
Քնելու ընթացքում շնչառութեան կարճատեւ դադարն անուանւում է քնի «ափնիա» համախտանիշ: Այս հիւանդութիւնն ունի աշխարհի բնակչութեան տասը տոկոսը: Սա համեմատաբար վերջերս ուսումնասիրուած հիւանդութիւն է: Դա է պատճառը, որ անգամ հիւանդ մարդիկ տեղեակ չեն այս խանգարումների մասին: Քնած ժամանակ կոկորդի մկանները թուլանում են, առաջացնում է խցանում եւ շնչառութեան ժամանակաւոր կանգ: Թթուածինը նուազ չափով է թափանցում արեան մէջ, սակայն ուղեղի ազդակների օգնութեամբ շնչառութիւնը վերականգնւում է: Շնչառութեան նման դադարներ մէկ գիշերուայ ընթացքում կարող են կրկնուել աւելի քան յիսուն անգամ, որն ընդհանուր հաշուով մէկ ժամից աւելի է: Շնչառական մկանների թուլացումն է պատճառը, որ քնած մարդը սկսում է խռմփացնել եւ յաճախ խռմփոցի ընդհատուող ռիթմից կարելի է կռահել, որ մարդն ունի շնչառութեան խնդիրներ: Քնի «ափնիա» համախտանիշին հակուած են ծխող, աւելորդ քաշ եւ թոքերի հիւանդութիւն ունեցող մարդիկ: Թթուածնի պակասի պատճառով այս հիւանդները կարող են քրոնիկ (երկարատեւ եւ յաճախ կրկնուող-Խմբ.) յոգնածութիւն, քնկոտութիւն զգալ, կենտրոնացման դժուարութիւն ունենալ:
Ախտորոշման համար ուսումնասիրւում են սրտի զարկերը, ուղեղի ազդակները, չափւում է արեան թթուածնային մակարդակը: Անտեսուած հիւանդութիւնը կարող է տարբեր բարդութիւնների պատճառ դառնալ՝ ինչպիսիք են արեան բարձր ճնշումը, սրտի իշեմիկ (սակաւարիւնութեան-Խմբ.) հիւանդութիւնները կամ անսպասելի մահը: Բուժման ամենատարածուած ձեւը յատուկ սարքերն են՝ Continuous positive airway pressure (CPAP): Դրանք դիմակներ են, որոնք ապահովում են թթուածնի շարունակական հոսքը դէպի շնչուղիներ: Քաշի նուազումը նոյնպէս կը նպաստի բուժմանը, քանի որ կոկորդի հիւսուածքներում ճարպի կուտակումները նոյնպէս կը պակասեն: Վիրաբուժական միջամտութեամբ նոյնպէս հնարաւոր է բարելաւել թթուածնի անընդմէջ մատակարարումը: Ամէն տեսակէտից առողջարար է քիչ ծխել ու խուսափել ալկոհոլից:
Խնդրէք, որ ձեր հարազատներից մէկը ուշադիր լինի ձեր քնած ժամանակ, եւ եթէ կան հիւանդութեան ախտանշաններ կամ կասկածներ, ապա դիմէք բժշկին: