
Արեան ճնշման չափման միաւորն է սնդիկի սեան միլիմետրը (մմ. ս.ս.): Տարբերւում են զարկերակային ճնշման երկու ցուցանիշ՝ սիստոլիկ (վերին) եւ դիաստոլիկ (ստորին):
Ճնշումը հարկ է չափել քաղցած ժամանակ կամ էլ՝ ուտելուց 1 ժամ յետոյ: ԶՃը չափելուց 2 ժամ առաջ չի կարելի ծխել, առոյգացնող ըմպելիքներ խմել: Ի դէպ, 1 հատ ծխած ծխախոտը կամ մէկ բաժակ սուրճը խեղաթիւրում են ԶՃի իսկական պատկերը, աւելացնելով այն 10 մմ. սնդիկի սիւնով, իսկ լիքը միզապարկն էլ լրացուցիչ բարձրացնում է 30 մմ. սնդ. սիւնով:
Հարկ չկայ ԶՃը չափել ֆիզիքական ծանրաբեռնուածութիւններից անմիջապէս յետոյ, եթէ նոյնիսկ ոչ թէ վազել էք, այլ արագ քայլել: Չափելուց առաջ հարկ է նստել, 15-20 րոպէ հանգստանալ:
Ճնշումը չափելիս խորհուրդ չի տրւում խօսել կամ շարժուել, այլապէս սարքն այդ պահին կարող է 20 մմ. սս.ից աւելի ցոյց տալ:
Սարքի թեւակապը հարկ է թեւին համապատասխան ճիշդ փաթաթել:
Նստէք ուղիղ, մէջքն աթոռին հաւասար, թուլացէք եւ ոտքերը մի խաչաձեւէք:
Ձեռքն ազատել հագուստից, այն պէտք է դրուած լինի սեղանին, մօտաւորապէս սրտի մակարդակին հաւասար բարձրութեամբ, արմունկն անշարժ:
2-3 րոպէ անց ԶՃը նորից չափել: Նօթատետրում գրանցէք ԶՃի երկու չափումների միջին ցուցանիշները:
Զարկերակային ճնշման վերին մակարդակի ցուցանիշը 120 մմ. սս., իսկ ստորինը՝ 80, համարւում է օպտիմալ (ամենաբարենպաստ-Խմբ.) ճնշում: Վերինը՝ 120-130 եւ ստորինը՝ 80-85 մմ. սս. զարկերակային ճնշումը համարւում է նորմալ ճնշում, բայց այս դէպքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգուել եւ փոփոխել ապրելակերպը. ֆիզիքական ակտիւութիւնը աւելացնել, ծխելուց հրաժարուել եւ այլն: Զարկերակային ճնշման վերին մակարդակի 130-139 եւ ստորին՝ 85-89 ցուցանիշները համարւում են նորմալ ճնշման վերին սահմանը: Զարկերակային վերին ճնշումը 140 մմ. սս.ից եւ ստորինը 90ից բարձրի դէպքում անհրաժեշտ է դիմել բժշկի եւ ստանալ համապատասխան բուժում:
Սակայն այդ ցուցանիշները խիստ միջինացուած են: Տարիքի հետ զուգընթաց զարկերակային ճնշման բնականոն համարուող մակարդակը, ինչպէս նաեւ մէկ րոպէում սրտի զարկերի յաճախականութիւնը աստիճանաբար փոխւում են: