
ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն յայտարարում էր, թէ Երեւան է այցելում Հայաստանի հետ յարաբերութիւնները վերականգնելու եւ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման անկեղծ նպատակներով: Սակայն նա դեռ չէր հասցրել առանձնազրոյց ունենալ Հայաստանի իր պաշտօնակից Էդուարդ Նալբանդեանի հետ, երբ Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» հայկական պարբերականից տեղեկատուութիւն ստացուեց, թէ թուրքական պատմագիտական ընկերութիւնը թուրքական համալսարաններից պահանջել է այն ուսանողների, ասպիրանտների անունները, աշխատանքների վերնագրերը եւ կոնտակտները, ովքեր ուսումնասիրութիւններ են կատարում Հայկական հարցի վերաբերեալ՝ սպառնալով կրթաթոշակներից զրկել բոլոր նրանց, ովքեր դարասկզբին կատարուած իրադարձութիւնները կը փորձեն որպէս Ցեղասպանութիւն ներկայացնել:
2009թ. հայ-թուրքական երկու արձանագրութիւնները ստորագրելուց առաջ եւ յետոյ պաշտօնական Անկարան յայտարարում էր, թէ այդ տարիներին տեղի ունեցածը միայն պատմաբանների, այսինքն՝ գիտական ոլորտի խնդիրն է: Աւելին՝ սոյն գաղափարը, որը, ըստ էութեան Ցեղասպանութեան արդիականութիւնը եւ դրա ճանաչման քաղաքական նշանակութիւնը նսեմացնելու եւ պատմութեան «աղբարկղը» նետելուն ուղղուած քայլ է, ընկած է նաեւ հայ-թուրքական արձանագրութիւնների հիմքում՝ այդ փաստերն ոսւումնասիրելու նպատակով պատմաբաններից կազմուած յանձնաժողով ստեղծելու տեսքով: Թուրքական պատմագիտական ընկերութեան այս նախաձեռնութիւնը, սակայն, ցոյց է տալիս, որ անգամ դրան Անկարան պատրաստ չէ: Պատմագիտութեան տոտալ (համատարած-Խմբ.) վերահսկողութիւնը, որը չէզոքացնում է իրական գիտութեան ամենակարեւոր սկզբունքը՝ անաչառութիւնը, աւելորդ անգամ պատռում է թուրքական քաղաքականութեան եւ դիւանագիտութեան դիմակը եւ Հայոց Ցեղասպանութիւնը պատմական բանավէճի յաւերժ թեմա դարձնելու անթաքոյց նպատակները:
Այս իրողութիւնը երանգաւորում է ՍԾՏՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների դռնփակ երկկողմ հանդիպումը: Ի՞նչ էր Նալբանդեանը քննարկում Դաւութօղլուի հետ՝ Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի նախաշեմին, երբ սեփական պատմագրութեան նման գրաքննութեամբ Թուրքիան պարզորոշ հասկացնում է իր իրական նպատակները: Պաշտօնական Երեւանը շարունակում է Թուրքիայի հետ իր յարաբերութիւնների հեռանկարը պայմանաւորել 2009ին ստորագրուած եւ երկու երկրների խորհրդարաններում վաւերացման սպասող զոյգ արձանագրութիւններով: Դաւութօղլուի այցի նախօրէին ՀՀ արգործնախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը յայտարարեց, թէ Թուրքիան կարող է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը նպաստել՝ առանց որեւէ նախապայմանի վաւերացնելով եւ կեանքի կոչելով 2009թ. Ցիւրիխում ստորագրուած հայ-թուրքական արձանագրութիւնները: Իսկ երբ Դաւութօղլուն արդէն Երեւանում էր, արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը շտապեց շեշտելու, թէ՝ «Հայաստանի եւ միջազգային հանրութեան դիրքորոշումը յստակ է. հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը պէտք է տեղի ունենայ առանց որեւիցէ նախապայմանի: Ուստի, թուրքական կողմի՝ դա այլ հարցերի հետ կապակցելու փորձերը, նախապայմաններ առաջ քաշելը, ապարդիւն են եւ անիմաստ»:
Իսկ համաշխարհային հանրութեան դիրքորոշումը հերթական անգամ այսօր բանաձեւել է ԱՄՆ պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչ æեն Պսակին: Նա յայտարարելով, թէ ԱՄՆը ողջունում է Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան եւ յուսով է, որ դա Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխօսութեան հնարաւորութիւն կը տայ, ասել էր. «Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային եւ Հայաստանին վաւերացնել արձանագրութիւնները եւ իրականացնել սահմանների բացմանն ուղղուած իրական քայլեր»: Փաստօրէն, հէնց դրա հետ է համահունչ Հայաստանի դիրքորոշումը:
Արձանագրութիւնների վաւերացման խնդիրն օրակարգում պահելու պարագայում Երեւանը չի կարող խուսափել դրանք նմանատիպ հանդիպումների ժամանակ քննարկելուց, եւ ամենայն հաւանականութեամբ հէնց դա է եղել Դաւութօղլու-Նալբանդեան մէկուկէս ժամանոց բանակցութիւնների առանցքը:
Ինքնին արդէն նման հանդիպումը ցոյց է տալիս, որ Երեւանի համար այս պահին ամենակարեւորը ոչ այնքան արձանագրութիւններից թէկուզ աստիճանաբար հրաժարուելն է, որքան դրանց հենքի վրայ միջազգային հանրութեան մօտ յարաբերութիւնների կարգաւորման մէջ շահագրգռուած լինելու տպաւորութիւն թողնելը:
Նախագահը հրաժարուեց ընդունել Դաւութօղլուին, եւ այդ մասով Անկարայի պլանները տապալուեցին: Այն փաստը, որ Դաւութօղլուն որոշեց ասուլիս տալ միայն թուրք լրագրողների համար, ցոյց է տալիս, որ նա նաեւ չստացաւ նախատեսած ուղերձները յղելու բաւարար դաշտ կամ ամբիոն: Սակայն սա դեռեւս ոչինչ չի ասում այն մասին, թէ արդեօք Անկարայի եւ Երեւանի միջեւ սեպարատ (մեկուսի-Խմբ.), կուլիսային (գաղտնի-Խմբ.) բանակցութիւններ չե՞ն վարւում: Արդէն իսկ այն փաստը, որ արտգործնախարարների հանդիպումը շուրջ մէկուկէս ժամ է տեւել, ցոյց է տալիս, որ կողմերն ունեցել են քննարկելու շատ կոնկրետ (յստակ-Խմբ.) օրակարգ: Դրանով Երեւանը հասկացրեց, որ չի բաւարարուելու Դաւութօղլուի զուտ պրոտոկոլային (դիւանագիտական-Խմբ.) ընդունելութեամբ, իսկ դա, որ տեսանկիւնից էլ նայես, նշանակում է քննարկել այն նախապայմանները, որոնք Թուրքիան առաջադրում է թե՛ յարաբերութիւնների կարգաւորման եւ թե արձանագրութիւնների վաւերացման համար: Այսքանով արդէն Նալբանդեանը հակասում է ինքն իրեն եւ այդքանով մեծացնում հայ-թուրքական երկրորդ գիշերային դիւանագիտական ռաունդի առկայութեան շուրջ եղած կասկածները:
«Երկիր»
Որքա՜ն լաւ կը լինէր, որ արեւելահայերէնը մաքրուէր օտար բառերի անհարկի գործածութիւնից: