ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Հայաստանում, ինչպէս նաեւ Սփիւռքում ապրողների մի զգալի հատուած հաստատապէս այն կարծիքին է, թէ մեր երկրի զարգացման սոցիալ- տնտեսական ուղին անպայման պէտք է եւրոպական արահետով գնար: Թէ որքանո՞վ է առարկայական այս կեցուածքը, միայն բարձրեալին է յայտնի: Իսկ թէ որքանո՞վ է Եւրոպան պատրաստ Հայաստանի պէս երկրին իր «ընտանիք»ում ողջունելու, դժուար չի լինի կռահել մի շարք այլ երկրների օրինակով: Եւրոպայի ծոցում գտնուող նոյն Բուլղարիան, Ռումինիան, Լեհաստանը եւ նոյնիսկ Հունգարիան անտեսուած որբի կարգավիճակով են ապրում, համեմատած արեւմտաեւրոպական մի շարք պետութիւնների հետ: Տեղական բնակչութեան մի զգալի հատուած պատրաստ է թողնել ու հեռանալու իրենց երկրներից՝ արժանավայել գոյութեան ակնկալիքով:
Խորհրդային ժամանակներում երբեմնի հարուստ գիւղատնտեսական պետութիւն համարուող Բուլղարիան այժմ ձեռքը պարզած հետեւում է, թէ իր նոր տէրերը ինչ փշրանքներ կարող են նետել, որպէսզի քաղցած չմնայ տեղի բնակչութիւնը: Ռումինիան, որ արեւելեան բլոկի միակ պետութիւնն էր, որ արտաքին պարտք չունէր, այժմ լողում է պարտքերի մէջ՝ առանց որեւէ ակնկալութեան, թէ ինչպէ՞ս է դրանք մարելու: Լեհաստանն ու Հունգարիան, համեմատած այս երկուսի հետ, աւելի բարւոք վիճակում են, սակայն բնակչութեան բարեկեցութիւնը ընդհանուր առմամբ հեռու է դրական համարուելուց:
Եւրոպական «ընտանիք»ի հիմնական յաւակնորդներից մէկն է նաեւ Ալբանիան, որը 2003 թուականից դիմում է ներկայացրել Եւրոմիութիւն ընդգրկուելու ակնկալիքով: Այս պետութիւնը իր բնակչութեան չափի առումով թերեւս ամենամօտն է Հայաստանին: Ալբանիայում բնակւում է մօտաւորապէս 2 միլիոն 800 հազար մարդ: Սակայն եւրոպացիները չեն շտապում Ալբանիային իրենց կազմում ընդգրկելու առումով, քանի որ այս պետութիւնը շատերը նոյնացնում են խոշոր գլխացաւանքի հետ: Տնտեսապէս այն թոյլ է, իսկ ալբանական հրոսակախմբերը յայտնի են Եւրոպայում իրենց գործողութիւններով՝ դրամաշորթութիւն, թմրաբիզնես, եւ այլն: Ասում են, թէ իր դաժանութեամբ ալբանական կազմակերպուած յանցախմբերը կարողացել են դուրս մղել իտալական մաֆիային իրենց գործունէութան ոլորտներից: Ալբանացիներից խորշում են, վախենում նրանցից:
Այլ կը լինի Հայաստանի պարագան: Եւրոպայի հետ ընդհանուր սահմանի բացակայութիւնը խոչընդոտ է, բայց կարելի է ասել (համեմատական կարգով), որ Հայաստանը աւելի եւրոպականացուած երկիր է, քան իր արեւելեան հարեւանները:
Հարց է ծագում, արդեօք ո՞ր մի եւրոպացուն է պէտք շրջապատուած, աղքատ Հայաստանը: Ճիշդ է, խորհրդային տարիներին Հայաստանը չունէր անվտանգութեան խնդիրներ, եւ ծաղկում էին գիտութիւնն ու արուեստը: Այսօր, շրջափակուած լինելով գրեթէ չորս կողմից, ունենալով ուղղակի եւ անուղղակի կախուածութիւն Ռուսաստանից, գտնուելով ակտիւ եւ պասիւ զինուած հակամարտութիւնների մէջ իր հարեւանների հետ, ո՞ր մի եւրոպացու դարդ ու ցաւն է կտրուել, բաց ձեռքերով Հայաստանին ընդունելու, եթէ չկան ետին մտքեր: Իսկ ետին մտքերը կարելի միայն կռահել: Եթէ Հայաստանին Ռուսաստանի հետ խռովեցնել հնարաւոր լինէր, ապա մեզ համար միակ ելքը Եւրոպայի հետ մտերմանալն էր, որտեղ առաջին իսկ յարմար դէպքում Հայաստանը դրուելու էր զոհասեղանին՝ հնարաւոր քաղաքատնտեսական շահաբաժիններ կորզելու համար:
Պատմութեան դասերը դաժան են. եւրոպական բարեկամները բազմիցս մեզ լքել են ձեռնունայն եւ թողել են թշնամու դէմ մէն մենակ: Այս առումով, Ռուսաստանն էլ մի բարի պտուղ չէ եւ ունի իր բաժինը, բայց եւ այնպէս ռուսական բազուկի ահից է, որ մինչեւ այսօր Հայաստանին ճզմել ցանկացողները չեն յանդգնում առաջ շարժուել: Միացեալ Նահանգները հեռւում են, եւ գուցէ լաւ է, որ բացայայտ զօրակցութիւն չեն յայտնում Հայաստանին: Վրաստանի օրինակը մեր առաջ է, երբ ամերիկեան աջակցութեան արդիւնքում երկիրը անվերադարձ կորցրեց իր տարածքների մի զգալի մասը: Մենք էլ կարող ենք նոյն վիճակում յայտնուել, եթէ կուրօրէն ողջագուրուենք եւրոպական ընտանիքին, ընդմիշտ երես թեքելով Ռուսաստանից: Այս մասին լաւ գիտեն շատերը, նոյնիսկ նրանք, ովքեր բացարձակ ձեւով քարոզում են Ռուսաստանից կտրուելու դոկտրինան (ուսմունքը-Խմբ.):
Եւրոպան իր խնդիրներն ունի՝ յանձինս Յունաստանի, Իսպանիայի, Իռլանդիայի եւ արեւելեան հատուածի երկրների: Արդեօք մեր պատուին կը կերցնե՞նք «յայտնուել սովալլուկ որբի վիճակում, կանգնած քարաբաղնիսի ճանապարհին՝ փող մուրալիս», ինչպէս արտայայտուել է մի ռուս քաղաքագէտ, նկարագրելով Հայաստանին, եթէ վերջինս հրաժարուէր Մաքսային միութիւնից:
Միջազգային թատերաբեմը գնալով աւելի թէժանում է: Այս առումով՝ հրամայական է դարձել, որ Հայաստանը շուտափոյթ ձեւով լուծի իր ներքին ահագնացող թնջուկները, այլապէս միջազգային խնդրի առաջացման պարագայում կարող է յայտնուել չտեսնուած չլսուած խառնաշփոթի շեմին:
Լաւ Վելուծում, Ճիշդ Վերլուծում,
Իմ Համոզումս՝ որ ուրիշ առիթով հայտնած եմ,
՝
Որպէս հին հայ, ոչ այսօրուայ հայաստանի բնակիչ եւ ոչ ալ այսօրուայ հայաստանցի արտագաղթող.
Ես վստահութիւն չունիմ ԵՄ-ին,
Անգլիան՝ դշնամի է հայութեան
ԱՄՆ-ը՝ խոսդմնադրուժ է, եւ
Ֆրանսան՝ Դաւաճան.
Իւրաքաչիւր կէտ վերլուծելի է, բացատրելի է՝ պատմականորէն.
Եւ պարզապէս հարցնենք,
Ին՞չ կրցաւ ընել ԵՄ-ը Կիպրոսի Գրաւման հարցով՝ Թուրքիոյ կողմէն,
Եւ ին՞չ կրնայ ընել նոյն ԵՄ-ը՝ Արցախին համար՝ նման պարագայի մը. Ոչինչ եւ Ոչինչ.
Պէտք է համոզենք Հայաստանի մեր Հակա ՄՄ հայրենակիցները Պատմակա մեծ սխալ չգործելու համար.
Գիտնանք որ մեր դժբախտութիւններուն մեծագոյն պատճառը մեր մէջ պէտք է փնտռենք.
Վահան Վանական,
Զուիցերիա