ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը (ՀՄԸՄ) 2018թ.ին կը նշի ստեղծման հարիւրամեակը: 1918 թուականին հիմնադրուելով Կոստանդնուպոլսում, որպէս հայկական մարզական եւ սկաուտական կազմակերպութիւն, ՀՄԸՄի նպատակն էր. «Ֆիզիքական առողջ դաստիարակութիւն տալ հայ անհատին՝ համակելով նրա միտքն ու սիրտը մարզական ազնուագոյն ոգով: Սովորեցնել նրան՝ լինել աշխատասէր, արի, ազգասէր եւ հայրենասէր, օրինապահ, զարգացնել նրա մէջ պարտականութեան, պատասխանատուութեան եւ պատուի զգացումները, համերաշխութեան եւ փոխադարձ օգնութեան ոգին»: ՀՄԸՄի այս նպատակին այնուհետեւ միահիւսուեց նաեւ Սփիւռքում հայապահպանման եւ հայ մանուկներին ու երիտասարդներին ազգայինի շուրջ համախմբելու բարձր առաքելութիւնը:
Տասնամեակներ շարունակ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնն անշեղօրէն իրականացրել է իր նպատակները՝ շնորհիւ նուիրեալների, ովքեր «Բարձրացիր, բարձրացրու» նշանաբանով, սերնդէ սերունդ ստանձնել են այս կարեւոր եւ խիստ պատասխանատու գործը: Այսօր, ՀՄԸՄն ունի 25 հազար անդամ աշխարհի հինգ մայրցամաքներում գործող իր 104 մասնաճիւղերում, որտեղ հայ պատանիները զբաղւում են տարբեր մարզաձեւերով, հայկական միջավայրում հաղորդակցւում միմեանց հետ: Միաժամանակ, սկաուտական խմբերում ներդրւում է հայրենասիրական ոգին՝ տարբեր ձեռնարկների, այդ թւում՝ հայագիտական թեմաներին առնչուող գիտաժողովների ու դասախօսութիւնների միջոցով: ՀՄԸՄի յաջողութիւնը պայմանաւորուած է նաեւ այն հանգամանքով, որ այս միութիւնն ընթանում է ժամանակին համաքայլ՝ պարբերաբար իրականացնելով արդիականացման աշխատանքներ: Այս առումով, շրջադարձային կարելի է համարել 2007թ.ին Հայաստանում կայացած ՀՄԸՄի հերթական Համաշխարհային ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացուեց մշակել նոր ռազմավարութիւն, որը պէտք է դառնար կազմակերպութեան առաջիկայ տասնամեակների գործունէութեան առանցքը:
Նոյեմբերի 18ին Փասադենայի Հայ կենտրոնում, ՀՄԸՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը հրաւիրել էր շրջանի տարբեր մասնաճիւղերի վարչական կազմերի ղեկավարներին՝ ներկայացնելու Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան 10րդ պատգամաւորական ժողովի ժամանակ հաստատուած եւ արդէն պատրաստ ՀՄԸՄի ռազմավարական ծրագիրը: Պատրաստման աշխատանքները տեւել են չորս տարի եւ 2011թ.ին ընդունուելուց յետոյ սկսուել են տեղայնացման փորձնական աշխատանքներ մի շարք ուղղութիւններով: ՀՄԸՄի Ռազմավարական ծրագիրը 130 էջանոց փաստաթուղթ է, որ կարելի է գտնել Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան կայքում՝ հայերէն եւ անգլերէն լեզուներով:
«Մեր կազմակերպութեան գաղափարախօսութիւնն ու նպատակները հիմնադրման օրուանից չեն փոխուել: Ռազմավարական ծրագիրը համակարգելու է միայն այդ նպատակներին հասնելու ձեւերը՝ արդիականացուած միջոցներով: Այդպէս հնարաւոր կը լինի հասնել մեր գլխաւոր խնդրի լուծմանը՝ հայ պատանիներին ու երիտասարդներին ներգրաւել ազգապահպանման գործում», «Ասպարէզ»ին տրուած բացառիկ հարցազրոյցում նշեցին ՀՄԸՄի Կենտրոնական վարչութեան անդամներ Վիգէն Դաւիթեանը (ԱՄՆ) ու Միհրան Շիմշիրեանը (Լիբանան):
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ առանձնայատկութիւններ ունի Ռազմավարական ծրագիրը:
ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Ռազմավարական ծրագիրը բաղկացած է 11 կէտերից, որոնք ամբողջութեամբ ամփոփում են մեր աշխատանքները: Ծրագիրն առանձին բաժիններով անդրադառնում է ՀՄԸՄի միութենական աշխատանքների արժեւորման նոր մեթոդների որդեգրմանը, հայոց լեզուի գործածութեանը զարկ տալու միջոցներին, աշխարհասփիւռ երիտասարդութեանը հասանելի դառնալու ձեւերին եւ այլն: Ծրագրում մեծ տեղ է յատկացուած կազմակերպչական աշխատանքներին, օրինակ՝ առցանց հաղորդակցութեանը, տուեալների եւ տեղեկութիւնների հասանելիութեանն առցանց տարբերակով: Այս բոլոր հարցերը լուծուելու են նոր տեղեկատուական տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու-Խմբ.) միջոցով: Մեկնարկելու ենք մի քանի փորձնական ծրագրեր, որոնց միջոցով կը տեսնենք, թէ ինչ արդիւնքներ ենք ունենում, ի՞նչ սխալներ եւ բացթողումներ եւ կը կատարենք համապատասխան ուղղումներ, մինչ ծրագրերի ամբողջական թողարկումը: Սա հսկայածաւալ աշխատանք է, որտեղ առաջին քայլը համադրելն է՝ նկատի ունենալով աշխարհի տարբեր երկրներում մեր մասնաճիւղերի պահանջները, որ իրարից տարբերւում են, սակայն բոլորիս նպատակը նոյնն է: Կարեւորագոյն խնդիրներից է հայերէն լեզուի օգտագործումը հասցնել առաւելագոյն մակարդակի, որ շատ նուազել է: Մեր հիմնական՝ մարզական եւ սկաուտական աշխատանքներում եւս նախատեսւում են աշխատանքի ձեւերի փոփոխութիւններ, միաժամանակ, ունենալու ենք նաեւ մշակութային ծրագրեր:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ մարտահրաւէրներ ունի այսօր ՀՄԸՄը:
ՄԻՀՐԱՆ ՇԻՄՇԻՐԵԱՆ.- Ամենամեծ մարտահրաւէրը՝ Սփիւռքում հային հայ պահելն է, իսկ հայրենիքում՝ դաստիարակել որպէս լաւ քաղաքացի: Այս երկուսը մեր հիմնական նպատակներն են: Այդ իսկ պատճառով ռազմավարական ծրագիրը իր դրոյթներով եւ գործելաոճով եկել է ասելու, որ մենք պէտք է աշխատենք այդ երիտասարդութեան հետ, որն ի տարբերութիւն նախորդ սերունդների, այլեւս չի հետաքրքրւում հայկական իրականութեամբ: Փորձում ենք օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները եւ քայլել ժամանակի հետ, որպէսզի մեր գործունէութիւնը հետաքրքիր լինի նաեւ երիտասարդներին:
ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Այժմ շատ կարեւորում ենք սոցիալական (ընկերային-Խմբ.) կայքերը: Օրինակ, Նաւասարդեան խաղերի ժամանակ բոլորը կարող էին առցանց ռեժիմով տեղեկանալ իրենց խաղերի ժամերի, ծրագրերի, արդիւնքների մասին: Աշխատում ենք առաւելագոյն չափով արդիականացնել մեր մեթոդները եւ դրա միջոցով մեր երիտասարդներին պահել մեր շարքերում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վերջին տարիներին ի՞նչ միտումներ կան երիտասարդների ներգրաւման առումով:
ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Մարզումների ձգողական ուժը շատ մեծ է, մանաւանդ՝ բասկետբոլի: Մեր մասնաճիւղերը մեծ թուով մարզիկներ ունեն: Ծնողները նախընտրում են իրենց զաւակներին ուղարկել ՀՄԸՄ, որպէս ապահով վայր: Սովորաբար 18 տարեկանից յետոյ երիտասարդները հեռանում են, սակայն 30ից յետոյ նորից վերադառնում, մասնաւորապէս, երբ ընտանիք կազմելով երեխայ են ունենում՝ իրենց մանուկներին են բերում: Հիմնականում շարունակականութեան արդիւնքում է ապահովուում մեր շարքերի համալրումը, եւ այսօր 25 հազարից աւելի անդամ ունենք ամբողջ աշխարհում: Միաժամանակ, տարիների ընթացքում վերլուծում եւ կազմում ենք մեր մարզիկների ու սկաուտների թուերն աւելացնելու այլ ձեւեր:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ ինչպէ՞ս էք փորձում հայ պատանիներին գրաւել:
ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Միացեալ Նահանգներում մրցակցութիւնն այլ օտար կազմակերպութիւնների ու միութիւնների հետ շատ խիստ է: Մենք կիրառում ենք տարբեր միջոցներ մեր երեխաներին հայկական միութիւններում ներգրաւուելու համար: ՀՄԸՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան մարզական խորհուրդը, ամէն տարի Քալիֆորնիայի հայ աշակերտների համար կազմակերպում է ՔԱՀԱՄ անուանումով մրցումներ, որ ներառում է կողովագնդակի, ոտնագնդակի, փինգ-փոնգի, վոլէյբոլի, թեթեւ աթլետիկայի եւ մի շարք այլ մարզաձեւեր: Այս խաղերին մասնակցում են նոյնիսկ ամերիկեան դպրոցներում սովորող հայ աշակերտներ, որոնց մեծամասնութիւնը ՀՄԸՄական չեն լինում, սակայն ՔԱՀԱՄի միջոցով նրանք ծանօթանում եւ հետաքրքրւում են մեր միութեամբ եւ շուտով անդամակցում:
