
ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ
Քաշաթաղում երբ որեւէ մէկին վերաբնակեցուած սիրիահայերի մասին հարց ես տալիս, անմիջապէս յիշում են Ժիրայրին: Բոլորն են ճանաչում նրան: Օրինակ են բերում թէ որպէս սփիւռքահայ, թէ որպէս սիրիահայ, թէ որպէս աշխատասէր ու յաջողուած վերաբնակ: Կովսականցիները Ժիրայրի մասին ասում են նաեւ, որ նա «իսկական» վերաբնակիչ է, այսինքն՝ ոչ թէ պատերազմից է փախել, այլ պատերազմական գործութիւնները դեռ չսկսուած տեղափոխուեց Քաշաթաղ:
2009 թուականից Ժիրայր Տօնապետեանը Սիրիայի Գամիշլի քաղաքից վերաբնակուեց Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում: Զբաղւում է հողագործութեամբ՝ հիմնականում ցորենի ու գարու մշակմամբ: 150 հա. վարձակալած վարելահող է մշակում:
Ժիրայրն արհեստաւոր է, Սիրիայում էլ հողագործութեամբ է զբաղուել: Պատմում է, որ այնտեղ իրենց ձեռքերով ոչինչ չեն արել, իրենք գումար են ներդրել, աշխատողներն արել են ամէնը: Իսկ աշխատողները շահագրգռուած են աշխատում, քանի որ շահաբաժնի սկզբունքով են բերքը բաշխել: Օրինակ՝ եթէ 100 տ. ցորենի բերք են ստացել, 6ը աշխատակցինն է, դրա համար նրանք էլ են շահագրգռուած, որ լաւ բերք լինի:
Ժիրայրը խոստովանում է, որ ոչ թէ գործերն են վատ եղել, դրա համար է տեղափոխուել Սիրիայից, հակառակը, այնտեղ ամէն ինչ շատ լաւ է եղել: Պարզապէս հայրենիքում ապրելու ցանկութիւնն է մեծ եղել:
«Պատերազմը լինէր, թէ չլինէր, ես եկած եմ որպէս բնակուող, որ մնամ այստեղ», ասում է նա: «Չենք դժգոհած, ոչ, Սփիւռքում իմ կեանքիս մէջ չենք դժգոհէր. լաւ է, վատ է, կըսեմ ինչ որ տայ Աստուած, էն էլ լաւն է: Բայց միշտ յոյսով եմ, որ ապագային լաւ պիտի ըլլայ», ասում է Ժիրայրը:
2010ին Ժիրայրը տեղափոխեց նաեւ ընտանիքի անդամներին: Ասում է, որ առաջին սփիւռքահայն է, որն ընտանիքով վերաբնակուեց Քաշաթաղում: Իսկ ընտանիքը փոքր չէ, 7 երեխայ ունի: «Ամէն երկիր նախագահ ունի: Ամէն ընտանիք ալ նախագահ ունի: Եթէ ղեկավարը կամ նախագահը լաւ լինի, ժողովուրդը կը հետեւի իրեն: Ես հիմա ինչ ըսեմ, արդէն կը սկսեն քայլել: Ասեմ՝ էս ջուրը սեւ է, ուրեմն սեւ է, ընտանիքի անդամները ամենը կ՛ըսեն սեւ է՝ առանց նայելու: Ես այդպէս վարժեցրել եմ, որ երբեք չեն ձգէ, որ չեն զգայ, որ սխալ կ՛անեմ: Ես միշտ իրենց համար կ՛անեմ, ուրեմն իրենք հետեւում են անմիջապէս», ասում է Ժիրայրը:
Ժիրայրը վարկով տեխնիկա՝ տրակտոր է առել, գործիքները տեղափոխել է Սիրիայից: Ցորենից ու գարուց զատ այս տարի սիսեռ է ցանել: Ասում է, որ կարելի է նաեւ սիսեռ մշակել եւ ուզում է, որ ժողովուրդն էլ սկսի սիսեռի մշակմամբ զբաղուել, քանի որ դրանից էլ կարելի է օգուտ ստանալ: Դրանից բացի՝ պէտք է ամէն ինչ փորձել: Ժիրայրի սկզբունքն է փորձելը, որպէսզի իմանայ՝ ինչն է լաւ, ինչն է վատ աճում:
Ժիրայրը նաեւ ջրդի տարածք ունի, որտեղ ուզում է հատապտուղներ աճեցնել, բայց մոշերից պէտք է ազատել, իսկ «այստեղի մարդիկ երբեմն փող ալ կուտաս, չեն ուզենայ աշխատիլ»:
Ժիրայրն ասում է, որ ինքն ու իր ընտանիքը շատ են աշխատում: Եղել են դէպքեր, երբ Սիրիայում առաւօտ 5ից մինչեւ միւս առաւօտ՝ ժամը 3ն աշխատել են: Հիմա էլ Կովսականում, եթէ մարդիկ 2-3 ժամ են աշխատում, իրենք լինում են դէպքեր, երբ 12 ժամ մի հողակտորում են աշխատում, յետոյ միւս հողակտորն են գնում: «Այստեղ մարդ չկար, տրակտոր մը չէիր տեսնէր, որ աշխատի, բայց հիմա մեզի կը նայեն, կտեսնիս՝ իրենք ալ երբեմն կ՛ուշանան, գիշերը մինչեւ 1-2ը կաշխատին», պատմում է Ժիրայրը:
Իսկ Կովսականում, Ժիրայրի խօսքով, ով գալիս է, ուզում է պետական հիմնարկում աշխատել՝ դպրոցում, հիւանդանոցում, քաղաքապետարանում, հրշէջում, բայց ողջ ժողովուրդը այդ հիմնարկներում չի կարող տեղաւորուել, պէտք է նաեւ հողագործութեամբ զբաղուի:
«Ինչքան ժողովուրդ շատ վերաբնակուի, այնքան գործ կը լինի, այնքան ժողովուրդ կրնայ ապրի: Եթէ ժողովուրդ չկայ, քաղաք չի կարող լինել», ասում է Ժիրայրը:
Նրա աւագ որդին Հայոց բանակում է ծառայում: Երեխաներից մէկը ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետում է սովորում: Միւսները դեռ դպրոցական տարիքի են: Երեխաներն այստեղ ուրախ են, այստեղ ազատ է, ասում է Ժիրայրը, իսկ Սիրիայում միշտ շէնքերի մէջ են եղել, քիչ են շփուել օտարների հետ:
«Հիմքը դրել ենք այստեղ, պիտի մնանք: Մենք որ ուզենք, օրինակ, եւրոպական որեւէ տեղ գնալ, հեշտ էր մեզ համար, կրնայինք էրթալ, բայց մենք ընտրել ենք հայրենիքը: Ով որ կ՛երթայ, թող էրթայ, Աստուած հետը, բայց անպայման կարօտով կը մնան հայրենիքին: Մենք հայրենիքի մէջն ենք. լաւ է, վատ է, մերն է: Մի օր լաւ պիտի լինի, մի օր վատ, բայց կարեւորը մերն է», ասում է Ժիրայր Տօնապետեանը:
«Հետք»