
ԵՐԵՒԱՆ.– «Վերջին 3 տարիներին ձեռք ենք բերել այնքան սպառազինութիւն, որքան նախորդ 20 տարիների ընթացքում», յայտարարած է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի N զօրամաս տուած այցելութեան ընթացքին: «Այսօր Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի Հանրապետութիւնում մեծ ոգեւորութեամբ տօնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան տօնը, որն արձանագրում է պետական ձեւաւորման 22րդ տարեդարձը: Այս տօնն ունի պատմական նշանակութիւն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակչութեան, այլեւ մեր բոլորի համար, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այստեղ է կերտւում ոչ միայն ԼՂՀի, այլեւ հայ ժողովրդի ապագան, որովհետեւ սա պայքար է հայկական ինքնութեան համար, եւ դուք այդ պայքարի հէնց առաջին ճակատում էք գտնւում: Համոզուած եմ, որ մենք ձեզ հետ միասին ամէն ինչ անելու ենք, որպէսզի ամրապնդենք այն յաղթանակները, որոնք արձանագրել ենք ԼՂՀն ձեւաւորելու ճանապարհին: Մենք պէտք է արժանի լինենք զոհուած ազատամարտիկների յիշատակին՝ հէնց մեր ամէնօրեայ քրտնաջան աշխատանքով ամրապնդելով ԼՂՀի պետականութիւնը», հաստատած է վարչապետը:
Պատասխանելով Ատրպէյճանի սպառազինման եւ այս իմաստով հայկական կողմին քայլերուն վերաբերեալ զինուորներէն մէկուն հարցումին՝ Տ. Սարգսեան յայտնած է, որ Հայաստանի կառավարութեան առաջին կարեւորագոյն կէտը մեր երկրի անվտանգութեան ապահովումն է: «Դա նշանակում է ժամանակակից բանակ, ժամանակակից սպառազինութիւն: Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինութիւն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում: Այդ տեսակէտից, կարող էք հանգիստ լինել, որ մենք երբեք թոյլչենք տալու, որպէսզի ուժերի հաւասարակշռութիւնը խախտուի: Դրա համար էլ մեր զինուած ուժերի սպառազինման գործընթացը գտնւում է Հայաստանի նախագահի ուշադրութեան կենտրոնում», յայտնած է վարչապետը:
Տիգրան Սարգսեան նշած է, որ հայկական բանակի սպառազինման իմաստով իրենց լուման ունին նաեւ Հայաստանի ռազմավարական գործընկերները: Ան շեշտած է, որ ամէնէն կարեւորը բանակն է, զինուորներուն պատրաստուածութեան աստիճանն ու խիզախութեան մակարդակը: «Այդ առումով, մենք ապացուցել ենք մեր յարաբերական առաւելութիւնը: Միաժամանակ, դուք էլ պէտք է հասկանաք, որ սպառազինութիւնից աւելի էական նշանակութիւն ունեն ձեր կեցուածքն ու խիզախութիւնը, որը պէտք է պահպանէք»: