ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Ուկրաինայում ծաւալուող իրադարձութիւնները շատերը փորձում են տեղայնացնել՝ փնտռելով հնարաւոր առնչութիւններ, քննարկելով Ազատութեան հրապարակը Մայդան դարձնելու կարելիութիւնը:
Բնականաբար, հետեւում եմ Ուկրաինայում ծաւալուող իրադարձութիւններին, որոնց ար-եւմտեան լրատուամիջոցները «յեղափոխութիւն» խորագրով են ներկայացնում, ռուսականները՝ «հակաիշխանական, մասսայական անկարգութիւններ»: Նոյն մտայնութեամբ էլ հակադրւում են քաղաքացին ու անկարգութիւններ հրահրողը:
Մայդանն ինձ համար, նախեւառաջ, ինքնորոշուած, արժանապատիւ քաղաքացու տարածք է, ուր քաղաքական կողմնորոշումների, երկրի կառավարման փիլիսոփայութեան խնդիր է դրւում, քաղաքացու եւ երկրի ճակատագրի հեռանկարի, իրաւունքների ու ազատութիւնների խնդիր: Ըստ էութեան, արմատական փոփոխութիւնների եւ իշխանափոխութեան, հէնց այն փաթեթը, որ ենթադրում է յեղափոխութիւնը:
Ուկրաինան բաժանւում է, ուկրաինական քարտեզը գոյներ է փոխում. գոնէ այս պահին այսպիսին է իրականութիւնը: Ուկրաինան քաղաքացիական պատերազմի նախաշեմին է: Սա նաեւ ցաւալի է. ականատեսն ենք պետութեան պառակտման, մարդկային կեանքի կորուստների, մարդուց կենդանի դառնալու շատ նուրբ սահմանագծին (նկատի ունեմ բախումների ժամանակ բերկուտի՝ ուկրաինական ոստիկանութեան վարքագիծը, խոշտանգումները, նուաստացումները, դիպուկահարների մեզ շատ ծանօթ գոյութիւնը): Ուղիղ միացումով հետեւում եմ, Կիեւի Գրուշեւսկու փողոցի իրադարձութիւններին՝ աննահանջ քաղաքացին հիացնում ու ապշեցնում է, նոյնքան էլ ցաւով ու տագնապով եմ արձանագրում այրուող բարիկադների, սառած հրապարակի, գիշերուայ մէջ արձակուող փամփուշտների, ոստիկանական լուսարձակների, վիրաւոր քաղաքացիների պատկերը:
Քաղաքական մարդու սառը մտքով կարող եմ արձանագրել, որ ցանկացած պայքար, յատկապէս ազատութեան համար պայքարը նուիրեալների կեանքի գնով է նուաճւում: Բայց անխուսափելիօրէն չեմ կարող համեմատութեան զուգահեռներ չանցկացնել մեր իրականութեան հետ եւ բարձրաձայն չմտածել՝ այսպիսի Մայդան, շեշտում եմ՝ ԱՅՍՊԻՍԻ ՄԱՅԴԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔ ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ:
Մի շարք պատճառներով չունենք, նախ մեր սահմաններից չնահանջած պատերազմի գիտակցումով, ամէն հայի կեանքը թանկ է, սահմանին կանգնած ՄԵՐ ԶԻՆՈՒՈՐԻ ԹԻԿՈՒՆՔՆ ՈՒ ՄԻՏՔԸ ՊԻՏԻ ԽԱՂԱՂ ԼԻՆԻ: Բայց սա չի նշանակում, որ մեր իշխանութիւնները կարող են երկարատեւ շահարկել ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն մեր իրականութիւնը:
Մեր ներքին բոլոր ձախողումները անաւարտ պատերազմով արդարացնելը մի սահմանագիծ ունի, ժողովրդի համբերութիւնը եւս:
Իսկ մենք Մայդան ունեցել ենք, մեր Ազատութեան հրապարակը, որտեղ նուաճել ենք մեր անկախութիւնը: Եւ Աստուած չանի, որ այդ հրապարակում հայի արիւն թափուի:
Ուկրաինական իրադարձութիւնները դաս պիտի լինեն նախ մեր իշխանութիւններին: Մեր հասարակութիւնը յոգնել է այսպէս ապրելու իրենց պարտադրած բանաձեւից: Քաղաքական խոհեմութիւնն ու արմատական փոփոխութիւններն անխուսափելի են, եթէ ոչ՝ ուշացած: