
Ուկրաինական «Ռեպորտեօր» ամսագիրն օրերս հրապարակել է «Ռուսկի Ռեպորտեօր» ամսագրի «Կացնով Եւ Գրչով» ծաւալուն անդրադարձը Ակրամ Այլիսլիի եւ Ռամիլ Սաֆարովի վերաբերեալ: Թարգմանաբար ներկայացնում ենք հրապարակումը:
2004թ.ի Փետրուարի 18ին ադրբեջանական բանակի սպայ Ռամիլ Սաֆարովը խանութից կացին գնեց: Բուդապեշտի սպայական հանրակացարանում նստած՝ նա ողջ գիշեր սրում էր կացինը: Դրանից մէկ ամիս առաջ Ռամիլը այնտեղ էր ժամանել դասընթացների մասնակցութեան համար, որոնք կազմակերպուել էին տարբեր երկրների զինուորականների համար՝ «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ծրագրի շրջանակներում:
Նրա հետ միասին դասընթացներին մասնակցում էին նաեւ երկու երիտասարդ սպաներ Հայաստանից: Միջանցքում Սաֆարովը մի քանի անգամ հանդիպել էր նրանց հետ: Սկզբում հայերը փորձել էին ողջունել Սաֆարովին, սակայն նա չէր արձագանգել: Վերջին անգամ նրան միջանցքում հանդիպելիս հայերը ժպտացել էին, մէկը միւսին ինչ որ բան էր ասել: Այդ ժամանակ Ռամիլը հասկացել էր, թէ ինչ է անելու:
Գործընկերութիւնը յանուն խաղաղութեան նա իրականացրել էր այսպէս. առաւօտեան ժամը 5ին մտել էր այն սենեակը, որտեղ ապրում էր Գուրգէն Մարգարեանը: Այն փակ չէր, միացրել էր լոյսը եւ կացնի մի քանի հարուածներով կտրել քնածի գլուխը: Արթնացած հարեւանը՝ հունգարացի սպան, բղաւել էր եւ վախեցած դուրս թռել սենեակից: Ռամիլը ծխել էր ծխախոտը, այնուհետեւ այն հանգցրել մահացածի մարմնի վրայ եւ գնացել երկրորդ հային փնտռելու: Փախչող զինուորակնները սկսել էին համոզել Ռամիլին, ով երկու մետր հասակ եւ սպորտային կազմուածք ունէր: Սաֆարովը վստահ չէր, որ ճիշդ սենեակն է գտել, հետեւաբար, դադարել էր դուռը թակել, եւս մէկ ծխախոտ էր ծխել եւ ապա յանձուել այնտեղ ժամանած ոստիկանութեանը:
Դատավարութեան ընթացքում նա ոչ մի րոպէ չի զղջացել՝ փոխարէնը ափսոսանք է յայտնել, որ չի կարողացել գտնել երկրորդ հային: Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման:
2012թ.ի Օգոստոսին Ադրբեջանը պատրաստակամութիւն յայտնեց գնելու հունգարական պետական պարտատոմսերը 3 մլրդ. եւրօ արժողութեամբ: Անմիջապէս այս ամէնից յետոյ Ռամիլ Սաֆարովը արտայանձնուեց Ադրբեջանին՝ պայմանով, որ պատժի մնացած մասը կը կրի հայրենիքում՝ միաժամանակ այն երաշխաւորութեամբ, որ հայրենքիում չի յայտնուի ազատութեան մէջ: Նրան ազատ արձակեցին հէնց օդանաւակայանում, նախագահ Ալիեւը նրան համաներում տալու հրամանագիր ստորագրեց, լէյտենանտի կոչումը բարձրացրեց մայորի կոչման, նուիրեց բնակարան եւ հրամայեց վճարել բանտում անցակցուած 8 տարիների նրա աշխատավարձը: Ռամիլին դիմաւորեցին որպէս ազգային հերոսի: Հազարաւոր մարդիկ էին դուրս եկել փողոց, հեռուստաընկերութիւնները օրեր շարունակ ցոյց էին տալիս, թէ ինչպէս է Սաֆարովը ծաղիկներ դնում Հէյդար Ալիեւի գերեզմանին եւ համեստօրէն երախտիք է յայտնում հայրենակիցներին՝ իրեն աջակցելու համար: Նոյնիսկ նրա հարսանինքն էր դարձել համաժողովրդական տօնակատարութիւն:
Այս ամէնը տեսնելով՝ ծերունի գրող, ադրբեջանական գրականութեան դասական Աքրամ Այլիսլին որոշեց հրատարակութեան ուղարկել՝ վեց տարի իր սեղանին գտնուող ձեռագիրը: Դա «Քարէ երազներ» անուամբ պատմուածքն էր, որը պատմում էր 1990ականների ձմռանը Բաքւում իրագործուած հայերի կոտորածների մասին:
2012թ.ի Դեկտեմբերին պատմուածքը լոյս տեսաւ մոսկովեան «Դրուժբա Նարոդով» ամսագրում, Յունուար ամսին այն արդէն սկսեցին կարդալ Բաքւում, եւ Աքրամը դարձաւ դաւաճան: Փետրուար ամսին նրա գրքերը արդէն սկսեցին վառել հրապարակներում, տարբեր քաղաքներում բողոքի ցոյցեր ընթացան, մարդիկ վանկարկում էին. «Այլիսլին հայ է»: Կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցութեան ակտիւ երիտասարդները Բաքուի փողոցներով նրա գրքերով լի դագաղ էին տեղափոխում եւ այրում էին նրա նկարները, որում ճակատին խաչ էին նկարել: Նոյնիսկ նրա հարազատ գիւղում էին մարդիկ բողոքում եւ գրքեր այրում:
Կրթութեան նախարարութիւնը նրա ստեղծագործութիւնները հանեց դպրոցական կրթական ծրագրերից: Կնոջը եւ որդուն էլ աշխատանքից ազատեցին: Բոլորը, ով կարող էր՝ գրողներ, ակադեմիկոսներ, դերասաններ, անմիջապէս խզեցին դաւաճանի հետ ունեցած կապերը: Ադրբեջանի գրողների միութիւնը Այլիսլիին հանեց իր շարքերից, չնայած, որ վերջինս ինքնակամ էր լքել այդ շարքերը դեռեւս 20 տարի առաջ: Խորհրդարանի պատգամաւորները պահանջում էին նրա նկատմամբ գենետիկական վերլուծութիւններ անել՝ պարզելու համար, արդեօք նա հայ չէ՞: Եւ վերջապէս, կառավարամէտ «Ժամանակակից Մուսաֆատ» կուսակցութիւնը յայտարարեց, որ 12 հազար դոլար գումար կը վճարի նրան, ով կը կտրի գրողի ականջները: