ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Սովորաբար որբ բառը խղճահարութիւն, տխրութիւն ու հոգեկան ցաւ է պատճառում մարդուն, երբ դժբախտ պատահարով կամ կեանքի անբարեացակամ հարուածով է որբանում մէկը, նոյնիսկ խաղաղ, սովորական պայմաններում, քանի որ այն խորհրդանշում է անպաշտպան ու անօգնական դարձած երեխայի դժուարին ճակատագիր, բազում հարուածներով լեցուն խեղաթիւրուած կեանք:
Ցաւը դեռ տանելի է, երբ մէկ երեխայի է վերաբերւում: Բայց երբ այն մտածուած ու ծրագրուած եղեռնագործութեան հետեւանք է, բռնի ու գազանաբար պարտադրուած որբութիւն, եւ թիւը հասնում է հարիւր հազարների, ցաւն արդէն հազարապատկուելով, պատռում մեր հոգին, դուրս է գալիս իր սահմաններից եւ անօգնական թափառելով նրանցից իւրաքանչիւրի հետ, դառնում է ահաբեկումից խոշորացած բիբերով, հարազատ փնտռող, անփարատելի վշտոտ աչքերի հետապնդում, մեր ականջներում բոյն դրած սիրտ կեղեքող ճիչ, մեզ հետեւող շուք, երկարած դատարկ ձեռքերի հաւաքական աղերս, որը կառչում է մեզնից, բոյն է դնում մեր մէջ, անվերջ յիշեցնում մեզ իրենց մասին ու պարտադրում մեզ հատուցում պահանջելու իրենցից իւրաքանչիւրի կրած ցաւի ու անբուժելի կսկիծի, իրենց պարտադրուած եղեռական ճակատագրի համար:
Յանկարծակի, մէկ հրամանով ջարդուփշուր, ցիրուցան եղած հարիւր հազարաւոր հայ որբերի կեանքի պատմութիւնը ինչպէ՞ս պատմել, ինչպէ՞ս տեղաւորել որեւէ բանաձեւումի մէջ, որ սիրտ չկեղեքի, ու սառը բանականութեամբ քայլես նրանցից իւրաքանչիւրի հետքերով, մտնես նրանց աւերուած երազների խորքը, վերստեղծես, տեսանելի դարձնես արդէն հարիւր տարուայ մօտեցող նրանց կրած դժոխային ապրումների իրական պատկերը:
Բնականաբար, այդ հարիւր հազարաւորներից սակաւ կենդանի մնացածների միայն մի չնչին մասը ի վիճակի գտնուեց իրենց ապրած ահարկու կեանքը բառերի վերածել ու աշխարհին լսելի դարձնել, թէեւ աշխարհը կոյր ու համր ձեւացած անտարբերութեամբ ընդունեց նրանց դժուարով արտաբերուած բառերը: Աստիճանաբար, այդ կցկտուր բառերի վրայ աւելացան, դիզուեցին աշխարհի տարբեր երկրների արխիւներում յայտնուող կուտակուած փաստաթղթեր, լուսանկարներ, վաւերական ժապաւէններ, ականատեսների վկայութիւններ, իրենց լռութեան պատեանը պատռած տարբեր ազգերի ականաւոր մարդկանց յուշագրութիւններ եւ ամենակարեւորը՝ այդ անօթեւան, անմարդկային սպանդին զոհ դարձած հարիւր հազարաւոր որբերին պաշտպան կանգնող կազմակերպութիւնների ու անհատների իրական գրառումներ:
Թէեւ այսօր, այսքան տեղեկութիւններով հանդերձ, դեռ անկարելի է ճշդել, ի մի բերել թիւը այն որբերի, որոնց խմբերով կենդանի թաղեցին, գետերն ու ձորերը նետեցին, մորթեցին, որոնց մարմինները տների շաղախ ու գազանների կեր դարձրին, թուրք, արաբ, քուրդ, բեդուին ընտանիքներում որպէս ծառաներ ու հարճեր պահեցին, ստիպողաբար թուրքացրին:
Դեռ անյայտ է նոյնիսկ մասնաւոր անհատների, ինչպէս իմ մեծ հայրս, հօրս հայրը՝ Եղիա Ապուսէֆեանն է, ով ամիսներով, իր միջոցներով բեդուինների մօտից գնել, անապատներից ու ձորերի միջից հաւաքել ու թաքնուածներին, հիւանդներին ու բերել հասցրել է Հալէպ եւ ինքը մահացել: Դեռ անյայտ է դրանց թիւն ու ճակատագիրը, ինչպէս մինչեւ օրս չի հաւաքագրուել եւ ներկայացուել տարբեր որբանոցներում տեղ գտած մեր որբերի թուագրութիւն-պատմութիւնը մէկ ամբողջական թղթածրարով:
Թէեւ աշխարհում այսօր էլ դեռ շարունակւում են մարդկային տեղահանութիւնն ու կոտորածները, որբանում են հազարաւոր երեխաներ նոյն մարդկութեան անտարբեր հայեացքի առջեւ, այս ամէնով հանդերձ, մենք օգտագործելու ենք ամէն հնարաւորութիւն մեր արդար պահանջատիրութեամբ նաեւ մարդկութեան սթափեցնելու, գործադրուող կոտորածները կանխելու:
Մեր նպատակը այլես ոչ թէ Ցեղասպանութեան հաստատման գործն է, այլ մեր պահանջատիրութեան իրագործումը եւ դրա համար տարուող աշխատանքը: Բնականաբար, իւրաքանչիւր ներդրում այդ ուղղութեամբ օգնելու է մեր նպատակի իրագործմանը:
Վերջերս Հայոց Ցեղասպանութեան արխիւը հարստացաւ ծանրակշիռ, առարկութիւն ժխտող, համամարդկային ընկալմամբ մատուցուած մի բարձրորակ գործով:
Փաստավաւերագրական ժապաւէնի տաղանդաւոր բեմադրիչ Պարէտ Մարոնեանը Ցեղասպանութեան 100ամեակի շեմին հաւաքագրել, մէկ ծրարով ամբողջացրել է 1915թ. մեր որբերի մասին փաստավաւերագրական լուրջ ժապաւէն, արխիւային փաստաթղթի լուռ վիճակից տեսանելի ու լսելի դարձնելով այն համայն մարդկութեանը:
«Ցեղասպանութեան Որբերը» վերնագիրը կրող այս փաստավաւերագրական ժապաւէնը, որը տեւում է ընդամէնը 90 րոպէ, երկարատեւ ու մանրակրկիտ ուսումնասիրութեամբ իրագործուած, արուեստի բարձր ճաշակով, առանց էժանագին յոյզեր գրգռող աւելորդութեան, ճշգրիտ հաւաքագրուած, քաղաքական եւ պատմական ազդեցութիւն ունեցող ժապաւէն է:
Բեմադրիչ Մարոնեանը երեք տարի է ներդրել այս աշխատանքը սահուն, խորը բովանդակութեամբ՝ ոչ միայն հայերիս կամ աշխարհի շահամոլ քաղաքագէտներին ներկայացնելու, այլեւ մեր պահանջատիրութեան հայցը էլ աւելի զօրացնելու նպատակով: Բացի այն, որ սա Հայոց Ցեղասպանութիւնը որբերի միջոցով ներկայացնող ցնցիչ հաւաքածու է, կատարուած իրողութիւնը դեռ ժխտել փորձողների բառերը իրենց կոկորդում խեղդող հարուած, ազգասպաններին դեռ թիկունք կանգնողներին ամօթալի ապտակ, միաժամանակ սա բացայայտ պահանջ է հարիւր հազարաւոր որբերի իրաւունքներին տէր կանգնելու, նրանցից խլուածը ետ պահանջելու համար:
Մենք երկար ենք սպասել այսպիսի տարողութեան ժապաւէնի, զուր շեփորահարելով բոլոր նրանց, ովքեր Ցեղասպանութեան նիւթով նոյնիսկ գեղարուեստական ժապաւեններ ստեղծեցին: Մինչեւ այսօր արդիւնքում ունեցել ենք միջակ որակի, նոյնիսկ հայերիս ոչինչ ասող գործեր:
Բայց ահա, Լիբանան ծնած, «Հայկազեան» համալսարանաւարտ, 70ի պատերազմի խառը տարիներին Ամերիկա անցած եւ Ֆլորիդա քաղաքում շարժապատկերի մէջ կրթութիւն ստացած, «4 Emmy», «6 Telly», «4 Arora», «Platinum REMI» եւ այլ մրցանակների տիրացած, ինչպէս նաեւ «Ցեղասպանութեան Պատը», «Կոմիտաս Հայրիկ» վաւերագրական ժապաւէնների հեղինակ Մարոնեանը, իր այս վերջին «Ցեղասպանութեան Որբերը» ժապաւէնով մեզ է ներկայացնում լուրջ ուսումնասիրութիւն:
Բեմադրիչ Պարէտ Մարոնեանը պատմաբան հետազօտողի մանրակրկիտ ճշգրտութեամբ, նուրբ արուեստագէտի ներքին հայեացքով, դէպքերի, փաստագրութիւնների, հարցազրոյցների, լուսանկարների, մէջբերուած վաւերագրական ժապաւէնների հատուածները այնպիսի վարպետութեամբ է իրար միահիւսում, մտքով եւ դէպքերի յաջորդականութեամբ իրար շաղախում, ձայներով, գոյներով, երաժշտութեամբ եւ խօսքով միահնչուն դարձնում, որ նիւթի ծանրութիւնը ոչ միայն չի յոգնեցնում դիտողին, 90 րոպէ աննկատ է անցնում, այլ հակառակը՝ դիտողին ամբողջովին ներգրաւում է իր խորութեան մէջ, ժամ ու կէսը դարձնում՝ ակնթարթ:
Սովորաբար շատերը փաստագրական ժապաւէնները որպէս արուեստի գործ չեն ընդունում եւ ընդհանրապէս դրանք աւելի պատմողական, հետազօտական, ծանօթագրական բնոյթի սահմաններում են մնում: Բեմադրիչ Մարոնեանի այս ժապաւէնը դուրս է ընդունուած այդ սահմանումից: Մարոնեանը կարողացել է՝ պատմուող նիւթը իր փաստային արժէքի մէջ պահելով, դրա շուրջ ստեղծել իրական բեմադրութիւն, որի դերակատարները՝ կենդանանալով լուսանկարներից ու փաստաթղթերից, մեր առջեւ ստեղծում են 1915թ. Ցեղասպանութեանը հայ երեխաներին պարտադրուած ճակատագրի կենդանի պատկերը:
Ժապաւէնի դերակատարները դերասաններ չեն, այլ սիրտ կեղեքող հայեացքով լուսանկարներից մեզ նայող, ցնցոտիներով կամ միանման հագնուած վտիտ, 2-13 տարեկան երեխաների հսկայական զանգուած, որոնց Մարոնեանը, արուեստի լեզուով կենդանացնում է մեր առջեւ, քայլեցնում, աշխատեցնում, յանկարծ կանգնեցնում ու հայեացքները սեւեռում մեր վրայ: Ժապաւէնի գլխաւոր «դերակատարը» թուրքն է՝ իր գործած Ցեղասպանութեան կենդանի վկայութիւններով, ժամանակը՝ 1915թ., դրան հետեւող տարիները, մինչեւ մեր օրերը: Կատարուող իրադարձութիւնները՝ Արեւմտահայաստանի մեր տարածքներից սկսած, Թուրքիայի, Միջին Արեւելքի տարբեր քաղաքները, Ալեքսանտրապոլ (Գիւմրի), մինչեւ Կանադա եւ Ամերիկա են հասնում:
Պատմուող նիւթից դանդաղօրէն, ամբողջ պաստառով յառնում է դժոխային սարսափ ապրած աչքերով, մանկական դէմքին իր որբութեան պատմութիւնը դրոշմուած, հերարձակ մի աղջիկ: Հայկական նշաձեւ աչքերում մանկական խայտանքը ջնջուած է, տանջանքից խոշորացած բիբերով նայում է մեզ: Նրա գեղեցիկ, վեհ, հոգի ծակող հայեացքում մարդկութեանն ուղղուած ծանր մեղադրանք ու դատապարտում կայ եւ միեւնոյն ժամանակ, հաստատ ու անընկճելի կամք՝ ապրելու ու յարատեւելու: Վարպետութեամբ օգտագործուած լոյսի, գոյների համագործակցութիւնը, աստիճանաբար խոշորացող այդ ակնթարթում յայտնուող հայեացքը դառնում է ֆիլմի եւ ապրող հայութեան խորհրդանիշ:
Աշխարհահռչակ մրցանակակիր լրագրող, գրող Ռոբերթ Ֆիսքի Անթուրայի հազար հայ որբերի թուրքացման մասին 2010թ. «Բրիթիշ Դէյլի Նիւզ»ում հրատարակուած յօդուածը, հիմնուած հարաւային Քալիֆորնիայից Միսաք Քէլէշեանի մանրակրկիտ ուսումնասիրութեան վրայ, անմիջապէս գրաւում է Պարէտ Մարոնեանի ուշադրութիւնը: Մասնագիտութեամբ ելեկտրիկ ինժեներ Միսաք Քէլէշեանը, ում շնորհակալ ենք, զարմանալի յայտնագործութեան է յանգել, միայնակ, անձնական լուրջ պրպտումներով, փաստերով հաստատել, որ այսօրուայ Անթուրայի Ֆրանսական քոլեջը 1915ին եղել է հազարաւոր հայ որբերի թուրքացման կենտրոն՝ Ճեմալ փաշայի իրաւասութեան եւ հսկողութեան տակ: Եւ ինչպէս սովորաբար լինում է ստեղծագործողների պարագային, ներքին մի կրակ անմիջապէս Մարոնեանի մէջ ծնել է այս նիւթը եւ բնականաբար դրա հիմնական պատճառը հանդիսացած Ցեղասպանութեան ժամանակ հայ որբերի ճակատագիրը, դարձնել տեսանելի ու լսելի:
Մէկ եւ կէս ժամանոց այս շարժապատկերը ստեղծելու համար, բեմադրիչ Մարոնեանը հսկայական ժամեր է ներդրել տարբեր երկրներում, տարբեր կազմակերպութիւնների իրաւասութեան տակ գտնուող տասնեակներով փաստաթղթեր ուսումնասիրելու եւ իր մտահղացման համար դրանցից ամենակարեւորները ընտրելու: Դա միայն կը հասկանայ նա, ով լծուած է այսպիսի ծանր աշխատանքի:
Ուսումնասիրուած եւ դրանց վրայ ստեղծուած վաւերագրութիւնը վերցուած են այնպիսի լուրջ, հեղինակաւոր արխիւներից, ինչպիսիք են Ռոքըֆելըր Արխիւի կենտրոնը, Գերմանիոյ Ազգային արխիւը, Դանիական Ազգային արխիւը, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը, ԱՄՆ Ազգային արխիւը, «Զօրեան» ինստիտուտը, Հայաստանի Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը, ՀՕՄի եւ մի շարք այլ անձնական արխիւներում պահուած հաւաքածուները:
Պատմւում, փաստերով ներկայացւում է նաեւ Լինքոլն Լոյալ Ուըրթի տեղեկութիւններով՝ երկու հարիւր հազար հայ որբերի 212 տարբեր որբանոցների մէջ կեցութեան ու ճակատագրի հետքերը՝ Ստամբուլի, Հալէպի, Լիբանանի, Անթուրայի, Ղազիրի, Ուրֆայի, Իրաքի, Կիպրոսի, Գորֆուի, Ալեքսանտրապոլի, Երուսաղէմի որբանոցներում, որոնք ղեկավարուել են «American Near East Relief Faundation»ի կողմից: Միայն Ալեքսանտրապոլում տեղաւորուած են եղել 20 հազար հայ որբեր: Այդ որբանոցների մի մասը արդէն սովետականացած տարիներին դարձել էին զինուորական զօրանոցներ, «Պալիգոն» անունով, եւ տեղացիները անտարբերօրէն մատնանշում էին, որ դրանք հին որբանոցներ են եղել:
Այսօր, ստիպողաբար կրօնափոխ եղած հայերը արդէն պատռում են իրենց լռութեան քօղը եւ պարզում իրականութիւնը: Թէեւ մենք դեռ անպատասխան ենք թողնում նրանց, բայց նրանց գոյութիւնը անժխտելի է այլեւս: Այս ժապաւէնով Մարոնեանը հայութեան, աշխարհի եւ թուրք հերքողների առջեւ մի նոր ապացոյցով հաստատում է, որ թուրքացում-կրօնափոխութիւնը, ձուլումը, եղել է Թուրքիոյ իրագործած Ցեղասպանութեան հիմնական ծրագրերից մէկը, որը խստօրէն իրականացուել է Անթուրայի որբանոցում եւ այլուր: Անթուրա բերուած 1456 որբերը հիմնականում երեքից տասնչորս տարեկան երեխաներ են եղել, որոնց թլպատելով, անունները թրքացնելով, թուրքերէն խօսել պարտադրելով, ամէնօրեայ իրենց քարոզներով թրքութեանը կապելով, փորձել են ամբողջովին թրքացնել: Աստիճանաբար, 11ից բարձր տարիք ունեցող եւ խոշորակազմ տղաներին սպանել են:
Գառնիկ Բանեանը, յետագայում Համազգայինի Նշան Փալաճեան ճեմարանի փոխտնօրէն, ունի սրտառուչ գրառում այդ մասին: Նրան Անթուրա են բերել վեց տարեկանին: Իւրաքանչիւր երեխայ թուով է ճանաչուել, ինքը եղել է թիւ 551ը եւ անունն էլ դարձրել են Մահմուտ: Յաճախ սնուել է որբանոցի շուրջը յայտնուող ոսկորները փշրել ուտելով, անգիտակից, որ դրանք իր մահացած ընկեր որբերի անթաղ մասնիկներն են: Այդ երեխաներից միայն 456ն են կենդանի մնացել: 300ի դիակները 1993ին են յայտնաբերուել, երբ շինարարութեան համար փորել են տարածքը: Տարբեր օրերին մեռածներին անթաղ նետել են շներին ու գազաններին կեր դարձրել, որոնց ոսկորներից էլ սնուել են որբանոցում անօթութիւնից տառաապող երեխաները:
Այսօր, այդ սոսկալի ոճրագործութեան շեմին, Խաչատուրեան ընտանիքի կողմից յուշարձան է կանգնեցուած եւ տապանաքարեր զետեղուած հայ որբացած անպաշտպան մանուկներին յաւէրժացնելու համար:
Ծանր է՝ կանգնել Անթուրայի այդ փոքրիկ գերեզմանոցում եւ չտեսնել այդ տանջուած մանուկների դէմքերը, չլսել նրանց գիշերային լացը, չզգալ նրանց անմեղ ու չարաչար տանջուած ներկայութիւնը, չլսել «ֆալախա»ի հարուածների ցաւից պոկուած նրանց անպաշտպան ճիչը:
Թուրքացման ծրագիրը լայն տարողութեամբ, յատկապէս Եղեռնի ժամանակ իրականացնելը հաստատւում է անմիջականօրէն:
1915ի Օգոստոս 30ի Թալէաթի հրամանագրում ասւում էր. «Հայ երեխաների գոյութիւնը պաշտօնական հաստատութիւններում անընդունելի է, պէտք է նրանց բաժանել իսլամական գիւղերում»: Հաւաքագրուած երեխաներին՝ 1426 երեխայ, իսլամացման համար ուղարկել են թուրքական տարբեր հաստատութիւններ:
Հետաքրքիր մի իրականութիւն եւս բացայայտուած է այս ժապաւէնում: Կանադայի ՀՕՄի դրամահաւաքով որոշւում է որբեր բերել Օնթարիօ, նրանց գիւղատնտեսութիւն սովորեցնելու, ուսումն ու կեցութիւնը հինգ տարով ապահովելու: 1924 թուականին, 109 որբեր տարբեր տեղերից բերւում են æորջթաուն, ուր նրանց տրամադրում են ճահճոտ մի շրջան, որը չորացնելով՝ մշակման պիտանի էին դարձնելու: Ի երախտագիտութիւն նուիրատուների, հաստատութիւնը փորձում է փոխել նրանց անունները, իւրաքանչիւրին նոր անգլօ-սաքսոն անուն տալով, մոռացնելու իրենց իսկութիւնը, աւելի արագ եւ վերջնական այդ երկրին ձուլելու համար: Որբերը, այդ անօգնական ու անպաշտպան մնացած երեխաները, կտրականապէս մերժում, ըմբոստանում, չեն ընդունում առաջարկը: Միակ բանը, որ նրանք փրկել էին այդ արհաւիրքից, իրենց փլուզուած մանկութիւնից, կորցրած արմատներից, իրենց ծնողների կողմից իրենց տրուած անուններն էին, միակ կապը իրենց ծնողների եւ իրենց իսկութեան հետ, որը իրապէս շօշափելիօրէն ունէին, իրենցն էր, եւ ոչ մի գնով չեն զիջում այն: 109 որբեր, աշխարհում ամբողջովին միայանակ մնացած 109 մանուկ հայեր, տէր են կանգնում իրենց ինքնութեան:
Գուցէ դիտողները հարեւանցի նայում ու անցնում են այս փաստից, բայց ի պատիւ Մարոնեանի, պիտի նշեմ, որ սա կարեւոր դիտարկումով է մէջբերուած: Ձուլման ճնշումը միշտ, մինչեւ օրս էլ ամէնուր է, հարցն այն է, թէ ո՞վ ինչպէս է հակադարձում դրան: Այդ երեխաների արարքը ուսանելի է այսօրուայ ինքնակամ ձուլուողներին, օտար անունը իրենց հայկականից գերադասողներին, իրենց ինքնութիւնից ամաչողներին:
Ինչպէս վերը նշեցի, հարցազրոյցները, հրամանագիր փաստաթղթերը, մէջբերումները ամենայն մանրակրկիտութեամբ, սեղմ ու պատկերաւոր են ընտրուած: Օգտագործուած երգերը տեղին ու ճաշակով տեղադրուած, նոյնիսկ երգերի արեւմտահայ կատարման ընտրութիւնն է մտածումով արուած, որը մէկ անգամ եւս գալիս է հաստատելու, որ այս ժապաւէնը Արեւմտահայութեան պատմութան, ողբերգութեան ու պահանջատիրութեան փաստաթուղթն է:
Այս ժապաւէնը նաեւ հայութեան շնորհակալութեան փոխանցումն է բոլոր այն անհատներին եւ կազմակերպութիւններին, որոնք ձեռք մեկնեցին, տէր կանգնեցին, ապաստան տուին, կենդանի պահեցին մեր որբերին:
«Ցեղասպանութեան Որբերը» ժապաւէնը իրականացուել է այդ փրկուած որբերի զաւակների՝ Պէզիքեան, Ուզունեան ընտանիքների, Էսքիճեան, Չիթչեան հաստատութունների նիւթական նուիրատուութեան շնորհիւ, որոնք արժանի են իրական գնահատանքի, խորին շնորհակալութեան եւ բոլոր նրանց, ովքեր անկողմնակալ իրենց մասնակցութիւնն են բերել այս փաստաթուղթ ժապաւէնի պատրաստմանը:
Պարէտ Մարոնեանի ժապաւէնը մեր հարիւր հազարաւոր որբերին երախտագիտութեան տուրք է, խնկարկում նրանցից իւրաքանչիւրի ներքին ուժի ու կամքի, նրանց անհատականութեան ու հաւատի առջեւ, անժխտելի ապացոյց ոչ միայն նրանց կրած տառապանքի, այլ նաեւ այսօրուայ մեր գոյութեան, մեր յարատեւման:
Որքան էլ ապրողներիս պարտքն է մեր հոգու խորքում պահել սակաւ լուսանկարներից մեզ նայող, նոյնիսկ իրենց վշտի ու թշուառութեան մէջ գեղեցիկ ու ազնուական, այդ երեխաներից իւրաքանչիւրի անյատակ տխրութեամբ լեցուած աչքերն ու վշտով լեցուն, օգնութիւն աղերսող հայեացքները, սակայն մեր հիմնական աշխատանքը լինելու է այս երեխաների իրաւունքները պահանջելը ջարդարարից: Այսօրուայ թուրք սերունդը յղփանում, բարգաւաճում է մեր այս որբերից խլուած իրաւունքներով:
Այս ժապաւէնը կ՛արժէքազրկենք, եթէ այն դարձնենք միայն մեր որբերի ճակատագիրը լուսաբանող կամ դրանով թուրքի ոճրագործութիւնը փաստող եւս մէկ վաւերագրութիւն:
Մենք պարտաւոր ենք այդ որբերի իւրաքանչիւրի անունից պահանջ ներկայացնելու այսօրուայ Թուրքիոյ կառավարութեան, իրենց անցեալը ժխտող այսօրուայ թուրք սերունդին, որ այս տարողութեամբ գործուած ոճիրները ոչ միայն չեն մոռացւում, ոչ միայն անկարելի է հերքել կամ անհետացնել հետքերը, այլ անժամկէտ են եւ հատուցումը՝ պարտադիր: Որ այսօրուայ Թուրքիոյ կառավարութիւնը եւ թուրք սերունդը պարտաւոր է հատուցել այս որբերի մանկութիւնը ջարդուփշուր անելու, իրենց ընտանեկան ջերմութիւնից վայրագօրէն զրկելու, իրենց երկրից դուրս նետելով հազարաւոր մղոններ սարսափի ու ահի տակ քայլեցնելու, որպէս ստրուկ ձրի աշխատեցնելու, հարիւր տարիներ սեփականացնելով նրանց հողերը, տներն ու ունեցուածքները առանց փոխհատուցման օգտագործելու համար:
Իրապէս վիրաւորական է այս ժապաւէնը՝ «Ցեղասպանութեան Որբերը» դիտել միայն փոքրիկ սրահներում, խղճուկ, մի խումբ հայութեան ներկայութեամբ:
Իւրաքանչիւր հայի պարտքն է դիտել այս ժապաւէնը, իր յարգանքի տուրքը տալ մեր չարաչար տանջուած որբերին, որոնց մի փոքրաթիւ մասի շարունակութիւնն են մեզնից շատերը, եւ օգտագործել ամէն միջոց նրանց խեղդուած ձայները կենդանացնելու, պահանջ դարձնելու:
Կազմակերպուենք մեր մտածողութեամբ, մեր ողջ ուժը կենտրոնացնենք մեր պահանջատիրութեան աշխատանքի վրայ եւ օգտագործենք բոլոր միջոցները՝ իրագործելու մեր պահանջատիրութիւնը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.