ՍԱԻԴ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ
Թարգմանեց՝ ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
Նախքան 1915թ. Ցեղասպանութիւնը Էրգանիի Մադեն սանջակի մօտ 50 բնակավայրում ապրել է մօտ 38,430 հայ: Գիւղատնտեսութեան համար բերրի հողերով եւ պղնձի հանքով հարուստ այս շրջանում՝ Տիգրիսի ափին, տեղակայուած Էրգանիում ապրել է 3300 հայ: Հանգիստ կարելի է ասել, որ Էրգանին հայկական քաղաք է եղել: Պատահական չէ, որ սանջակի կառավարիչը եւս հայ է եղել:
Պատերազմի տարիներին սանջակի առաջին կառավարիչ Տիգրան բէյին աշխատանքից ազատել են Հոկտեմբերի 28ին: Նրա փոխարէն նշանակուած Նազմի բէյը ձեռնամուխ է եղել շրջանը հայերից մաքրելու աշխատանքներին:
Շրջանի կենտրոնի եւ 10 կազաների հայերին (10,559) բնաջնջել են 1915թ. Յուլիսին: Չիւնգիւշի (Չնքուշ-Խմբ.) բնակչութեան հետ մէկտեղ Իւդանի հովիտ կոչուած վայրում սպանել են: Գէօլջիւկում մի վկայի յաջողուել է փրկուել: Յունիսի 4ի երեկոյեան Բայազետ Ալիի՝ Խարբերդից բերած 70 ոստիկանները շրջափակել են եւ 16 տարեկանից բարձր տղամարդկանց ձերբակալելով՝ նետել գոմ, որտեղ համակարգուած կտտանքների են ենթարկել՝ ցանկանալով իմանալ թաքցրած զէնքերի գտնուելու վայրը: Այնուհետեւ ձերբակալուած տղամարդկանց ոստիկանները տարել են անյայտ ուղղութեամբ: Յուլիսի 7ին տեղահանութիւնը կազմակերպած պաշտօնեանները թուրք աւազակների եւ քրդերի ուղեկցութեամբ եկել են Գէօլջիւկ: Հաշուելով տներն ու գաղթականներին՝ բռնագրաւել են նրանց ողջ ունեցուածքը: Գաղթականներին ասել են, որ նրանց տեղափոխելու են Հալէպ: Այս գործողութիւնը ղեկավարելու էր Հալիլ աղան իր որդիների՝ Մեհմեդի եւ Աբդուլլահի հետ: Առաջին քարաւանը բաղկացած էր մօտ 70 ընտանիքից, որը լճի ափով շարժուել է դէպի արեւելք: Համաձայն հրամանի՝ մինչ 12 տարեկան տղայ երեխաներին որդեգրելու իրաւունք ունէին: Կանանց վերաբերեալ տարիքային սահմանափակում չկար, սակայն պէտք է պահ առաջ իսլամ ընդունէին եւ օտար երկրներում, յատկապէս՝ Ամերիկայում ընտանիք չունենային: Յարմարեցուած որդեգրման օրէնքներ էին գործում, պաշտօնեան նորադարձ մուսուլմաններին գրանցում էր:
Գէօլջիւկը հիւսիսը հարաւին կապող անցումային վայր էր, որտեղից հայ աքսորեալների քարաւանները ողջ դուրս չեն եկել: Ականատեսներն ասում են, որ լճի հարաւային ափին մարդկանց մի մեծ սպանդանոց կար. Խարբերդից եւ Մամուրեթ ուլ Ազիզից (Էլիազիկ-Ա.Ք.) բերուած աքսորեալներին այնտեղ էին սպանում: Կից փաստաթղթում ներկայացուած է 1915թ. Ցեղասպանութեան ժամանակ տեղացի մեծահարուստների կողմից գոյքի իւրացումից յետոյ մնացած հայկական ունեցուածքի ցուցակը: Յատկապէս ուշագրաւ է ցանկի երկարութիւնը: Երբ 2015թ. շատ քիչ ժամանակ է մնացել, իմաստ ո՞ւնի արդեօք հարցնել, թէ այս ունեցուածքը հիմա ում է պատկանում: Ֆէյզի բէյը, ով կոտորածների նախագծողներից եւ կազմակերպիչներից էր, բռնագրաւուած բազմաթիւ գիւղերից, անշարժ գոյքից, փողից եւ զարդերից բացի, իւրացրել է նաեւ Էրգանիում գտնուող Քազանչեանի պղնձի հանքավայրը, որտեղ նախքան 1915թ. աշխատում էր 600 բանուոր: Ցեղասապանութեան ժամանակ ցուցաբերած յաջողութիւնների արդիւնքում Փիրինչզադէ ընտանիքի իւրացրած հանքավայրը այդ ժամանակաշրջանի համար շատ կարեւոր հանքավայր էր:
1.- Տիգրան Մարտիրոսեանը Մարտիրոս էֆենդիի որդին էր: Ծնուել է 1862թ. Սեպտեմբերի 13ին: Նախնական կրթութիւն ստացել է հայկական դպրոցում, այնուհետեւ յաճախել է «Մեքթեբի միւլքիէ»ի (դպրոցը հիմնադրուել է 1859թ. Կ. Պոլսում պետական պաշտօնեաներ դաստիարակելու եւ կրթելու նպատակով: Համաձայն դպրոցի կանոնադրութեան՝ դպրոցը հնգամեայ էր, որից 3 տարին յաճախում էին վարժարան, իսկ 2 տարին՝ բարձրագոյն դպրոց: Հանրապետական շրջանում տեղափոխուել է Անկարա՝ հիմք հանդիսանալով ներկայիս Անկարայի համալսարանի քաղաքագիտութեան ֆակուլտետի համար-Ա.Ք.) վարժարան: 1885թ. Հոկտեմբերին աւարտել է «Միւլքիէ» բարձրագոյն դպրոցը: 1886թ. Յունուարի 23ին նշանակուելով Օսմանեան կայսրութեան Առեւտրի եւ հանրօգուտ աշխատանքների նախարարութեան թարգմանչական գրասենեակի քարտուղար՝ անցնում է պետական ծառայութեան: Երբ սոյն գրասենեակը ցրում են, 1887թ. Յունիսին աշխատանքի է անցնում Փոստի եւ հեռագրատան նախարարութեան գրագրութիւնների բաժնում: 1902թ. Ապրիլի 13ին նշանակւում է Օտարեկրացիների փոստային գործերով զբաղուող գրասենեակի առաջին քարտուղար: Սահմանադրութեան հռչակումից յետոյ ղեկավար պաշտօն է ստանում: 1909թ. Ապրիլի 21ին նշանակւում է Մամուրեթ ուլ Ազիզի (Էլիազիկի վիլայեթ) փոխուալի: 1909թ. Օգոստոսի 25ին, «պաշտօնեաների կրճատման» մասին օրէնքի համաձայն, այս պաշտօնից ազատւում է: Հաշուի առնելով նրա ընդունակութիւնները՝ 1910թ. Յունիսի 13ին նշանակում են Դեդեաղաջ, 1911թ. Նոյեմբերի 9ին Գիւմուշհանէ սանջակների կառավարիչ՝ «մութասարրըֆ»: 1912թ. Փետրուարի 5ին ազատւում է Գիւմուշհանէի մութասարրըֆի պաշտօնից:
Մօտ երկու տարի գործազուրկի թոշակ ստանալուց յետոյ 1914թ. Սեպտեմբերի 3ին նշանակւում է Էրգանի սանջակի մութասարրըֆ: «1330թ. Ապրիլի 18ին (տարեթիւը գրուած է հիջրայի թուականով, այն համարժէք է 1912 թուականին-Ա.Ք.) Ներքին գործերի պաշտօնեաների մասին ժամանակաւոր օրէնքի համաձայն՝ 1914թ. Նոյեմբերի 11ին թոշակի է անցնում»: Քանի որ պետխորհրդում յարուցած դատական գործը շահել էր, գործազրկութեան համար սահմանուած թոշակ այլեւ չի ստանում: 1919թ. Մարտի 1ին նշանակւում է Գարահիսարը Շարքի (արեւելեան Գարահիսար-Ա.Ք.) սանջակի մութասարրըֆ, այս պաշտօնից էլ ազատւում է 1919թ. Հոկտեմբերի 12ին: Երկար ժամանակ գործազրկութեան թոշակ ստանալուց յետոյ 1925թ. Մայիսի 1ին Թուրքիայի հանրապետութեան Ներքին գործերի նախարարութիւնից թոշակի է անցել: Մահացել է 1940 թ. Ստամբուլում՝ Հեդիքուլէի հայկական հիւանդանոցում: Ունեցել է երկու տղայ՝ Յարութիւն եւ Մարտիկ: Մարտիկը Նիւ Եորքում լոյս է ընծայել «Լրաբեր» թերթը: Նա, բացի մայրենի լեզուից, տիրապետում էր նաեւ ֆրանսերէնի: 1903թ. մատուցած աւանդների համար պարգեւատրուել է արծաթէ մեդալով:
2.- Հուսէին Նազմին ծնուել է 1867թ., Պոլսում: 1915 թ. Նոյեմբերի 11ին նշանակուել է Էրգանիի սանջակների մութասարրըֆ: 1916թ. Հոկտեմբերի 6ին ազատուել է Էրգանիի մութասարրըֆի պաշտօնից, իսկ Հոկտեմբերի 12ին թոշակի է անցել: Մահուան տարեթիւը յայտնի չէ: