
Պէտք է տարբերել գրիպը սովորական մրսածութիւնից: Գրիպի (flu) ախտանշաններն են՝ կոկորդի ցաւ, ջերմութիւն, գլխացաւ, մկանային ցաւեր, աւելի յաճախակի եւ երկարատեւ հազ: Հիւանդութեան տեւողութիւնն է մէկ շաբաթ, եւ հիւանդին եւս մէկ շաբաթ էլ անհրաժեշտ է լիովին ապաքինուելու համար: Իսկ մրսածութեան դէպքում հիմնական ախտանիշը քթարտադրութիւնն է, կոկորդի ցաւը, եւ երեք օրից արդէն նկատելի են ապաքինուելու նշանները:
Ամերիկայի սննդաբանների ասոցիացիան (միութիւնը-Խմբ.) գրիպի համաճարակների թէժ շրջանում խորհուրդ է տալիս սննդամթերքների այս ցանկը, որը բարերար ազդեցութիւն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրայ: Նախ պէտք է մտածել օրգանիզմի դիմադրողականութիւնը բարձրացնելու մասին, ինչին նպաստում է հակաօքսիդանտային յատկութիւններով օժտուած սննդամթերքը: Այդ ցանկի մէջ են սեւ հաղարջը, ոչ ճարպոտ խոզի միսը, թուրինջը, բրիւսելեան կաղամբը, մածունը, կարտոֆիլը, կոպիտ մշակման ցորենից պատրաստուած մակարոնեղէնը եւ ընկոյզը: Լաւ կը լինի, եթէ իւրաքանչիւր մարդու մէկ օրուայ սննդաբաժնի մէջ ներառուի երկու խնձոր: Չմոռանանք շեշտել հեղուկի օգտագործումը՝ օրական ոչ պակաս, քան 10 բաժակ:
Կանխարգելման տարածուած միջոց է գրիպի պատուաստանիւթը, որն օգնում է ձեր մարմնին ճանաչելու գրիպի վիրուսն (ժահրը-Խմբ.) ու պայքարելու դրա դէմ: Այն խորհուրդ է տրւում յատկապէս 6 ամսականից մեծ երեխաներին, յղի կանանց, մեծահասակներին եւ ճնշուած իմունային (վարակամերժ-Խմբ.) համակարգ կամ քրոնիկ (յաճախ կրկնուող-Խմբ.) հիւանդութիւն ունեցող մարդկանց:
Պատուաստանիւթ կարող էք ստանալ բժշկական եւ այլ մասնագիտացուած հաստատութիւններում, օրինակ՝ CVS Pharmacy-ների ցանցում: Իսկ կանխարգելման ամենարդիւնաւէտ միջոցը ձեռքերը յաճախակի լուանալն է: