Վարեց՝ ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ
Գլենդելի երիտասարդական միութիւնը՝ «Glendale Youth Alliance»ը կազմակերպում է երկրորդ բարեգործական ցուցահանդէսը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացող նկարիչները: GYA-ը շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, որ հիմնադրուել է 1993 թուականին: Նրա նպատակն է աշխատանքի եւ ուսանելու հնարաւորութիւն ընձեռնել 14ից 24 տարեկան երիտասարդների: Կազմակերպութիւնում կան 7000 գրանցուած երիտասարդներ՝ հիմնականում ցածր եկամուտ ունեցող կամ անապահով ընտանիքներից: Հաշուի առնելով Միացեալ Նահանգների գործազրկութեան մակարդակը, GYA-ը երիտասարդներին տրամադրում է վճարովի աշխատանք՝ հնարաւորութիւն տալով ձեռք բերել աշխատանքային փորձ եւ յաղթահարել դժուարութիւնները:
Մեր քաղաքի երիտասարդներին աջակցել ցանկացող արուեստագէտները կարող են ներկայացել իրենց աշխատանքները: Դրանք ընտրութեան փուլն անցնելով՝ կը մասնակցեն ցուցադրութեան Նոյեմբերի 7ին, 2013թ., Գլենդելի «Forest Lawn» թանգարանի «The Crucifixion Resurrection» սրահում: Մեր զրոյցը ցուցադրութեան համակարգող (curator), արուեստագէտ, ճարտարապետ, կինոարտադրութեան ասպարէզում մրցանակակիր Ռազմիկ Գրիգորեանի հետ է, ով նաեւ տարիներ շարունակ Գլենդելի քաղաքապետարանի Արուեստի ու մշակոյթի յանձնախմբի անդամ է եղել:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Ինչպիսի՞ն են ցուցադրութեան մասնակցելու պայմանները:
ՌԱԶՄԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Նկարիչը հնարաւորութիւն ունի ներկայացնելու հինգ աշխատանք, որոնց ընդհանուր արժէքը չպէտք է գերազանցի 7500 դոլարը: Ինձ վստահուած է ցուցադրութեանը մասնակցող աշխատանքների ընտրութիւնը: Նկարիչն ի՛նքը կ՛առաջադրի պայմանները՝ ուզում է նուիրաբերել աշխատանքի վաճառքից ստացուած ողջ գումարը, թէ՝ նուազագոյն չափը՝ յիսուն տոկոսը: Եթէ գումարը ամբողջութեամբ նուիրաբերուի, ցուցահանդէսի գրքոյկում նրան շնորհակալական յատուկ խօսք կը գրուի, իսկ բոլոր մասնակիցները այնտեղ կ՛ունենան իրենց համառօտ կենսագրականը: Ողջունելի է բոլորի մասնակցութիւնը, ով ցանկութիւն ունի: Տարածքը հնարաւորութեան կը տայ ցուցադրելու աւելի քան հարիւր նկարիչ:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Աշխատանքների ընտրութեան որեւէ սահմանափակում կա՞յ:
ՌԱԶՄԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ցանկալի է, որ պատկերուած լինեն երիտասարդական թեմաներ: Աշխատանքների որակը պէտք է համապատասխանի մեր չափանիշներին, նաեւ կ՛ընտրուեն վաճառուելու հաւանակութիւն ունեցող գործերը:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Նախորդ տարի կազմակերպուած ցուցադրութիւնը ի՞նչ յաջողութիւն է ունեցել:
ՌԱԶՄԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ. Անցած տարին լինելով աննախադէպը, ցուցադրութիւնը լաւ արդիւնք է գրանցել՝ հաւաքուել է տաս հազար դոլար: Այս տարի փոխուել են պայմանները, նպատակ ունենք առաւել մեծ ցուցադրութիւն կազմակերպել եւ աւելի շատ գումար հաւաքել: Ընտրուել է աւելի մեծ տարածք, որն առաւել շատ քանակով մասնակիցների եւ այցելուների հնարաւորութիւն կը տայ:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Ի՞նչն էր պատճառը, որ ներգրաւուեցիք այս միջոցառման մէջ:
ՌԱԶՄԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ. Ցանկութիւնն էր, որ օգնենք մեր համայնքի երիտասարդներին: Նրանց յաջողութիւնները բոլորինս են: Ինքս զաւակ չունեմ, սակայն կատարում եմ իմ անձնական պարտականութիւնը համայնքի նկատմամբ: Մեր երիտասարդները փողոցում թափառելու ու անգործ մնալու փոխարէն կարող են մասնակցել տարբեր աշխատանքների, արհեստ սովորել, եկամուտ ունենալ: Իմ ցանկութիւնն է նաեւ, որ համայնքը մասնակցի այս միջոցառմանը, շատ ակտիւօրէն մասնակցի, եւ եթէ մենք կարողանանք այդ մտածելակերպը մեր ժողովրդի մէջ սերմանել, քանի որ ապրում ենք այս քաղաքում, ուրեմն ամէն ինչ բոլորիս համար է: Համայնքն էլ բաղկացած է ոչ միայն հայերից, եւ եթէ փողոցում մի դէպք է պատահում, ուրեմն դա վերաբերում է բոլորին: Օրինակ՝ փողոցում փոս կայ, ուրեմն բոլորիս մեքենաներն էլ կարող են այդ փոսն ընկնել: Ես անձամբ ճանաչում եմ երիտասարդ տղաների եւ աղջիկների, ովքեր մեծ ընդունակութիւններ ունէին, բայց հիմա թմրեցնող նիւթեր են օգտագործում: Իսկ դա բոլորի խնդիրն է՝ ոչ միայն այս կազմակերպութեան: Մեր հայութիւնն ու հայապահպանումը շատ կարեւոր են, բայց մենք ապրում ենք մի համայնքում, որտեղ ոչ հայեր էլ կան: Մենք նրանց հետ շատ ճիշդ յարաբերութիւն պէտք է ունենանք, իրար հետ շփուենք, ճանաչենք: Բոլորս պարտաւոր ենք այսպիսի ձեռնարկների մասնակցել, զօրաւիգ դառնալ, քաջալերել ու գնել աշխատանքները: Ուրեմն, ինչքան օգտակար լինենք, դրա շահը մենք ենք ստանալու:
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ.- Սա նաեւ հիանալի առիթ է մեր համայնքի նկարիչների եւ արուեստի գործեր փնտռողների համար: Անգամ այսպիսով կարելի է կարծիք կազմել ներկայ արուեստի մասին:
ՌԱԶՄԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ես դրան կ՛աւելացնեմ մի բան եւս: Սովորաբար խմբակային ցուցադրութիւները կայանում են եօթ կամ ութ նկարիչների մասնակցութեամբ: Այս ցուցահանդէսում գուցէ յիսուն կամ հարիւր արտիստներ լինեն, բոլորն էլ տարբեր ծագումներով, տարբեր մշակութային շերտերով, ինչին որ կարելի է հանդիպել Լոս Անջելեսում: Սա եւս մէկ անգամ յիշեցնում է, որ արուեստն ազգ ու սահման չի ճանաչում: Արուեստով շատ խնդիրներ ու մարդիկ մօտենում եմ իրար, եւ եթէ արուեստը լինի լաւ, որակաւոր, այն պատճառ է դառնում մտքերի փոխանակման, վիճաբանութեան, եւ դրանով զարգանում է ընդհանուր մշակոյթը: Եւ համոզուած եմ, որ լճացած մշակոյթը երկար չի կարող գոյատեւել: Մշակոյթը պէտք է ներկայանայ, համեմատուի, գրաւի ու ինքն էլ զարգանայ: Այսպիսին է արուեստի պատմութիւնը, եւ ոչ միայն մշակոյթը, մարդիկ նոյնպէս զարգանում են փոխադարձ շփումով:
Մասնակցութեան պայմաններին ծանօթացէք «Glendale Youth Alliance»ի պաշտօնական կայքէջում՝ http://
www.glendaleyouthalliance.org/: Աշխատանքների լուսանկարները պէտք է ուղարկուեն tosborn@ci.glendale.ca.us էլեկտրոնային փոստին՝ մինչեւ Սեպտեմբերի 13ը: