
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– «Արցախեան հակամարտութեան կարգաւորման հարցում տարածքային ամբողջականութեան եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հակադրութեան մասին Ադրբեջանի ընկալումները չեն համընկնում Մինսկի խմբի համանախագահների մօտեցումների հետ»: 30 Յունուարին լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին այս հաստատումը կատարած է Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար Շաւարշ Քոչարեանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման սկզբունքներուն միակողմանի դիտարկման մասին հարցումի մը: «Մենք շատ լաւ հասկանում ենք, որ համաձայն ՄԱԿի կանոնադրութեան, երբեք տարածքային ամբողջականութիւնը չի կարող հակադրուել ինքնորոշման իրաւունքին: Եւ այն, ինչ գաղտնազերծուել է համանախագահների կողմից, շատ յստակ ցոյց է տալիս, որ նաեւ համանախագահողներն են դա հասկանում», յայտնած է Քոչարեան:
Փոխնախարարը բացատրած է Մինսկի խումբի համանախագահներուն ընկալումները Մատրիտեան սկզբունքներուն վերաբերեալ: «Եթէ կարճ ձեւակերպենք ինչում է կայանում Մադրիդեան սկզբունքների էութիւնը, ապա համանախագահներն ասում են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւն, սակայն առանց Արցախի եւ այն Հայաստանին միացնող միջանցքի: Միւս կողմից ասում են՝ այո, ինքնորոշում, բայց Արցախով: Այստեղ, ըստ համանախագահների իրենք գտել են այս տարբեր, հակադիր դիրքորոշումների մօտեցումը», նշած է Քոչարեան:
«Սա է էութիւնը Մադրիդեան սկզբունքների, որն իր մէջ չի պարունակում այն, ինչ փորձում է ներկայացնել Ադրբեջանը, որ իբր տարածքային ամբողջականութիւնը կարող է հակադրուել ինքնորոշման իրաւունքին», եզրափակած է Քոչարեան: