
Սրտի իշեմիկ (տեղական սակաւարիւնութեան-Խմբ.) հիւանդութիւնը (ՍԻՀ) կամ անգլերէն՝ «Coronary artery disease» (CAD), սրտի ախտահարումն է: Իշեմիան յայտնի է նաեւ այլ անուան տակ՝ աթերոսկլերոզ (զարկերակների տեւական հիւանդութիւն-Խմբ.): Հիւանդութեան պատճառը աթերոսկլերոտիկ գնդիկների կուտակումն է արիւնատար անօթի պատերին: Կորոնար (սիրտը շրջապատող-Խմբ.) անօթները մատակարարում եմ թթուածին եւ սննդարար նիւթեր դէպի սիրտ: Անօթների պատերի նեղացման հետ մատակարարումը դանդաղում է: Երբ ճարպային նստուածքը ամբողջապէս փակում է անօթը՝ երեւոյթը անսպասելի մահուան, ստենոկարդիայի կամ սրտամկանի ինֆարկտի պատճառ է դառնում:
Հիւանդութեան առաջացման գործօններն են՝ արեան բարձր ճնշումը, քոլեստերինի բարձր պարունակութիւնը, մարմնի աւելորդ քաշը, շաքարային դիաբետը, ոչ ճիշդ սնունդը, նեարդային լարուածութիւնը, նաեւ՝ ժառանգականութիւնը:
Հիւանդութիւնը կարող է արտայայտուել կրծքավանդակի շրջանի ցաւով. այն գոյանում է կրծքավանդակի ձախ հատուածում, թափանցում է դէպի ձեռք, պարանոց, թիկունք: Ցաւը զուգակցւում է կրծքավանդակի շրջանում ծանրութեան, այրոցի, ճնշուածութեան զգացումով:
Կորոնար մահուան նշաններն են՝ ուշագնացութիւնը, շնչառութեան կանգը, աչքերի բիբերի լայնացումը, մաշկի մոխրագոյն երանգը:
Բուժումը կախուած է հիւանդութեան բարդութիւնից: Ձեր բժիշկը կը կատարի սրտի եւ արեան անհրաժեշտ քննութիւններ: Անօթի բացման համար կիրառւում է անջիոպլաստի կամ ստենդի տեղադրում (balloon angioplasty or stent placement):
Հիւանդութիւնից խուսափելու համար պէտք է առողջարար սնունդ ուտել եւ շարժուն կեանքով ապրել: Պէտք է կարգաւորել շաքարախտը, արեան ճնշումը կամ առկայ հիւանդութիւնը:
Եթէ դուք կրծքավանդակի շրջանում ցաւ կամ ճնշման զգացողութիւն ունէք, որը ձգւում է հինգ րոպէից աւելի կամ էլ յաճախակի կրկնւում է, անմիջապէս զանգահարէք 911: Երբ ցաւեր կան թեւերի, վզի, թիկունքի շրջանում, նկատւում է գլխապտոյտ եւ շնչառութեան դժուարութիւն, սրտխառնոց, քրտնարտադրութիւն, անյապաղ զանգահարէք՝ 911:
Ուշադիր եղէք ձեր մարմնի արձագանգներին՝ դրանք միշտ զգուշացնում են ակնկալուող հիւանդութեան մասին:
Շաբաթուայ խորհուրդը՝ բուժքոյր Էսթի Պըրլմիւթեր-Estee Perlmutter NP