
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելի քաղաքապետական խորհուրդը Օգոստոս 6ին քննարկեց էլեկտրաէներգիայի (ելեկտրականութեան-Խմբ.) սակագները բարձրացնելու՝ Գլենդելի Ջրի եւ էներգիայի ծառայութեան նախագիծը: Ըստ այդմ՝ առաջիկայ 5 տարիների ընթացքում սակագինը շուրջ 29 տոկոսով կը բարձրանայ քաղաքի բնակիչների եւ 24 տոկոսով՝ բիզնեսների (գործառնութիւններու-Խմբ.) համար:
Քաղաքապետական խորհրդի կողմից այս առաջարկը հաստատուելու դէպքում, սակագնի աճն արդէն այս տարի կը կազմի 8 տոկոս, իսկ միւս տարիներին՝ համապատասխանաբար 7, 5, 2 եւ 2 տոկոս: Ըստ Ջրի եւ էներգիայի ծառայութեան՝ այս քայլն անհրաժեշտ է ոլորտի ենթակառուցուածքներն արդիականացնելու, ինչպէս նաեւ՝ իրենց եկամտից Գլենդելի քաղաքապետարանի ընդհանուր ֆոնդին տարեկան փոխանցուող 21 միլիոն դոլարը պահպանելու համար:
Նշենք, որ վերջերս առաւել սուր է քննադատւում քաղաքապետարանին նման չափի ֆինանսական յատկացումը, որ ուղղւում է քաղաքի գրադարաններին, ոստիկանութեան եւ հանրային այլ ծառայութիւնների: Գլենդելի քաղաքապետարանի վարիչ Սքոթ Օչոան, մէկ ժամ տեւած ելոյթում հաւաստիացրեց, որ առանց այդ փոխանցման նոյնիսկ, Ջրի եւ էներգիայի ծառայութիւնը կարիքն ունի սակագների բարձրացման:
Օգոստոսի 6ին, քաղաքապետական խորհրդի անդամները կարծիքներ յայտնեցին ներկայացուած նախագծին շուրջ: Զարեհ Սինանեանը կտրականապէս դէմ է էլեկտրականութեան սակագնի առաջարկուող բարձրացմանը: «30 տոկոսը խիստ բարձր թիւ է եւ անարդար՝ քաղաքացիներին նկատմամբ: Այս առաջարկի պատճառը Ընդհանուր ֆոնդին փոխանցուող գումարի չափն է, ինչի արդիւնքում՝ æրի եւ էներգիայի ծառայութիւնը չի կարողանում հոգալ սեփական ծախսերը: Իրական խնդիրները խորքային են, եւ դրանք լուծելու փոխարէն, փորձ է արւում մակերեսային լուծումներով հարցերը փակել», յայտնեց Սինանեան՝ նշելով, որ դէմ չէ սակագների որոշակի, օրինակ՝ 3 տոկոս, բարձրացմանը, ինչը բաւարար կը լինի իրական խնդիրների յաղթահարման համար: Ըստ Սինանեանի՝ առաջարկուող նախագիծը նաեւ ուղղակիօրէն հարուած է Գլենդելում գործող բիզնեսներին:
Քաղաքապետական խորհրդի երեք անդամներ եւս կարծում են, որ սակագների աճը պէտք է լինի առաւել քիչ: Քաղաքական խորհուրդը հնարաւորութիւն էր ընձեռել հանրութեանը եւս մասնակցել քննարկմանը: Ժողովասրահում հաւաքուած Գլենդելի աւելի քան 150 բնակիչներ դէմ արտայայտուեցին սակագների բարձրացմանը: Հայ Դատի Գլենդելի գրասենեակի տնօրէն Դալար Մալաքեանն էլ ներկայացրեց քաղաքի բնակիչների շրջանակի մէջ իրենց կողմից կատարուած ուսումնասիրութիւնը, ըստ որի՝ մասնակցածների 88.1 տոկոսը չի աջակցում սակագնի աճին եւ բաւարար չի համարում Ջրի եւ էներգիայի ծառայութեան ներկայացրած պատճառաբանութիւնները: Ըստ հարցախոյզին՝ գործարարների մեծամասնութիւնն էլ նշել է, որ նման բարձրացման դէպքում՝ նրանք ստիպուած են լինելու փակել աշխատատեղին:
Քաղաքապետական խորհրդի անդամներին ուղղուած իր խօսքում, Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Պերճ Կարապետեան համոզմունք յայտնեց, որ Ջրի եւ էներգիայի ծառայութեան նշած արդիականացման աշխատանքները կարելի է իրականացնել՝ սակագները աւելի ցածր տոկոսով բարձրացնելով: «Մենք առաջարկում ենք կրճատել Ընդհանուր ֆոնդին փոխանցուող գումարները եւ դրանք ուղղել սեփական խնդիրների լուծմանը», նշեց Կարապետեան:
Գլենդելի բնակիչ Հրաչ Բաղդոյեան, իր կարգին գտնում է, որ շարունակուող տնտեսական ճգնաժամի ու գործազրկութեան մեծ տոկոսի ներկայ պայմաններում, անթոյլատրելի է սակագների նման աճը: Իսկ Արամ Քազազեանի կարծիքով՝ Ջրի եւ էներգիայի ծառայութիւնում առաջացած ճգնաժամը սխալ քայլերի արդիւնք է. «Նրանք շուրջ 80 միլիոն դոլար ծախսեցին «սմարթմեթր» (խելացի չափիչներ) ներմուծելու եւ վերահսկելու աշխատանքների համար, այնինչ՝ դրանք բոլորովին արդիւնաւէտ չեն», նշեց նա:
Ելեկտրականութեան սակագնի բարձրացումը ուղղակի հարուած է իւրաքանչիւր բնակչին, ուստի՝ Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի ատենապետ Պերճ Կարապետեան կոչ է անում հանրութեանը աշխուժօրէն պայքարել՝ մասնակցելով սակագների բարձրացման դէմ անցանց ստորագրահաւաքին, հետեւեալ հասցէում՝ http://www.ipetitions.com/petition/petition-opposing-glendale-city-electrical-rate/, ինչպէս նաեւ Օգոստոսի 13ին ներկայ լինելով եւ ձայն բարձրացնելով քաղաքապետական խորհրդի նիստում, որտեղ քուէարկութեան է դրուելու նախագիծը: