ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Հրապարակախօս Զօրի Բալայեանը ՌԴ նախագահին ուղղուած՝ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի սեփականութիւնը դարձնելու մասին իր խնդրագիրը գրել է բաց նամակի ձեւաչափով, ինչը վկայում է, որ նրա նպատակը ոչ այնքան Պուտինից պատասխան ստանալն է, որքան Ղարաբաղը Ռուսաստանի մաս դարձնելու գաղափարը հանրային ու քաղաքական քննարկումների օրակարգ ձեւաւորելը:
Սակայն դա միայն Բալայեանի նպատակը չէ: Արդէն երրորդ օրն է, ինչ այս նամակի շուրջ բորբոքուած կրքերը չեն հանդարտւում, սակայն Հայաստանի իշխանութիւնները դրա հետ կապուած քար լռութիւն են պահպանում: Ոչ մի պաշտօնական մեկնաբանութիւն, պարզաբանում, կարծիք ո՛չ նախագահի նստավայրը, ո՛չ կառավարութիւնը չեն տալիս հասարակական մեծ ռեզոնանս առաջացնող հարցի շուրջ այն դէպքում, երբ նախանձելի օպերատիւութեամբ (արագութեամբ-Խմբ.), օրինակ, նախագահի մամուլի քարտուղարն արձագանգում է Զարուհի Փոստանջեանի վրայ ձուեր նետելու կոչերին:
Նման անտարբերութիւնը կարող է երկու բացատրութիւն ունենալ. կա՛մ իշխանութիւնը պատասխան չունի, որովհետեւ վերջին շրջանում պուտինիզմի ջատագովը դարձած եւ դրա «գաղափարական հայրերին» «ԱԺ պատուոյ շքանշան»ով պարգեւատրող իշխանութիւնը պարզապէս Կրեմլին ի տես համարձակութիւն չունի ասելու, թէ դէմ է ԼՂՀն Ռուսաստանի գուբերնեան դարձնելու այս անուղղակի խնդրանքին, կա՛մ էլ՝ «լռութիւնը համաձայնութեան նշան է» սկզբունքով ինքն է նպաստում այդ գաղափարի ակտիւ գեներացմանը (ընդհանրացման-Խմբ.) հասարակական ու քաղաքական շրջանակներում:
Վերջին տարբերակը միայն մէկ խնդիր կարող է լուծել. ի վերջոյ հասարակութեանն ադապտացնել (հաշտեցնել, վարժեցնել-Խմբ.) հէնց Ռուսաստանից անշեղօրէն պարտադրուող այն գաղափարին, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ապագան երաշխաւորուած է բացառապէս Ռուսաստանի տիրապետութեան տակ, անկախ նրանից՝ այդ տիրապետութիւնը կը մարմնաւորուի երկու հայկական պետութիւնները կալինինգրադների վերածելո՞ւ միջոցով, թէ՞ վերջնականապէս վասալային (հպատակ-Խմբ.), աւելի ճիշդ, գաղութային պետութիւն դարձնելու:
Իշխանութեան կողմից անուղղակիօրէն, լռութեամբ համաձայնութեան արժանացող Բալայեանի այս նամակով սկզբնաւորւում է հանրային կարծիքի տրանսֆորմացման (վերափոխման-Խմբ.) մի գործընթաց, որի իմաստը անկախ պետականութիւնն իբրեւ ազգային լինելիութեան երաշխիք վերջականապէս արժէզրկելն է եւ ստորադասումը Ռուսաստանի կրնկի տակ գոյութիւն քարշ տալու ստորացուցիչ հեռանկարին:
Նման գաղափարի՝ որքան հնարաւոր է ակտիւ շրջանառումը եւ հնարաւորինս արագ մարսման իշխանութեան ցանկութիւնը լրիւ հասկանալի է դառնում, երբ Բալայեանի նամակի հրապարակումը համադրում ենք Հայաստանի շուրջ ստեղծուած իրավիճակին:
