պարի տեսլականը, ըստ որի՝ Ալբերթի հոգին սլանում ու հանգչում է երկնային խաղաղութեան գրկում:
Ահա այս լոյսի ներքոյ՝ Կիրակի, Ապրիլ 28ի երեկոյեան ժամը 5-8, Գլենդել High School-ի հանդիսասրահում, æանբազեան պարի ակադեմիան, ղեկավարութեամբ Աննա æանբազեանի, դասական, ժողովրդական, արդիական 26 պարերի ոլորտներով ներկայացրեց բարձրորակ եւ իմաստալից արուեստի փունջեր:
Բացման խօսքով հանդէս եկաւ Ծնողական խորհրդի եւ յանձնախմբի նախագահ Արամ Անանեանը: Նա ողջունելով ներկաներին, անդրադարձաւ անցնող շաբաթների ընթացքում պարողների ունեցած խանդավառ մթնոլորտի, յաւելեալ եւ երկար ժամերի փորձերի, տարազների դասաւորման եւ սարքաւորման տքնաջան աշխատանքի մասին: Եւ նաեւ պար սովորելուն զուգընթաց նրանց սովորելը՝ համբերութիւն, նուիրուածութիւն, միմեանց յարգել եւ հոգ տանելու պարտականութիւնը: Բոլորի կողմից նա շնորհակալութիւն յայտնեց Աննա æանբազեանին, որ հակառակ իր ծանր կորստին, տոկուն անհատականութեամբ կարողացաւ դիմագրաւել այդ ծանր սուգը, եւ իր համբերութեամբ, հոգատարութեամբ ու անսակարկ նուիրումով ներկայացնելու է այսօր ձեզ ակադեմիայի տարեկան հանդէսը:
Վարագոյրը բացուեց եւ 13 հոգիանոց բալետի եւ ժողովրդական պարերի խումբը՝ կարմիր ու դեղին տարազով, մեկնաբանեց պարսկական մանրանկարչութիւնից ներշնչուած լիրիկական պարը «Գօլէ փամցհալ» (ափիոն ծաղիկ) խորհրդով, որից յետոյ բեմավիճակը փոխուեց «Շալախօ» հայկական աւանդական պարի խանդավառ, սակայն նորաձեւ, նուրբ, ուժեղ շարժումների արտաբերումով՝ Բիայնա Այուազեանի մենապարով: Ապա՝ սահուն ու կարգապահ ելոյթները. բեմը զարդարւում էր մերթ փոքրիկների (3-6 տարեկան) բալետի՝ առաջին, երկրորդ կարգի դասարանների համով ու մարզուած պարերով, մերթ «Սեւանի Ծփանքը»ն էր ներկայացնում բարձր եւ աւարտական խումբը՝ կապոյտ եւ արծաթագոյն տարազներով՝ ալեկոծելով բեմը: Յետոյ շարունակաբար, մէկը միւսին գերազանցող բազմաոճ պարեր՝ (պար իմաստը նոյնը պահելու համար նշում ենք պարերի անունները բնագրի անգլերէն յայտագրից) «Water world», «Cant Stop the beat», «Encricl Union, Incantion», «Tango», «Ukranin Celebraion», «Sadrang» (hundred coler) «Ethnic Sketches», Հայկական ժողովրդական պար»՝ պարում էին 4րդ եւ 3րդ կարգի բալետի եւ ժողովրդական դասարանի փոքրիկները, մանիշակագոյն եւ վարդագոյն տարազով՝ անվրէպ կատարումով: «Ey mah babin» պարսկական պար՝ վարվռուն սպիտակ, կանաչ, նարնջագոյն տարազով: Իսկ «Divine Flame»՝ Աստուածային բոց առաջին բաժնի վերջին պարը զգլխիչ էր, 5րդ բալետի դասարանի 28 պարուհիների կատարմամբ. մենապարում էր մի հրաշք աղջիկ՝ Աթենա Բարունին, նրա սլացիկ հասակը, ճկուն մարմինը եւ կորովի անհատականութիւնը կարծես ներշնչման աղբիւր է եղել սոյն իւրայատուկ պարի: Նրա մարմնակազմին շատ էր վայելում ոսկեգոյն, մարմնին փակած տարազը. նա կատարողական արուեստի հմայիչ կարողութեամբ արտաբերում էր եգիպտական դժուարին «Undulaion» խաղը՝ ողնայարի եւ կղոսկրից մինչեւ զիստը տարածուող ոլորապտոյտ շարժումները, իսկ նրան շրջապատող պարուհիները, ոսկեգոյն եւ մանիշակագոյն տարազներով, կարծես Եգիպտոսի քրմուհիներ լինէին, որ ատրուշանի բոցավառ պաշտամունքի արարողութեան ոլորտներով, ընտրեալ քրմուհուն, աստուածուհի կոչեցին, եւ խոհրդանշական խաղ ու պարով, ոսկեգոյն շքեղ շինելով զարդարեցին նրա թիկունքը: Ընդմիջումից յետոյ երկրորդ բաժինը սկսուեց «Once Upon a Time» 28 փոքրիկների ելոյթով, յետոյ շարունակուեց «Welcome Spring», «Point Etude» , «Friends are Angels», «Natur in Reverse, Elements», «Roots The Beginning»: «Field Workers», «Russian Teasers».« Minut, Four Beauties», «La Jardin, Dino», եւ եզրափակիչ փուլում հնչեց Չայկովսկու «Գարնանային սերենադը»՝ «Serenade», եւ բալետի 5րդ դասարանի պարուհիները իրենց համոզիչ մեկնաբանութեամբ, ապացուցեցին Ջանբազեան պարի ակադեմիայի բարձրորակ կրթութիւնը:

Ուրախալի էր, հայ բեմում նորից վայելել հիւրաբար մասնակցող արհեստավարժ եւ դասական պարերի լաւագոյն մեկնաբան Արսէն Սերոբեանին: Նա ներկայիս Լոս Անջելեսում նշանաւոր տեղ է զբաղեցնում ֆիլմարուեստի, օպերայի, հեռուստատեսիլի պարի ուսուցման մարզերում: Մենապարով նա հանդէս եկաւ «Տանգօ» պարով, իսկ իր ստեղծագործած սիրապարը՝ «We Met Again», զուգապար, կատարողական արուեստի ուժեղ շարժումներով ներկայացրեց հիւրաբար մասնակցող, դասական բալետի արհեստավարժ մեկնաբան Դալէ Ջորդանի (DALE JORDAN) հետ:
Վերջում բեմ հրաւիրուեց Արիկ Գէորգեանը եւ ողջունեց ներկայութիւնը քոնկրեսմեն Ադամ Շիֆի ներկայացուցիչ՝ Մերի Յովակիմեանի,Գլենդելի Քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանեանի , Գաւառային խորհրդի՝ Միքայէլ Անթոնովիչի ներկայացուցիչ՝ Ռիթա Հաջիմանուկեանի, Վալլի քաղաքապետական խորհրդի անդամ՝ Հարրի Լէոյի, Կրթական մարմնի անդամ դոկ. Արմինէ Կարապետեանի: Բուռն ծափողջոյնների ներքոյ բեմ մուտք գործեց պարուսոյց Աննա Ջանբազեանը եւ աւարտականի վկայականներ յանձնեց Թինա Միրզախանեանին, Աթենիա Բարոնիին եւ Թանիա Բաղդասարեանին:
Կազմակերպուած եւ բարձրորակ էր միջոցառումը: Անթերի էին լոյսերի խաղերը եւ ձայնային ձեւակերպումը՝ ղեկավարութեամբ Հենրիկ Մանսուրեանի, որ իմաստաւորում ու շքեղացնում էր բեմադրութիւնները: Ճաշակաւոր եւ գունեղ տարազների ձեւաւորումը՝ Աննա Ջանբազեանի, կարել էին Սոնիկ Տամուրեանը եւ Քարմէն Խոսրովեանը: Յայտագիրը, «փոստեր»ները եւ ծրագիրը ներկայացրեց Ռեբեկա Օհանը: Գունովորում եւ տպագրութիւն՝ Ռազմիկ Աւետիսեանի: Ձայնաերիզային պատրաստում՝ Վիրջիլ եւ Սուզաննէ Լուիզի, լուսանկարները՝ Թալին եւ Արմէն Աղայեանների:
Բարձր մակարդակով միջոցառում էր. 26 պարերի մտապարագիծը եւ պարամուսան յստակ էր, խորհուրդ եւ իմաստ հաղորդող. խմբական պարերի կատարումները հաւասար էր, շարժումները՝ մարզուած: Փոքրիկների բեմադրութիւնները եւ ամենակարեւորը երգերի եւ նուագների թեման ընտրուած էր նրանց տարիքի հոգեբանութեան ու կարողութեան համապատասխան: Տարազների գոյները եւ ոճը ներկայացնում էր պարարմատն ու մշակութային պատկանելութիւնը, սակայն նորաձեւ, թեթեւ եւ ճաշակաւոր, որոնք բխում էին Աննա Ջանբազեանի ներաշխարհի պոռթկումներից:
Շնորհաւորում ու նորանոր նուաճումներ ենք մաղթում Ջանբազեան պարի ակադեմիայի մեծ ըտանիքին::