ՄԻՀՐԱՆ ՇԻՇՄԱՆԵԱՆ.- Նոյն պատկերն է Լիբանանում: Բոլոր հայ վարժարանների աշակերտները, նաեւ օտար վարժարանների աշակերտները գալիս եւ մասնակցում են ամէնամեայ այս խաղերին, եւ այդպիսով աճում է նաեւ մեր անդամների թիւը: Ռազմավարական ծրագրի միջոցով այդ ամէնն աւելի կազմակերպուած բնոյթ կը կրի:
ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Կը ցանկանայի նշել նաեւ Նաւասարդեան խաղերը, որ բացի մարզական մրցումներից, տօնական մի քանի օր է պարգեւում մեր համայնքին: Մրցախաղերն ամփոփող փակման հանդիսութիւնների ժամանակ մենք ունենում ենք աւելի քան 20 հազար այցելու, եւ սա եւս մէկ միջոց է ՀՄԸՄի մասին տեղեկացնելու:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նշեցիք, որ ռազմավարական ծրագիրը կազմելիս հաշուի էք առել իւրաքանչիւր երկրի առանձնայատկութիւնը: Իսկ ինչպէ՞ս է արտայայտուելու ձեր գործունէութիւնը Հայաստանում:
ՄԻՀՐԱՆ ՇԻՇՄԱՆԵԱՆ.- Հայաստանում մեր աշխատանքները տարբեր են Սփիւռքից: Հայրենիքում մենք հիմնականում կենտրոնացած ենք սկաուտական աշխատանքների ուղղութեամբ, եւ Հայաստանի սկաուտական կազմակերպութիւնը ճանաչուած է Միջազգային սկաուտական գրասենեակի կողմից: ԱՊՀ երկրների շրջանում, Հայաստանի սկաուտական կազմակերպութիւնն ամենագործունն ու ընդունուածն է: Միջազգային սկաուտական կազմակերութեան բոլոր միջոցառումներն այսօր ցանկանում են իրականացնել Հայաստանում, եւ սա մեծ յաջողութիւն ենք համարում:
ՀՄԸՄը նուիրեալների միութիւն է, որի յաջողութիւնը այն անհատներն են, որ միաւորուելով գաղափարի շուրջ՝ կազմակերպութիւնը դարձրել են համաշխարհային հաշտ ու ներդաշնակ ընտանիք:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ովքե՞ր կարող են դառնալ այդ ընտանիքի մաս:
ՎԻԳԷՆ ԴԱՒԻԹԵԱՆ.- Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը բաց է բոլորի համար, եւ մեզ կարող է անդամակցել իւրաքանչիւր ցանկացող: Չափազանց կարեւորում ենք կամաւորական աշխատանքը, որ մեր գործունէութեան հիմքն է: Մեր ցանկութիւնն է, որ ՀՄԸՄի խօսքը տարածուի, որ մեր միութիւնը լինի ապագային ուղղուած հայկական առաջնակարգ կազմակերպութիւն ե՛ւ Սփիւռքում, ե՛ւ հայրենիքում՝ նպաստելու մանուկների եւ երիտասարդների հայեցի դաստիարակմանը: 95 տարի իրականացրել ենք այդ աշխատանքը՝ յաղթահարելով շատ դժուարութիւններ, սակայն երբեք չենք ընկրկել: Աշխատելու ենք, որ երկրորդ հարիւրամեակը լինի առաւել կազմակերպուած ու արգասաբեր:
Առաջնորդուելով «Նպատակն առանց ծրագրի պարզապէս ցանկութիւն է» կարգախօսով՝ ՀՄԸՄը նախագծել է 21րդ դարի յաւակնոտ մի ծրագիր, որտեղ մանրամասն կերպով ներկայացուած են կազմակերպութեան ապագայ անելիքները: Շեշտը դնելով երիտասարդների եւ պատանիների առողջ դաստիարակութեան վրայ, ՀՄԸՄը եւս մէկ անգամ վկայում է, որ նպատակները հիմնաւոր են, կամքը՝ զօրաւոր:
Բարի երթ եւ յաջողութիւն ենք մաղթում:
Տեղեկանք. Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան Ռազմավարական ծրագրի հիմնական ուղղութիւնները.
– Հեռահայեաց գրաւիչ տեսլական
– Յանձնառու ղեկավարութիւն
– Ինքնաբաւ ՀՄԸՄ-ՀԱՍԿ եւ ՀՄԸՄի աւելի զօրաւոր եւ նուիրեալ յանձնառութիւն Հայաստանի Հանրապետութեան հանդէպ
– Համակազմակերպական արհեստագիտութիւն
– Երիտասարդութեան (եւ երիտասարդ չափահասների) խրախուսում
– Առնչակից եւ ազդեցիկ ծրագրեր
– Առողջ եւ թափանցիկ տնտեսական գործունէութիւն
– Անդամակցութեան թուի աճ եւ պահպանման բարելաւում
– Հասանելիութեան ՀՄԸՄի իսկական դիմագծի ծանուցումը
– Հայերէն լեզուի օգտագործումը հասցնել առաւելագոյն մակարդակի
– Ազդու եւ ճկուն կազմակերպական կառոյց