Պատահական չէր, թերեւս, որ Բալայեանն այս ծաւալուն եւ լաւ մշակուած նամակը, որի պատրաստման համար, բնականաբար, երկար ժամանակ է պահանջւում, հրապարակեց Ադրբեջանում նախագահական ընտրութիւններից անմիջապէս յետոյ, երբ Ալիեւի կողմից պատերազմի հնարաւոր հրահրումը դառնում է առաւել քան իրատեսական, քանի որ այդ քայլին դիմելու առումով նրան կաշկանդող հիմնական գործօնը հէնց ընտրութիւններն էին:
Բայց խնդիրը ոչ այնքան բուն Ադրբեջանի անկանխատեսելի վարքի մէջ է, որքան այն մտավախութիւնը, թէ Ռուսաստանը (ՌԴ) կարող է շահագրգռուած լինել լոկալ (սահմանափակ-Խմբ.), կարճատեւ պատերազմի ծաւալման հարցում: Իսկ դրա հիմքերը տալիս է արագօրէն Ադրբեջանին զինելու եւ Հայաստանի հետ յարաբերութիւնները զգալիօրէն սառեցնելու Մոսկուայի վարքագիծը: Նման կարճատեւ պատերազմը ՌԴի համար կարող է ռեզերվային (պահեստային-Խմբ.) տարբերակից դառնալ առաջնային ցանկացած պահի, որը ամենակարճ ճանապարհը կը լինի ղարաբաղեան հակամարտութեան գօտի խաղաղապահների անուան տակ զօրքեր մտցնելու եւ վերջնականապէս Հարաւային Կովկասն իր միանձնեայ ազդեցութեան գօտին դարձնելու համար:
Դրանով Մոսկուան կարող է պատասխանել դէպի Արեւելք ծաւալուելու Արեւմուտքի ու յատկապէս՝ Եւրոպական Միութեան (ԵՄ) անշեղ ու իրականում կոշտ քաղաքականութեանը:
Ինքնակամ Ղարաբաղը Մոսկուային յանձնելու այս անուղղակի պատրաստակամութեան յայտնումը մի կողմից մատնում է, որ իշխանութիւնները պատերազմի վերսկսման վտանգի չէզոքացումը պայմանաւորում են ոչ այնքան սեփական ռեսուրսներով (հնարաւորութիւններով-Խմբ.), որքան Ռուսաստանի տրամադրութեամբ, եւ փորձում են կեանքի գնով շահել նրա բարեհաճութիւնը, իսկ միւս կողմից հաստատում են, որ դէմ չեն լինի, եթէ Մոսկուան Ղարաբաղը դարձնի հերթական Աբխազիա եւ ղարաբաղցիները Ռուսաստանի քաղաքացիներ լինեն:
Իսկ տրամաբանութիւնն այն է, որ այդ դէպքում Ադրբեջանն ի սպառ կը մոռանայ պատերազմի մասին՝ Վրաստանի օրը չընկնելու համար: Ինչ վերաբերում է բուն Գիւլիստանի պայմանագիրը կրկին կեանքի վերադարձնելուն, ապա սա պարզապէս շղարշ է, որով փորձ է արւում այս ցանկութեանը քիչ թէ շատ իրաւական բովանդակութիւն հաղորդել եւ ամենակարեւորը՝ տպաւորութիւն թողնել, թէ սա ոչ թէ Հայաստանի ցանկութեան, այլ Ռուսաստանի «պատմական արդարութիւնը վերականգնելու» իրաւունքի հարց է:
Այս նախաձեռնութեան կիքսը (էական կէտը-Խմբ.) սակայն, որը կարող է հայկական պետականութիւնների համար ճակատագրական լինել, այն է, որ նրանք հաշուի չեն առնում գերտերութիւնների կողմից միշտ «ռէալ պոլիտիկ»ով առաջնորդուելու հանգամանքը: Իսկ վերջինս գրեթէ միշտ կառուցւում է նման ցանկութիւնները մեծ քաղաքականութեան մանրադրամ դարձնելու չգրուած օրէնքի վրայ:
Ռուսաստանը, ինչպէս յայտնի է, դրա փորձն ունի:
