Օրերս Վրաստանի ակադեմիական շրջանակները հանդէս են եկել օրէնսդրական նախաձեռնութեամբ, որը վերաբերում է Վրաստանի պետական լեզուի չափանիշների խախտման դէպքում տուգանքների կիրառմանը: Նախաձեռնութեանն արձագանգել է խորհրդարանի Կրթութեան կոմիտէն, ինչից կարելի է եզրակացնել, որ վերջինս շուտով կ՛ընդունուի խորհրդարանի կողմից եւ կը ստանայ օրէնքի ուժ, որը կը տարածուի ինչպէս պետական հաստատութիւններում աշխատող անձանց, այնպէս էլ՝ լրատուամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների եւ այլ շրջանակների վրայ:
Յիշեցնենք, որ այս գործընթացն իր դրսեւորումներն էր ունեցել նաեւ 2012թ. իշխանափոխութեան օրերին, երբ Բ. Իւանիշվիլու թիմակիցների կողմից յայտարարուեց այսպէս կոչուած «լեզուի ոստիկանութեան» ստեղծման մասին:
Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի ամբողջական տարածաշրջաններ բնակեցուած են ոչ վրացական ազգութիւններով, իսկ վրացական իշխանութիւնները մինչ օրս չեն ստորագրել կամ վաւերացրել բնիկ ժողովուրդներին եւ ազգային փոքրամասնութիւնների լեզուական իրաւունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերը, դրանց միանալու դէպքում էլ՝ երկրում չեն մշակուել եւ կիրառութեան մէջ դրուել համապատասխան օրէնքները, վերոնշեալ ողջ գործընթացն իր անմիջական ազդեցութիւնն է գործելու Վրաստանի կազմում գտնուող մի շարք տարածաշրջանների, այդ թւում՝ Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի հայահոծ շրջանների հայութեան վրայ: Միջազգային պարտաւորութիւների չկատարման, օրէնսդրական այսպիսի բացի պայմաններում վրացական իշխանութիւնների այսպիսի քայլերը նշեալ հայահոծ տարածաշրջաններում տեղի են տալու նոր յուզումների, կրկին մեծանալու է վրացական իշխանութիւնների հանդէպ անվստահութիւնը, խորանալու է ջաւախահայութեան մեկուսացումը պետական ինստիտուտներից:
Նշեալ եւ այլ բացասական գործընթացներից խուսափելու համար Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը պահանջում է վրացական իշխանութիւններից, որ վերջիններս զերծ մնան իրենց ծրագրերի հանդէպ երկակի ստանդարտների (չափանիշներու-Խմբ.) կիրարկումից եւ նման գործընթացներ սկսելու շրջանակներում շուտափոյթ կերպով ձեռնամուխ լինեն խնդրոյ առարկայ տարածաշրջանում հայերէնին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելուն: Դրանով նաեւ Վրաստանի նոր իշխանութիւնները կ՛ապացուցեն, որ պահպանում են իրական ժողովրդավարութեանը հաւատարիմ լինելու իրենց որդեգրած քաղաքական ուղեգիծն ու դրանով իսկ տարբերւում են նախորդ իշխանութիւններից:
Ի վերջոյ՝ ժամանակն է ընդունելու, որ բազմահազար ջաւախահայեր բնիկ լինելու հետ մէկտեղ նաեւ հարկատու են, ինչպէս երկրի բնիկ եւ հարկատու վրացիները, եւ ջաւախահայերը եւս իրաւունք ունեն սեփական լեզուն կիրառելու վարչական օղակներում կամ պետական միջոցներով պաշտպանելու այն, ինչպէս փորձ է արւում ներկայումս՝ պաշտպանելու վրացերէնը: Սա է իրական ժողովրդավարութիւնը:
Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդ
ք. Ախալքալաք