ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– 24 Յունիսին Հայաստանի մէջ ներկայացուած «Չէզոք գօտի» հոգեբանական ժապաւէնը պիտի ցուցադրուի նաեւ Միացեալ Նահանգներու, Ռուսիոյ, Քանատայի եւ Չինաստանի մէջ։
Ժապաւէնը գեղարուեստական անդրադարձ է Արցախեան պատերազմական իրադարձութիւններուն: 26 Յունիսին կայացած մամլոյ ասուլիսին ընթացքին ժապաւէնի արտադրիչ Արտակ Զիլֆամեան նշած է, որ ժապաւէնի ստեղծագործական խումբը շատ գոհ է ստացած տպաւորութիւններէն: «Կան ֆիլմեր, որոնց հանդիսատեսը ծափահարում է անգամ տիտրերի վերջում եւ գոռում է «պրաւօ»: «Չէզոք գօտի»ն, դժուարութիւններ անցնելով, հետաքրքիր աւարտ ունեցաւ եւ հասաւ իր նպատակին, որն առաջին հերթին ուղղուած է հասարակութեան շրջանում ազգային ոգին բարձրացնելուն», յայտնած է Զիլֆամեանը: Ան դիտել տուած է, որ ծրագիր կայ ժապաւէնը ցուցադրել նաեւ անվճար կերպով, մանաւանդ սահմանամերձ գիւղերուն մէջ։
Ժապաւէնը պատրաստուած է առանց հովանաւորներու. անոր նիւթին անդրադառնալով՝ Զիլֆամեան յայտնած է. «Չէզոք գօտի» ֆիլմում ներկայացուած է, թէ ինչպէս է 1994 թուականին չորս հոգուց բաղկացած հայկական յատուկ ջոկատը գնում է հայ գերիներին ազատագրելու: Անհասկանալի պատճառներով ջոկատը ազատագրուած գերիների հետ չէզոք գօտում յայտնւում է շրջափակման մէջ, որտեղ հանդիպում են իրենց ընկերոջը, ով նրանց միանում է սեփական նախաձեռնութեամբ եւ տարածքին լաւ ծանօթ լինելով՝ ուղղորդում է նրանց դէպի սահման: Յաղթահարելով տարբեր խոչընդոտներ՝ հայ զինուորականները վերջապէս մտնում են Հայաստանի տարածք: Անցնում են տարիներ: Նախկին դեսանտագրոհայինն արդէն աշխատում է Ներքին գործերի նախարարութիւնում՝ գլխաւորելով յատուկ նշանակութեան բաժինը: Պատահաբար մի յանցագործութեան հետաքննութեան ընթացքում դուրս է գալիս իր նախկին ընկերոջ հետքի վրայ, ով չէզոք գօտին անցնելու ժամանակ եկել էր իրենց օգնելու: Նա պարզում է, որ զինընկերը տեղեակ է իրենց շարքում դաւաճան լինելու մասին, ով էլ կազմակերպել է տարիներ առաջուայ չարաբաստիկ օպերացիան, սակայն ամէն ինչ չէր ընթացել այնպէս, ինչպէս ինքն էր նախանշել: Յատուկ ջոկատի տղաներն իրենց մարտունակութեան եւ պատրաստուածութեան շնորհիւ իրականացրել էին օպերացիան եւ վերադարձել: Մարտական ընկերը դաւաճանին պատժելու համար այլ ելք չի գտնում, քան վրէժխնդիր լինելը: Հետաքնութիւնը կանգնում է խնդրի առաջ: Մինչ քննարկւում են ձերբակալութեան մանրամասները, ինչ որ մէկը սպանում է դաւաճանին»:
Ժապաւէնի նկարահանման աշխատանքները կատարուած են Վանաձորի, Երեւանի եւ այլ վայրերու մէջ: Նկարահանման աշխատանքներուն օժանդակած են Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը, ոստիկանութիւնը, Երեւանի քաղաքապետարանը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.