Ժամանակին Ստալինը «պատմական արդարութիւնը վերականգնելու» նոյն «ազնիւ» մղումներով, գրչի մէկ հարուածով կարողացաւ Ղարաբաղը նուիրել Ադրբեջանին, Խրուշչովը նոյն մղումներով Ղրիմը յանձնեց Ուկրաինային: Ու հիմա ոչ ոք չի կարող բացառել, որ նոյնը չի կրկնուելու, մանաւանդ երբ ինքներս սեփական կամքով ենք Ղարաբաղը (դրանով հանդերձ նաեւ Հայաստանը) հռչակում Ռուսաստանի սեփականութիւն, իսկ սեփականատէրը, ինչպէս յայտնի է, ինքն է որոշում ինչ անել իր սեփականութեան հետ:
Ի հարկէ, դժուար թէ այս պահին Ռուսաստանը Հարաւային Կովկասը նման եղանակով ուզուրպացնելու (բռնագրաւելու-Խմբ.) մասին մտածի: Սակայն բալայանական մտքի թռիչքը բխում է շատ աւելի հէնց Ռուսաստանի շահերից երկու հիմնական պատճառով. նախ այդպիսով Հայաստանում հանրային ընկալման մակարդակով Մաքսային միութեանը, յետագայում նաեւ Եւրասիական տնտեսական միութեանը միանալը դառնում է անայլընտրանք- հեռանկար: Պարզ է, որ Մաքսային միութեան կազմում յարաբերական ինքնիշխանութիւն ունենալու հեռանկարը Ռուսասատանի գուբերնիա (նահանգ-Խմբ.) դանալուց աւելի նախընտրելի է համարուելու: Եւ այս չարեաց փոքրագոյնի ընտրութիւնը պարտադրելով Հայաստանին՝ Մոսկուան իր համար տանում է առաւելագոյնը՝ Հայաստանի լիակատար հնազանդութիւնը եւ օտարումը Արեւմուտքից:
Երկրորդ՝ Հայաստանի՝ այսպէս կոչուած մտաւորականութիւնն ինքն է (եթէ իհարկէ իսկապէս ինքն է) Ռուսաստանին հրաշալի զէնք տալիս՝ Ադրբեջանին դէպի Մաքսային Միութիւն մղելու համար: Բանն այն է, որ որքան նման գաղափարը եւ Հայաստանի ցանկութեանը Մոսկուայի կողմից ընդառաջելու հակուածութիւնը համոզիչ թուայ Ադրբեջանին, այնքան վերջինս կարող է այլընտրանք չունեցող համարել Մաքսային միութեանը միանալու Մոսկուայի պահանջի կատարումը ԼՂն վերջնականպէս չկորցնելու համար:
Այս հարցում, ի դէպ, Մոսկուային օգնում է նաեւ Արեւմուտքը: Հակաժողովրդավարական յայտարարելով Ադրբեջանում կայացած ընտրութիւնները՝ վերջինս փաստացի ոչ լեգիտիմ (օրինական-Խմբ.) է հռչակում Ալիեւի ընտրութիւնը՝ դրանով վերջինիս ստիպելով իր իշխանութիւնը պահելու յոյսերը կապել Ռուսաստանի, Մաքսային միութեան եւ ընդհանրապէս պուտինեան եւրասիական ինտեգրացիոն նախագծերի հետ: Այլ կերպ ասած՝ այս նամակը, Հայաստանի մտաւորականութեան, իշխանութեան կողմից դրա հիմնական գաղափարների հանդէպ դրսեւորուող լօյալութիւնը, Ադրբեջանին շանտաժի ենթարկելու հիանալի գործիք է դառնում Մոսկուայի ձեռքին:
Եւ փաստօրէն ստացւում է այնպէս, որ թէ՛ Հայաստանի եւ թէ Ռուսաստանի ներկայիս իշխանութիւններին միանշանակ ձեռնտու են Հայաստանում բորբոքուող կրքերը: Այս հարցում նրանց շահերը պարզապէս համընկել են: Ու այս իմաստով բացարձակապէս նշանակութիւն չունի նրանցից ում ջրաղացին ջուր լցնելու համար է Բալայեանը գրիչ վերցրել: