ՕՖԵԼԻԱ ՄԱՆՈՒԿԵԱՆ
Խօսքս պլաստիկ (գեղագիտական-Խմբ.) վիրաբոյժ Սուսան Չոբանեանի մասին է, որն արդէն 30 տարի զբաղւում է մարդկանց արտաքինին վերաբերող, ի ծնէ կամ ձեռք բերովի, վիրաբուժական խնդիրներով:
Ուշիմ ու խելացի աշակերտուհին 15 տարեկանում գերազանց դիպլոմով աւարտելով բարձր դպրոցը՝ ուսումը շարունակեց քոլեջում, որից յետոյ դարձեալ գերազանց դիպլոմով, արդէն 23 տարեկանում, աւարտեց Ուիսքանսընի բժշկական համալսարանը՝ համարուելով նահանգի ամենաերիտասարդ բժիշկը: Նա շարունակելով կատարելագործուել բժշկութեան մէջ՝ իր հիմնական մասնագիտութիւնը դարձրեց պլաստիկ վիրաբուժութիւնը եւ արդէն շուրջ 30 տարի զբաղւում է այդ դժուար ու պատասխանատու գործով:
Բժշկուհի Չոբանեանը ողջ Լոս Անջելեսում յայտնի է մասնագիտական մեծ հմտութիւններով եւ մարդկային բարձր արժանիքներով: Նա անչափ ուշադիր ու հոգատար է իր այցելուների հանդէպ: Երիտասարդների նկատմամբ ցուցաբերում է մայրական ջերմ հոգատարութիւն եւ ուշադրութիւն, դրա համար էլ շատ սիրուած ու պահանջուած վիրաբոյժ է համայնքում:
Սիրելի բժշկուհի, շնորհակալ ենք քեզ, որ դու կաս եւ օգնում ես մարդկանց՝ պարգեւելով նրանց ոչ միայն գեղեցկութիւն, այլեւ ինքնավստահութիւն եւ սէր կեանքի նկատմամբ: