
ԳԷՈՐԳ ՍՏԱՄԲՈԼՑԵԱՆ
«Բաքուի քաղաքագիտական շրջանակներում էլ համոզուած են, որ Ադրբեջանի իշխանութիւնների՝ նման որոշում կայացնելու իրական շարժառիթը այն չէ, ինչը ներկայացւում է»:
ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Տարակուսանք եւ հեգնանք՝ այսպէս կարելի է բնութագրել Ադրբեջանի կողմից հրապարակուած սեւ ցուցակում ընդգրկուած անձանց առաջին արձագանքը պաշտօնական Բաքուի որոշմանը:
Շաբաթավերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնը հրապարակեց 335 հոգիանոց մի ցուցակ, որում ընդգրկուած մարդկանց մուտքը Ադրբեջան այսուհետ խստիւ արգելուած է: Պատճառը այդ անձանց՝ տարբեր տարիներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցելութիւններն են:
Ադրբեջանական դիւանագիտական գերատեսչութեան հրապարակած ցանկում տարբեր պետութիւնների ներկայացուցիչներ կան՝ Ռուսաստանից մինչեւ Արգենտինա, Ֆրանսիայից մինչեւ Իրան: Ադրբեջան այլեւս չեն կարողանայ մուտք գործել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիէն եւ Հարաւային Կովկասում Եւրամիութեան նախկին յատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դիւքն ու 80ականների իտալական փոփ աստղ Ալ Բանոն: Սեւ ցուցակում են Ֆրանսիայի խորհրդարանի հայամէտ բոլոր պատգամաւորները, այդ թւում՝ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայէն: Անցանկալի անձանց այս ցուցակում մեծ տեղ են զբաղեցնում նաեւ լրագրողներն ու փորձագէտները:
Ադրբեջան մուտք գործելու իրաւունքից զրկուել է լոնդոնեան Times-ի թղթակից Թօնի Հալփինը: Twitter-ի իր էջում բրիտանացի լրագրողը գրել է. «Անցեալ տարի «Եւրատեսիլ»ի շնորհիւ ես հասցրեցի տեսնել Բաքուն: Հիասքանչ քաղաք, բարեհամբոյր մարդիկ եւ սարսափելի վարչակազմ»:
Ցուցակում է մոսկովեան ամենաազատական ռադիօկայանի համարումն ունեցող «Էխօ Մոսկվի»ի գրեթէ ողջ ղեկավարութիւնը, այդ թւում գլխաւոր խմբագրի երկու տեղակալները՝ Սերգէյ Բունտմանն ու Վլադիմիր Վարֆոլոմէեւը: Վերջինս իր ֆէյսբուքեան էջում երէկ գրել է. «Ես միայն վերջերս համտեսեցի Բաքուի փահլաւան: Եւ ի՞նչ, ստիպուած եմ լինելու ընդմիշտ մոռանա՞լ այդ հիասքանչ համը»:
Այսուհետ Ադրբեջան մուտք գործելու իրաւունք չի ունենայ նաեւ Ռազմավարական եւ միջազգային հետազօտութիւնների վաշինգտոնեան կենտրոնի փորձագէտ Սերգէյ Մարկեդոնովը: Վերլուծաբանը Facebook-ի իր էջում գրել է. «Ես միշտ էլ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծումը Ադրբեջանին ձեռնտու չէ: Նշել եմ նաեւ, որ հնարաւոր չէ մի իրավիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիների օրինակով որպէս ինքնավար մարզ կը վերադառնայ Ադրբեջանի կազմ: Այն մասին, որ նոյն գետը երկու անգամ չեն մտնում, ես յայտարարել եմ նաեւ Բաքւում: Փաստօրէն, այլեւս Ադրբեջանում նման յայտարարութիւններ անելու հնարաւորութիւն չեմ ունենայ: Եւ ի՞նչ: Ղարաբաղեան հիմնախնդիրը միանգամից կը լուծուի՞ այն տարբերակով, որ ձեռնտու է ադրբեջանական իշխանութիւններին»:
Բաքուի քաղաքագիտական շրջանակներում, ի դէպ, համոզուած են, որ այս որոշումը կայացնելու ընթացքում Ադրբեջանի իշխանութիւնները Լեռնային Ղարաբաղ կատարած այցելութիւնների փաստը զուտ որպէս պատրուակ են օգտագործել: Քաղաքագէտ Արաստուն Օրուջլուն «Ազատութիւն» ռադիօկայանի հետ զրոյցում նշել է. «Ես կարծում եմ՝ պատճառներն այլ են: Դա անմիջական կապ ունի նախագահական ընտրութիւնների հետ: Այս ցուցակը, ըստ ամենայնի, կազմուել է ոչ թէ Ալ Բանոյի կամ Մոնսերատ Կաբալիէի, այլ լրագրողների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների ու փորձագէտների պատճառով: Նրանք կարող էին Ադրբեջան այցելել ընտրութիւններից առաջ կամ հէնց քուէարկութեան օրը՝ լուսաբանելով այն իրողութիւնները, որ առկայ են Ադրբեջանում»: