
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Արգելակում եմ սրընթաց աւտոս
Ու կայանում եմ սրճատան դիմաց,
Իջնում, մտնում եմ, պատուիրում գոռոզ,
Մեծ կապուչինօ, շաքարով քաղցրած:
Նստում եմ դատարկ մի լայն սեղանի,
Ամենայարմար աթոռին թիկնում,
Շուրթիս եմ դնում ստուարաթղթի
Բաժակը՝ կապուչինոյով լեցուն:
Բայց մինչ խմելս… դիմացս է նստում
Մի դշխոյ փարթամ, քանդակուած կոթող,
Մի գեղեցկուհի… շնչիս է հիւսւում
Գրկի բուրմունքը խելահան անող…
Տատանւում եմ… թէ մնում քարացած…
Պատահել է ճիշդ իմ ցանկացածը…
Ահա առիթ է… երկնքի ղրկած…
Ինչ լաւ սրճարան է իմ ընկածը…
Բայց հիմա պիտի մտքերս ձեւեմ,
Քաղաքավարի… ախորժ բառերով,
Որ յարիր լինի… որ ես ազնիւ եմ…
Բարեկիրթ, անձնեայ, վարքով ու բարքով…
…Մոռացել եմ իմ տեղը ու դիրքը,
Սրճարանում եմ, հասարակաց վայր,
Շուրթիս պատուիրած իմ խմելիքը
Որ դեռ չեմ խմել… մնացել շուար…
Ցնցւում եմ, երբ որ լսում եմ մի ձայն.
– Գուցէ կը խմէք ձեր կապուչինօն,
Երբ ես կը լինեմ արդէն գնացած
Եւ դուք ձեզ կը զգաք աւելի զգօն:
Ելնում գնում է… ես ապուշ կտրած
Մի բնազդական շարժում եմ անում,
Կրծքիս է թափւում խմիչքը սառած…
Մի կապուչինօ… մի կին զուարթուն…
Գայթակղութիւն
Գեղեցիկ է, գրաւիչ ու մատչելի…
Հեռախօսում ու ասում է թէ ուզում է այցելել…
«Ախր երկար ժամանակ է չենք հանդիպել»…
«Հա», ասում եմ:
Ու գալիս է իր գերագոյն պչրանքով.
Բոյրից շունչս կտրւում է, հեւում եմ:
«Դու հանգի՞ստ ես…» հարցնում է նազանքով:
«Հա… ուրախ եմ… ինչպէ՞ս ես»:
Մի սուրճ խմում, խօսակցում ենք անիմաստ,
Անկապակից, անդից, դաշտից…
Եւ գտնում եմ հեշտ ելքը.
«Թոռնիկներիս դպրոցից պիտ տուն տանեմ»…
«Հա՜… դէ էլ ի՜նչ… ես հո ճամբէդ չեմ բռնել»…
«Չէ… դէ նորից կը հանդիպենք… կը խօսենք»…
«Հա… բա էլ ոնց… մի բան… յետոյ կը յիշեմ…
Արա այնպէս… ազատ լինես… կը յիշեմ»…
Ու կարծես թէ իմ օձիքը ձեռքում թողած՝ ծլկում եմ:
Հա, դժուար է մերժելը,
Թովչանքին չգերուելը,
Բիւր թելերով սարդոստայնի խուճուճի մէջ չընկնելը…
Սակայն սիրոյ խոստումների օղակով,
Պարտաւորութիւնների էլ նարօտով,
Դէմ ես առնում ինքդ քեզ,
Որ… ուզում ես,
Բայց մերժում ես
Մի մղումով վերջնական,
Չբեկելու հայելին,
Որ թէ ճաքի… էլ չի կպչի,
Որ պիտ պահես հէնց անճաք: