«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Միջնադարեան Հայաստանի մայրաքաղաք Դուինի հնավայրի գտածոները՝ ջնարակուած խեցեղէնը, ապակու որոշ տեսակներ, կարող են էտալոն (ստուգանմոյշ-Խմբ.) լինել տարածաշրջանի համար: Հնագիտական արշաւախմբի ղեկավարի տեղակալ Նիւրա Յակոբեանն «Արմէնփրես»ի թղթակցի հետ զրոյցում, ամփոփելով 2013ի պեղաշրջանի աշխատանքը, նշեց, որ աշխատանքներն ընթացել են կենտրոնական թաղամասի՝ կաթողիկոսական 5րդ դարի պալատի արեւմտեան եւ արեւելեան հատուածներում: «Պեղումներ են իրականացուել նաեւ հարաւային բուրգի շրջանում, կաթողիկոսական պալատի հարաւ-արեւմտեան հատուածում, որի արդիւնքում բացուել է վաղ երկաթի դարաշրջանի թրծման վառարան՝ երկու օդամուղներով:
Արեւմտեան հատուածում բացուել է արաբական շինութեան պատի մի հատուած, արեւելեան հատուածը եղել է թաղումներով պատուած եւ այդտեղ պեղումները դադարեցուել են», տեղեկացրեց արշաւախմբի ղեկավարի տեղակալը: Հնավայրի հարաւային բուրգում պարսպապատին կից բնակելի թաղամաս է բացուել (11-13 դդ.), շինութիւններում բազմաթիւ թոնիրներ են եղել զետեղուած:
Ուսումնասիրութիւններ են կատարուել նաեւ հնավայրի հիւսիս-արեւմտեան լանջին, որտեղ, Յակոբեանի խօսքով, եզակի եւ հետաքրքրական աղիւսաշէն շինութիւն է բացուել՝ գիպսէ յարդարանքով եւ յախճապակէ թասերով: Արշաւախումբն աշխատանքները կը վերսկսի 2014ին, պեղումները այս հատուածում եւս կը շարունակուեն, հնագէտի համոզմամբ՝ մի շարք վիճահարոյց հարցերի պատասխաններ գտնելու նկատառումով: Պեղման աշխատանքներ են ընթացել նաեւ բլրի հիւսիսային գագաթին, որտեղ անտիկ դարաշրջանի շերտեր են բացուել:
Յայտնաբերուած վաղ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանով թուագրուող իրերն ու առարկաները՝ խեցեղէն, դրամների գտածոներ, մետաղներ, կը յանձնուեն վերականգնողական լաբորատորիա: Առաւել արժանիները, ըստ հնագիտական արշաւախմբի ղեկավարի, յետագայում կը յանձնուեն Հայաստանի պատմութեան թանգարանին:
Դուինն ունեցել է ժամանակի զարգացած քաղաքներին բնորոշ քաղաքաշինական նկարագիր: Աւերակների վերածուած նախկին ծաղկուն ու զարգացած քաղաքը Միջնադարեան Հայաստանի բարձր մշակոյթի պատմական վկան է: Զարգացած են եղել արհեստագործական ճիւղերը, կաւագործութիւնը, մշակոյթը, շինարարութիւնը, քաղաքը նաեւ առեւտրային ճանապարհների խաչմերուկ է եղել: Տարբեր ժամանակների պեղումներով բացուել են քաղաքի միջնաբերդի տարածքի եւ կենտրոնական թաղամասի պաշտամունքային եւ աշխարհիկ ճարտարապետական շինութիւնների մնացորդներ:
Միջնադարեան Հայաստանի Դուին մայրաքաղաքի աւերակները գտնւում են Վերին Դուին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշէն, Այգեստան գիւղերի տարածքներում, Երեւանից մօտ 30 կմ. հարաւ: 1937թ.ից Դուինի աւերակներում ընդմիջումներով հնագիտական պեղումներ են իրականացուել Ն. Մառի, Խ. վարդապետ Դադեանի, Ս. Տէր Աւետիսեանի, Կ. Ղաֆադարեանի, Ա. Քալանթարեանի կողմից: Այս տարի եւս բացառութիւն չէր: Շուրջ երկու ամիս հնավայրի տարածքում ուսումնասիրութիւններ են կատարել ՀՀ ԳԱԱ հնագիտութեան ու ազգագրութեան ինստիտուտի հինգ աշխատակիցներ (արշաւախմբի ղեկավար Յուսիկ Մելքոնեան, Ֆրինա Բաբայեան, Աղաւնի Ժամկոչեան՝ միջին դարերի հնագիտութեան բաժնից) եւ Գայիանէ Քոչարեանը՝ անտիկ հնագիտութեան բաժնից:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.