Ֆրանսիական Նիս քաղաքում կայացաւ «Եւրօ-2016»ի ընտրական փուլի վիճակահանութիւնը: Հայաստանի ապագայ մրցակիցները կը լինեն Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հաւաքականները:
53 թիմեր նախապէս բաժանուել էին 6 զամբիւղների: Արդիւնքում կազմուեց 8 խումբ՝ 6ական հաւաքականով, եւ մէկը՝ 5ով: Հէնց վերջին՝ 9րդ խմբում էլ, որտեղ խաղալու է Հայաստանի ընտրանին, հանդէս կը գայ 5 հաւաքական: «Եւրօ-2016»ի եզրափակիչ փուլի տանտէր Ֆրանսիան, որն ազատուած է ընտրական խաղերից, պարապուրդի չմատնուելու համար այս խմբի թիմերի հետ ընկերական հանդիպումներ կ՛անցկացնի: Այսինքն՝ կենտ թուով խմբում ազատ մնացած հաւաքականը ընտրական փուլում երկու անգամ կը մրցի ֆրանսիացիների հետ:
Վիճակահանութեամբ կազմուեցին հետեւեալ խմբերը.
1.- Հոլանդիա, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան
2.- Բոսնիա եւ Հերցեգովինա, Բելգիա, Իսրայէլ, Ուելս, Կիպրոս, Անդորա
3.- Իսպանիա, Ուկրաինա, Սլովակիա, Բելառուս, Մակեդոնիա, Լիւքսեմբուրգ
4.- Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, æիբրալթար
5.- Անգլիա, Շուէյցարիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Սան Մարինօ
6.- Յունաստան, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հիւսիսային Իռլանդիա, Ֆարերներ
7.- Ռուսաստան, Շուէդիա, Աւստրիա, Մոնտենեգրօ, Մոլդովա, Լիխտենշտայն
8.- Իտալիա, Խորուաթիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ադրբեջան, Մալթա
9.- Պորտուգալիա, Դանիա, Սերբիա, Հայաստան, Ալբանիա:
Խոստովանենք, որ մեզ բաւականին դժուար խումբ է բաժին ընկել, քանի որ, ի տարբերութիւն միւսների, սա միակն է, որտեղ չկայ ամենաթոյլ, 6րդ զամբիւղի ներկայացուցիչ ընտրանի: Ճիշդ է, Հայաստանն այսօր ՖԻՖԱի դասակարգման ցուցակում գտնւում է իր համար ռեկորդային 30րդ տեղում՝ գերազանցելով տարածաշրջանում իր բոլոր հարեւաններին, աշխարհի գալիք առաջնութեան մասնակից մի շարք հաւաքականների եւ անուն հանած ընտրանիների: Սակայն մեր թիմն իր ապագայ մրցակիցների հետ խաղալու փորձ ունի, եւ բոլորն էլ ցոյց են տուել, որ ամուր հաւաքականներ են, ու մեզ հեշտ խաղեր չեն սպասւում: Չի կարելի ասել, թէ սա մահուան խումբ է, բայց միայն այն, որ իրենց պոտենցիալով (կարողականութեամբ-Խմբ.) թիմերը շատ հեռու չեն միմեանցից, ամէն ինչի մասին խօսում է. սպասւում է թէժ պայքար:
Յիշեցնենք, որ «Եւրօ-2016»ի եզրափակիչ փուլում խաղալու են նախկինի պէս ոչ թէ 16, այլ արդէն՝ 24 թիմեր: Եզրափակիչի ուղեգիր են ստանալու ընտրական խմբերում առաջին երկու տեղերը գրաւած ընտրանիները ու լաւագոյն արդիւնք ցոյց տուած երրորդ տեղի թիմը (ընդհանուր՝ 19 հաւաքական), երրորդ հորիզոնական զբաղեցրած միւս 8 թիմերը «Փլէյ-օֆ» փուլում խաղարկելու են 4 ուղեգիր, իսկ վերջում նրանց միանալու է Ֆրանսիան:
Եզրափակիչ փուլում կազմուելու է 6 խումբ՝ 4ական թիմով: 1/8 եզրափակիչ են անցնելու առաջին երկու տեղերը գրաւած 12 թիմերն ու լաւագոյն արդիւնք գրանցած երրորդ տեղի 4 թիմերը: Այսինքն, ի տարբերութիւն նախորդ տարիների, լինելու է 1/8 փուլ, այնինչ մինչ այս խմբային փուլին յաջորդում էր 1/4-ը:
Ստացւում է, որ 54 անդամ ունեցող ՈՒԵՖԱի այս նոր մրցաշարին կարող է մասնակցել երկրների գրեթէ կէսը, բայց թէ ինչ կը լինի կոնկրետ Հայաստանի պարագայում, պարզ կը դառնայ միայն 2015ին: Խմբային մրցաշարը մեկնարկելու է այս տարուայ Սեպտեմբերին եւ տեւելու է մինչեւ 2015ի Նոյեմբեր: Իսկ Եւրոպայի 15րդ առաջնութիւնը տեղի կ՛ունենայ 2016ի Յունիսի 10ից Յուլիսի 10ը:
Ներկայացնենք մեր խմբի թիմերի հետ կայացած նախորդ խաղերի վիճակագրութիւնը՝ մօտաւոր պատկեր ձեւաւորելու համար.
16.08.1995, Երեւան, ԵԱ-1996, Հայաստան-Դանիա՝ 0-2
15.11.1995, Կոպենհագեն, ԵԱ-1996, Դանիա-Հայաստան՝ 3-1 (գոլի հեղինակ՝ Արթուր Պետրոսեան)
05.06.1996, Լիլլ, ընկերական խաղ, Ֆրանսիա-Հայաստան՝ 2-0
31.08.1996, Երեւան, ԱԱ (աշ-խարհի ախոյեանութիւն)-1998, Հայաստան-Պորտուգալիա՝ 0-0
09.11.1996, Տիրանա, ԱԱ-1998, Ալբանիա-Հայաստան՝ 1-1 (Յակոբ Տէր-Պետրոսեան)
20.08.1997, Սետուբալ, ԱԱ-1998, Պորտուգալիա-Հայաստան՝ 3-1 (Էրիկ Ասադուրեան)
06.09.1997, Երեւան, ԱԱ-1998, Հայաստան-Ալբանիա՝ 3-0 (Յարութիւն Վարդանեան, Էրիկ Ասադուրեան, Գառնիկ Աւալեան)
31.03.1998, Սեն Դենի, ԵԱ (եւրոպայի ախոյեանութիւն)-2000, Ֆրանսիա-Հայաստան՝ 2-0
08.09.1999, Երեւան, ԵԱ-2000, Հայաստան-Ֆրանսիա՝ 2-3 (Կարապետ Միքայէլեան, Արմէն Շահգելդեան)
11.10.2006, Բելգրադ, ԵԱ-2008, Սերբիա-Հայաստան՝ 3-0
22.08.2007, Երեւան, ԵԱ-2008, Հայաստան-Պորտուգալիա՝ 1-1 (Ռոբերտ Արզումանեան)
13.10.2007, Երեւան, ԵԱ-2008, Հայաստան-Սերբիա՝ 0-0
17.11.2007, Լէյրիա, ԵԱ-2008, Պորտուգալիա-Հայաստան՝ 1-0
28.02.2012, Լիմասոլ, ընկերական խաղ, Սերբիա-Հայաստան՝ 2-0
11.06.2013, Կոպենհագեն, ԱԱ-2014, Դանիա-Հայաստան՝ 0-4 (Եուրա Մովսիսեան, Արաս Օզբիլիզ, Եուրա Մովսիսեան, Հենրիխ Մխիթարեան)
14.08.2013, Տիրանա, ընկերական խաղ, Ալբանիա-Հայաստան՝ 2-0
10.09.2013, Երեւան, ԱԱ-2014, Հայաստան-Դանիա՝ 0-1:
Ինչպէս երեւում է, միայն Ալբանիայի հետ է մեր հաշուեկշիռը հաւասար (եթէ հաշուենք գոլերը, ապա դրական է), իսկ միւսների հետ խաղերում աւելի շատ են մեր թիմի պարտութիւնները:
Ալբանիա՝ 1 յաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտութիւն, գոլերը՝ 4 խփած, 3 բաց թողած
Պորտուգալիա՝ 0-2-2, գոլերը՝ 2-5
Դանիա՝ 1-0-3, գոլերը՝ 5-6
Սերբիա՝ 0-1-2, գոլերը՝ 0-5
Արդէն յայտնի է 9րդ խմբի խաղացանկը.
Օրը Հանդիպումը Ժամը (+1 ժամանային գօտի)
07.09.14 Դանիա-Հայաստան 18:00
07.09.14 Պորտուգալիա-Ալբանիա 20:45
11.10.14 Հայաստան-Սերբիա 18:00
11.10.14 Ալբանիա-Դանիա 20:45
14.10.14 Դանիա-Պորտուգալիա 20:45
14.10.14 Սերբիա-Ալբանիա 20:45
14.11.14 Պորտուգալիա-Հայաստան 20:45
14.11.14 Սերբիա-Դանիա 20:45
29.03.15 Ալբանիա-Հայաստան 18:00
29.03.15 Պորտուգալիա-Սերբիա 20:45
13.06.15 Հայաստան-Պորտուգալիա 18:00
13.06.15 Դանիա-Սերբիա 20:45
04.09.15 Դանիա-Ալբանիա 20:45
04.09.15 Սերբիա-Հայաստան 20:45
07.09.15 Հայաստան-Դանիա 18:00
07.09.15 Ալբանիա-Պորտուգալիա 20:45
08.10.15 Ալբանիա-Սերբիա 20:45
08.10.15 Պորտուգալիա-Դանիա 20:45
11.10.15 Հայաստան-Ալբանիա 18:00
11.10.15 Սերբիա-Պորտուգալիա 18:00:
Հաշուարկից դուրս
07.09.14 Սերբիա-Ֆրանսիա 20:45
11.10.14 Ֆրանսիա-Պորտուգալիա 20:45
14.10.14 Հայաստան-Ֆրանսիա 18:00
14.11.14 Ֆրանսիա-Ալբանիա 20:45
29.03.15 Ֆրանսիա-Դանիա 20:45
13.06.15 Ալբանիա-Ֆրանսիա 20:45
04.09.15 Պորտուգալիա-Ֆրանսիա 20:45
07.09.15 Ֆրանսիա-Սերբիա 20:45
08.10.15 Ֆրանսիա-Հայաստան 20:45
11.10.15 Դանիա-Ֆրանսիա 20:45
Մինչ օրս Հայաստանը չունի ազգային թիմի գլխաւոր մարզիչ, սակայն արդէն Մարտի 5ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ընտրանու հետ: Թէ ով թիմը կը գլխաւորի այդ խաղում ու նաեւ, ըստ էութեան, առաջիկայ շրջափուլում, պարզ կը լինի առաջիկայում:
«Հետք»