ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Ներկայ մեր իրավիճակին այնքան համահունչ այս բառերը հնչել են Երեւանից սփռուող հեռուստատեսային համերգաշարերից մէկի ժամանակ: Ներկաներից մէկը կարօտախտով էր վերյիշում հին օրերը, երբ մարդկային յարաբերութիւնները ջերմ ու անկեղծ էին, մարդիկ ապրում էին հին սովորոյթներով, իսկ հիմա շատ բան է փոխուել. փոխուել են մարդիկ, փոխուել է նաեւ Երեւանի ճարտարապետական տեսքը, նրա երբեմնի դիմագիծը, նոյնիսկ անհետացել են քաղաքի ընդհանուր տեսքին իւրայատուկ գոյն հաղորդող աղունիկները, իսկ նրանց այժմ ագռաւներն են փոխարինել: Եւ ինչ էր ուզում ասել այդ ունկնդիրը «ագռաւներ» ասելով: Արատների մասին էր խօսքը, այն ամէնի մասին, ինչը արգելակում է երկրի բնականոն զարգացման ընթացքը, վնասում երկրի ապագային: Իշխանութեան ղեկին կանգնած ղեկավարներից շատերի մօտ դրամի կուտակման տենչը խլացրել է խղճի եւ սեփական ժողովրդի հանդէպ պատասխանատուութեան զգացումը, արատաւորել նրանց նկարագիրը: Իսկ նկարագրի մաքրութիւնը անհրաժեշտ պայման է ղեկավարի համար: Եթէ երկրի ղեկին նստած են ապիկար ղեկավարներ, ապա հայրենիքն ու ժողովուրդը կը յայտնուեն այսօրուայ անմխիթար վիճակում: Ժողովրդի մի մասը իսկապէս յուսահատութիւնից դրդուած, իսկ միւս մասը հանգստաւէտ կեանքի որոնումներով շարունակում են արտագաղթել դէպի օտար երկրներ: Սա արդէն ամենամտահոգիչ երեւոյթն է, որ վարակել է շատերին: Մնում է հարց տալ՝ իսկ դո՛ւք, պարոնայք ղեկավարներ, որտե՞ղ է կորել ձեր խիղճը. ճոխ սեղանների շուրջ նստելուց առաջ, արդեօք մտածում էք կարիքաւոր ձեր հայրենակիցների մասին, մտածում էք, թէ ինչ վիճակում է յայտնուել ժողովուրդն այսօր եւ ինչ է սպասում նրան ապագայում: Խօսէք ձեր խղճի հետ, վերանայման ենթարկէք մինչեւ հիմա արուածն ու անելիքը, եւ գոնէ ճակատագրական այս պահին ոյժ գտէք թօթափելու ձեզանից այն ամէնը, ինչ վնասակար է: Սխալուել կարող են բոլորը, բայց կայ նաեւ դրանք սրբագրելու եւ վերանորոգուելու ժամանակը:
Մարդու կատարելագործումն սկսւում է ինքնամաքրման գործընթացից, որ ենթադրում է ձերբազատուել արատներից: Ժողովրդի մօտ եւս նկատելի են օտար մշակոյթի եւ կենցաղի «նորոյթներ»ը նմանակելու, ինչպէս նաեւ՝ հայի աւանդական նկարագիրը խաթարող եւ հայի ինքնութեան պահպանմանը վնասող բացասական երեւոյթներ, որոնք ծնում են՝ փառամոլութիւն, դրամապաշտութիւն, որկրամոլութիւն կոչուող արատներ: Նշուածների կողքին պէտք է աւելացնել անտարբերութիւնը եւս. պէտք է չափաւորել նաեւ զուարճանալու եւ կեանքն ուրախ անցկացնելու պատրուակով կերուխումներին տրուելու սովորութիւնը: Հայ ժողովուրդը պէտք է գնայ իր ուղիով, առանց տուրք տալու աշխարհայնացման գործընթացին, որի պատճառով ամբողջ աշխարհում այսօր տեղի է ունենում արժէքների փոշիացում: Ազգովին կանգնած ենք մեծ փորձութիւններ դիմագրաւելու ճանապարհին. պէտք է սթափուել ուժերը ջլատող անտարբերութեան թմբիրից: Առիթից առիթ խօսելը դեռեւս բաւարար չէ. պէտք է այսօրուայ մեր սերնդին, որպէս օրինակ ուսուցանել մեր մեծերի թողած ժառանգութիւնը: Յիշենք, թէ իր ժամանակին ամէն տեսակ արատների դէմ ինչպիսի անողոք պայքար է մղել ՀՅ Դաշնակցութեան հիմնադիր անդամներից, անբասիր նկարագրի տէր՝ Սիմոն Զաւարեանը: «Մեր ցեղին ամէնէն թանկագին ներկայացուցիչներէն մին», այսպէս է գրում նրա մասին Արշակ Չոպանեանը, ապա աւելացնում՝ «Զաւարեանի պէս գերազանց մաքրութեամբ հոգիներ հազուագիւտ են, ոչ միայն մեր, այլ ոեւէ ազգի մէջ»: Աւա՜ղ, Ս. Զաւարեանների եւ Ն. Աղբալեանների նմանների կարիքն այնքան զգալի է այսօր…
Յարկ է աւելացնել նաեւ, որ պատմութեան ընթացքում, հայը զգացել է ինքնանորոգման անհրաժեշտութիւնը, յատկապէս՝ ճակատագրական պահերին: Եղիշէի «Վարդանանց Պատմութեան» մէջ կայ հետեւեալ կարեւոր պատգամը՝ ուղղուած յետագայ սերունդներին. Նախքան ճակատամարտի սկսուելը, Վարդան Մամիկոնեանը զինուորներին է ուղղում իր խօսքը. «Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմութիւնից եւ ո՛չ էլ մահկանացու մարդու ահագին սրի դէմ թիկունքներս դարձնենք, որպէսզի եթէ Տէրը յաղթութիւնը մեր ձեռքը տայ, ոչնչացնենք նրանց զօրութիւնը, որպէսզի բարձրանայ ճշմարտութեան կողմը. իսկ եթէ հասել է ժամանակը մեր կեանքը սուրբ մահով աւարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թէ արիութեան ու քաջութեան մէջ վախկոտութիւն չխառնենք»: Ապա աւելացնում է հետեւեալը. «Եւ ահա եկել-հասել է ժամանակը, որ ամէն մի կեղտ կոչուած բան հեռացնենք մեզանից»:
Նկարագրի մաքրութեան կարեւորութեան մասին անդրադարձել է նաեւ երջանկայիշատակ Վազգէն Ա. կաթողիկոսը իր «Անձնաւորութեան Գաղափարի Մասին» ուսումնասիրութեան մէջ, նրա խօսքերով էլ կ՛աւարտենք մեր յօդուածը. «Աւելորդ է ըսել, թէ ի՜նչ մեծ կարեւորութիւն ունի ժողովուրդի մը կեանքին համար նկարագիրի կազմութիւնը, այն բարոյական, անհատական ու հաւաքական առաքինութիւններու մշակումը, որ ազգին կու տայ ոչ թէ անհատներ, այլ «անձնաւորութիւններ»: Որովհետեւ, թէ՛ արուեստի գետնին վրայ, թէ՛ գիտութեան ու տնտեսութեան մէջ, ինչպէս պատերազմի դաշտին վրայ, յաղթանակները նկարագիրով կը շահուին»:
————————————————————————————————-
Նոր Տարուան Եւ Ս. Ծննդեան Առիթով
Լաւագոյնը Կը Մաղթեն Հայ Ժողովուրդին
Սարօ Եւ Այտա
Գօթոյեան
Քրիստափոր
Եւ Սարին
————————————————————-
Մեր բոլոր Հաճընցի հայրենակիցներուն
եւ համայն հայութեան կը մաղթենք
Շնորհաւոր Նոր Տարի
եւ Սուրբ Ծնունդ
Լոս Անճելըսի
Հաճնոյ
Հայրենակցական
Միութիւն
———————————————————–
Նոր Տարուան
Եւ Ս. Ծնունդի
Լաւագոյն Ողջոյններ
Կը Փոխանցեն
Հայրենաբնակ եւ Սփիւռքի
Մեր Ժողովուրդին
Սրբոց Նահատակաց
Եկեղեցւոյ Հովիւը, Հոգաբարձութիւնը,
Ազգ. Երեսփոխանները,
Կիրակնօրեայ Վարժարանը,
Դպրաց Դասը
Եւ Տիկնանց
Օժանդակ Մարմինը