ՌՈԲԵՐ ՔՈՓԹԱՇ
Թարգմանեց՝ ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ

Իսլամաց(ու)ած հայերի վերաբերեալ Նոյեբերի 2-4ը տեղի ունեցաւ գիտաժողով: Թուրքիայից եւ աշխարհի տարբեր տեղերից եկած մասնագէտները այս խառը խնդիրը ուսումնասիրեցին տարբեր տեսանկիւնից՝ լոյս սփռելով ե՛ւ անցեալի, ե՛ւ ապագայի վրայ: Թեման մեզ հնարաւորութիւն է տալիս ամբողջովին նոր հարցեր բարձրացնելու հայերի եւ հայկական ինքնութեան տեսանկիւնից:
Նախ պէտք է հաստատենք, որ պատմականօրէն հայերը բռնի են ընդունել իսլամ (բացառութիւն են կազմում կամովին իսլամ ընդունելու մի քանի օրինակները): Իսլամադաւան խմբերի կողմից Անատոլիայի գրաւումից յետոյ տարբեր ժամանակաշրջաններում եւ, բնականաբար, Ցեղասպանութեան ընթացքում բազմաթիւ հայեր բռնի եւ ճնշման տակ ընդունել են իսլամ:
Յատկապէս 1915թ. մարդիկ կենդանի մնալու, իրենց ընտանիքների կեանքը փրկելու համար են իսլամ ընդունել: Յետագայում, երբ իրավիճակը փոքր ինչ հանգստացել է, եղել են դէպքեր, երբ մարդիկ իրենց իսկական կրօնին են վերադարձել, սակայն որոշ դէպքերում, քանի որ վտանգը երբեք չի վերացել, շարունակել են ապրել որպէս մուսուլման՝ թաքցնելով իրենց իրական կրօնն ու ինքնութիւնը: Այդ մասին չեն յայտնել անգամ իրենց երեխաներին:
Հարցի վերաբերեալ երկրորդ հիմնական հաւաստումն էլ այն է, որ հայկական ինքնութիւնը դարեր շարունակ քրիստոնէութեան եւ եկեղեցու հետ է նոյնացուել: Այո՛, հայերը գոյութիւն են ունեցել մինչ քրիստոնէութիւնը, երբ Անատոլիայում եւ Կովկասում իշխում էր բազմաստուածութիւնը, հայերի նախնիները եւս բազմաստուած էին: Հայկական ապրելակերպը, մշակոյթն ու լեզուն գոյութիւն են ունեցել եկեղեցուց շատ աւելի առաջ, սակայն եկեղեցին հայերի կեանքում այնքան կարեւոր դեր է խաղացել, որ սկսած 4րդ դարից, երբ քրիստոնէութիւնը ընդունուել է հայկական թագաւորութեան պետական կրօն, հայութիւնն ու քրիստոնէութիւնը գրեթէ համարժէք են դարձել:
Եկեղեցին դարձել է ոչ միայն պարսկական, արաբական, բիւզանդական, օսմանեան հզօր գերիշխանութեան դէմ հայերի «ազգային» ինքնութիւնը պահպանելու վահան, այլեւ ստանձնել է հայկական մշակոյթի՝ այդ թւում նաեւ այբուբեն, լեզու, արուեստ եւ գրականութիւն, գլխաւոր արարչի դերը: Անցած 1700 տարիների ընթացքում, երբ պատմութեան հարթակից բազմաթիւ քաղաքակրթութիւններ են ջնջուել, ի հեճուկս բոլոր դժուարութիւնների՝ եկեղեցին դարձել է հայկական ինքնութեան համար պայքարելու եւ շարունակելու շարժիչ ուժը՝ այսպիսով հայերի գիտակցութեան մէջ զբաղեցնելով միակ տեղը:
Այս միակը լինելու ամենանուղղակի արդիւնքներից մէկն այն է, որ եկեղեցին շատ ակտիւ դեր է խաղացել հայկական գաղափարական մտքի ձեւաւորման մէջ: Եւ, բնականաբար, եկեղեցին իր այս դերն օգտագործել է իւր շարունակականութիւնն ապահովելու համար: Այսինքն՝ այն միտքը, որ հայ եկեղեցին ու հայկականութիւնն անքակտելի են, անգամ նոյնն են, մշտապէս իշխել եւ համընդհանուր ընդունուած իրականութեան է վերածուել:
Լարուածութիւն եւ հնարաւորութիւններ
Երբ իսլամացած հայերի խնդրին նայենք այս երկու հիմնական սկզբունքի տեսանկիւնից, ապա կը նկատենք մի շարք խնդիրներ ու լարուած բնագաւառներ, որոնց պէտք է նայել խնդրի կարեւորութիւնից բխող սառնասրտութեամբ ու օբյեկտիւօրէն (առարկայնօրէն-Խմբ.), եւ այդ դէպքում լարուածութիւնը կարելի է վերածել հնարաւորութեան: Ի հակադրութիւն այս ամէնի՝ վախից սկիզբ առնող հակազդող մօտեցումները կարող են առկայ խնդիրներն է՛լ աւելի խորացնել:
Այսօր հայկական ընկալման մէջ գոյութիւն ունեցող տեսակէտը՝ «հայկականութիւնը հաւասար է քրիստոնէութեանը», կարող է խոչընդոտել Թուրքիայի համեմատաբար ազատականացուած միջավայրում ձայները աւելի լսելի դարձած իսլամացած հայերի եւ հայկական ինքնութեան փոխազդեցութեանը, սակայն ընդունուած այն տեսակէտը, թէ քրիստոնեան կարող է հայ լինել, վերածւում է զրահի, որը դուրս է թողնում այն մարդկանց, ովքեր տասնեակ տարի շարունակ ծանր ճնշումների մթնոլորտում մէկ այլ ինքնութեամբ են ապրել կամ ստիպուած են եղել այդպէս ցոյց տալ:
Որոշ իսլամաց(ու)ած հայեր անցեալի համեմատ շատ աւելի բաց են հայերի եւ հայկական ինքնութեան հետ յարաբերութիւններ հաստատելու համար: Նրանցից ոմանք ակտիւ խօսում են այդ մասին, ոմանք էլ որոշ տագնապների ազդեցութեան տակ թէեւ պասիւ են, սակայն յարաբերութիւններ հաստատելու համար բոլոր կամուրջները չեն այրում: Սակայն կայ մի իրականութիւն, որը չպէտք է աչքաթող անել. թէեւ իսլամաց(ու)ած հայերի շրջանակներում կան ոմանք, ովքեր ցանկանում են վերադառնալ քրիստոնէութեան գիրկը, նրանց կողքին կայ նաեւ մի խումբ, որը հասկանալի պատճառներով չի մտածում քրիստոնեայ դառնալու մասին, ցանկանում է իր կեանքը շարունակել որպէս մուսուլման:
Խնդրայարոյց նախընտրութիւն
Նման պարագայում կայ մի հանգամանք, որը պէտք է հաշուի առնեն ե՛ւ հայ քաղաքացիները, ե՛ւ եկեղեցին. կապ չունի՝ ուզում են վերադառնալ քրիստոնէութեան գիրկը թէ ոչ, կան մարդիկ, ովքեր ապրել են մուսուլմանի ինքնութեամբ, սակայն անցեալում նրանց պապերն ու տատերը հայ են եղել, եւ երեւում է՝ նրանց թիւը գնալով աճում է:
Բնականաբար նախընտրութեան հարց է՝ երես թեքել այս իրականութիւնից, որպէս հայ չընդունել մարդկանց, ովքեր կապ չեն ունեցել առօրեայ կեանքում ստանդարտ համարուող հայկականութեան նորմերի հետ, իրենց ինքնութիւնը չեն կապում եկեղեցու հետ: Սակայն այս ընտրութիւնը չափազանց խնդ-րայարոյց է թէ՛ մարդկային, թէ՛ պատմական, թէ՛ քաղաքականութեան տեսանկիւնից:
Հայկականութեան վերաբերեալ մեր ընդունած չափորոշիչները մի կերպ պարտադրել այն մարդկանց, ովքեր ասում են «ես մուսուլման եմ, սակայն հայ եմ», «մուսուլման եմ, սակայն ուզում եմ քրիստոնեայ դառնալ» եւ անգամ «մուսուլման եմ երեւում, սակայն անհաւատ եմ, սա իմ նախընտութիւնն է, քրիստոնեայ դառնալ էլ չեմ ցանկանում, սակայն հայ եմ», ասել է թէ՝ նրանց վանել, արդիւնքում ստեղծւում է հայկականութիւնը մեր մենատիրութեան մէջ առած ուժեղ յարաբերութիւն, որն էլ, վերջապէս, հայկական ինքնութիւնը ամլացնող մօտեցում է:
Գիտեմ, որ լինելու են մարդիկ, ովքեր ելնելով այն տեսակէտից, թէ հայկական ինքնութիւնը կարող է սահմանուել միայն քրիստոնէութեամբ, դէմ են արտայայտուելու ասածներիս, սակայն ուզում եմ նրանց յիշեցնել, որ անգամ հայ եկեղեցու հոգեւոր կենտրոն հանդիսացող Էջմիածինը մուսուլման հայերի նկատմամբ շատ աւելի անկեղծ դիրքորոշում է որդեգրել:
Ըստ տեղեկութեան, որն արծարծուել է Հրանդ Դինք հիմնադրամի կազմակերպած Իսլամաց(ու)ած հայերը գիտաժողովի շրջանակներում եւ որը տեղ է գտել Լորենս Ռիթրիի եւ Մաքս Սիւազլեանի «Սուինի մնացորդները. Թուրքիայի ծպտեալ եւ իսլամացած հայերը» գրքում, Էջմիածնի կաթողիկոսարանը հեղինակների՝ հայկական ինքնութեան եւ մուսուլման հայերի յարաբերութիւնների վերաբերեալ հարցին պատասխանել է. «Ազգի սահմանման ընդունուած ընդհանուր չափորոշիչներից են էթնիկ ծագումը, համատեղ հայրենիքի գաղափարը, լեզուն, պատմութիւնը, մշակութային ժառանգութիւնն ու կրօնը: Որոշ դէպքերում կարող են այս չափորոշիչներից մի քանիսը բացակայել: Պատմական պատճառներով մարդիկ, ովքեր լեզուն չեն սովորել, չգիտեն իրենց պատմամշակութային ժառանգութեան մասին, չեն կարող հետեւել իրենց կրօնին, չպէտք է դուրս մնան հայկական ինքնութիւնից»:
Երեւում է, որ Էջմիածինը հասկանում է, թէ որքան նուրբ եւ զգայուն է խնդիրը: Ցանկանում ենք, որ այս խորաթափանցութիւնը ցուցաբերեն նաեւ հայկական բոլոր շրջանակները:
«Ակունք»
————————————————————————————————-
Ի Յիշատակ Գրիգոր Տէր Աբրահամեանի
Տէր Աբրահամեան Ընտանիք