Անցեալ երեկոյ ես հրաւիրուած էի հետեւեալ միջոցառմանը՝ «Դուք հրաւիրուած էք մասնակցելու Հայաստանից արտագաղթի մասին հանդիպմանը, որը կը կայանայ Գրանադա Հիլզի Հայկական Կենտրոնում, երեկոյեան ժամը 8ին, թեման՝ «Հայաստանէն Արտագաղթը եւ ՀՅ Դաշնակցութեան Ծրագիրը Եւ Սփիւռքի Դերակատարութիւնը»»:
Որպէս անհատ, ով իսկապէս զգում է, որ Հայաստանից մեր քոյրերի ու եղբայրների արտագաղթը՝ Հայաստանին, որպէս հայ ազգի յարատեւութեանը սպառնացող ամենամեծ վտանգն է, եւ որպէս մէկը, ով խորին յարգանք ունի ՀՅ Դաշնակցութեան, եւ Սփիւռքում այս կուսակցութեան կողմից յաջողութեամբ իրականացուող աշխատանքների նկատմամբ, ես որոշեցի բաց թողնել Lakers-ի խաղը, մերժել ընկերոջս տուն այցելելու հրաւէրը, եւ Ուրբաթ երեկոյեան, Գլենդելից մեկնել Գրանադա Հիլզ՝ տեղեկանալու այս ամենահրատապ խնդրի մասին: Ես յոյս ունէի ակտիւօրէն մասնակցել մտքերի փոխանակման եւ իմ ներդրումն ունենալ այս խնդրի համար հնարաւոր լուծումներ գտնելու հարցում:
Շուրջ 120-150 հայրենասէր հայեր էին մասնակցում այդ միջոցառմանը: Նրանք էլ, ինձ նման բաւականին մտահոգ արտագաղթի թեմայով, Ուրբաթ երեկոյեան եկել էին նշուած ձեռնարկին՝ լսելու ՀՅԴի ծրագրերի, Սփիւռքի հնարաւոր դերի եւ արտագաղթի խնդրի լուծման ուղիների մասին:
Այժմ իմ կարծիքը բուն ձեռնարկի մասին:
Միջոցառման բանախօսներն էին Սեդօ Պոյաճեանը (փաստաբան) եւ Արմէն Զատիկեանը: Ես առաջին անգամ էի լսում այս բանախօսներին:
Երեկոն սկսուեց պարոն Պոյաճեանի քննարկումով, թէ ինչու են մարդիկ արտագաղթում իրենց հայրենիքից: Նա ներկաներին յիշեցրեց, որ հայերը, ըստ էութեան, Հայաստանից դարերի ընթացքում էլ գաղթել են: Պարոն Պոյաճեանը շարունակեց՝ ներկայացնելով ՀՅԴի մշակած ծրագիրը այս խնդրի լուծման մասին:
Ընդհանուր առմամբ, այս բաժինը շատ բովանդակալից էր եւ ներկայացնում էր ՀՅԴի կողմից որոշուած քայլեր, որոնք վերաբերում էին Հայաստանից արտագաղթի պատճառներին: Կէտերից մէկը, որն ինձ շատ հետաքրքիր թուաց, այն էր, որ մարդիկ լքում են իրենց հայրենի երկրները, այլ երկրների «ձգող» գործօննների (pull factors) պատճառով, այնպիսի երկրների, ինչպիսին օրինակ ԱՄՆը, որ առաջարկում է աւելի լաւ աշխատանքի հնարաւորութիւններ եւ բարձր կենսամակարդակ: Սա կտրուկ հակադրւում է այն երկրներին, որոնց առջեւ ծառացած են գաղթականութեան խնդիրները, որտեղ բացակայում է արդիւնաւէտ աշխատանքի հնարաւորութիւնը եւ կոռուպցիան սարսափելի չափերի է հասնում:
Մինչ այս պահը ես շատ ոգեւորուած էի ՀՅԴի ծրագրի մասին աւելի իմանալու, եւ, իհարկէ, ենթադրում էի, որ մենք պատրաստւում ենք քննարկել եւ մտքեր փոխանակել Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառ հանդիսացող գործօնների շուրջ: Ես իսկապէս հաւատում էի, որ մասնակիցների յաջորդ քայլը լինելու էր այդ խնդրի լուծմանն ուղղուած որոշակի կէտերի, հնարաւոր գործողութիւնների վրայ հիմնուած ռազմավարութեան մշակումը, ոչ կառավարական կազմակերպութիւնների աշխատանքների միջոցով այս խնդրի մասին իրազեկութեան բարձրացումը Հայաստանում, ինչպէս նաեւ՝ հնարաւոր գործողութիւնների համար անհրաժեշտ միջոցների դիտարկումը:
Աւա՜ղ, որքան սխալ էր նման ենթադրութիւնը:
Երկրորդ բանախօս Արմէն Զատիկեանը խօսեց միայն այն մասին, թէ ինչ սարսափելի են Հայաստանի այսօրուայ իշխանութիւնները, թէ ինչպէս է կառավարութիւնը գողանում ժողովրդից, ինչպէս են բոլորը խաբում, եւ այս ցուցակը շաունակւում էր: Զատիկեանի ելոյթում ես չլսեցի որեւէ էական միտք, որ կարող էր դիտարկուել որպէս հնարաւոր ներդրում ՀՅԴ ընթացիկ ծրագրերում կամ՝ Հայաստանից արտագաղթը կասեցնելու համար Սփիւռքի դերի մասին խօսք: Զատիկեանը որդեգրել էր պարտուողական կեցուածք եւ հանդէս էր գալիս կեղծ պնդումներով առ այն, որ ոչ ոք չի կարող յաջողութեան հասնել այսօրուայ Հայաստանում, եւ որ բարեփոխումների կողմնակիցներն ի վիճակի չեն իրականացնելու որեւէ էական փոփոխութիւն: Բացի այդ, Զատիկեանը, առանց հաւաստի տուեալների, պնդում էր, որ Հայաստանի դիւանագիտական կորպուսից քչերն են վերադառնում հայրենիք, եւ իրենց ծառայողական ժամկէտը լրանալուց յետոյ նախընտրում են մնալ նշանակուած երկրներում՝ գերադասելով աշխատել մթերային խանութներում: Արմէն Զատիկեանի վարած պարտուողական դիրքորոշումը, ի հարկէ, քիչ տեղ թողեց ստեղծագործական առաջարկների, խնդրի հնարաւոր լուծումների մասին առաջարկների, որ վերաբերւում էին հնարաւոր համագործակցութիւնը հայաստանաբնակ այն անձանց հետ, ովքեր աշխատում են Հայաստանում հայերի կեանքի պայմանները բարելաւելու ուղղութեամբ: Ամփոփելով նշեմ, ես ոչ մի արժէքաւոր միտք չլսեցի Զատիկեանի ելոյթում, որը էականօրէն շեղուած էր երեկոյի բուն թեմայից: Հնարաւոր է, նրա ելոյթն աւելի տեղին կը լինէր, եթէ ձեռնարկի թեման լինէր կոռուպցիան Հայաստանում:
Թէեւ ես չեմ հաւատում, որ այս միջոցառումը նախատեսուած էր Հայաստանին վնասելու համար, իմ համեստ կարծիքով, չնախատեսուած արդիւնքն այդպիսին էր: Կարծում եմ, որ ամէն անգամ, երբ 120-150 հայեր մասնակցում են ՀՅԴի թեմատիկ ձեռնարկներին՝ լսելու խօսնակների քննարկումը ՀՅԴի դերի ու ծրագրերի մասին ուղղուած Հայաստանից արտագաղթը կանխելուն, միջոցառման կազմակերպիչները պարտաւոր են համոզուած լինել, որ առնուազն պատշաճ ջանք է գործադրուել քննարկելու խնդրոյ առարկան: Անշուշտ, կարող էին լինել նաեւ այլ բանախօսներ, ինչպէս օրինակ Հայաստանում գործող այնպիսի կազմակերպութեան ներկայացուցիչներ, ինչպիսիք են Birthright Armenia, Repat Armenia, The Armenian Volunteer Corps, Luys Foundation, The National Competitiveness Foundation of Armenia, ովքեր կարող էին լոյս սփռել դէպի Հայաստան՝ առայժմ փոքր, բայց աճող ներգաղթի մասին, ինչպէս նաեւ ներկայացնել՝ բացառիկ, երկարաժամկէտ նախագծերը, որ ներկայում իրականացւում են Հայաստանում: Աւելին, հաւանաբար մի բանախօս, ով կը պատմէր իր յաջողուած գործի եւ Հայաստանում հայերի համար իմաստալի աշխատատեղեր ստեղծելու մասին, իր թեմայով աւելի տեղին կը լինէր: Ես ամօթալի եմ համարում նաեւ այն փաստը, որ երբ ձեռնարկի ներկաներից մէկը հարցրեց, թէ ինչ է արուել Հայաստանում սիրիահայերին օգնելու ուղղութեամբ՝ բանախօսներից ոչ մէկը պատրաստ չէր ներկայացնելու այն փաստացի գործը, որ կատարուել է Հայաստանում եւ Արցախում սիրիահայ գաղթականներին աջակցելու, եւ իրենց տունը, ընտանիքներին, գործն ու սեփականութիւնը պաշտպանելու նպատակով Սիրիայում մնացած հայերին օգնելու ուղղութեամբ:
Այս յօդուածով բնաւ նպատակ չունեմ փնովելու «Արշաւիր Շիրակեան» կենտրոնին եւ այս ձեռնարկի կազմակերպիչներին: Ի վերջոյ, նրանք արդարացիօրէն որոշել էին անդրադառնալ ամենահրատապ թեմային՝ փորձելով ուղիներ գտնել համընդհանուր մակարդակով հայերի համար ամենակարեւոր խնդիրներից մէկի լուծման համար: Կարող է լինել վաւեր քննարկումներ այս ձեռնարկի դրական եւ թերի կողմերի մասին, եւ թէ ինչպէս այս հարցը կարող է բարելաւուել եւ ընդլայնուել: Իմ կարծիքով, երկու ամենահիմնաւոր հարցերն են՝ թէ ինչ կարող են անել սփիւռքահայերը ստեղծելու համար աշխատանքային նոր հնարաւորութիւններ Հայաստանում՝ մեղմելու համար արտագաղթը, եւ ինչպէս սփիւռքահայերը կարող են աջակցել Հայաստանում գործող այն ոչ կառավարական կազմակերպութիւններին, որոնց հիմնանպատակն է կրթել քաղաքացիներին՝ քաղաքացիական նախաձեռնութիւններ եւ ազգակառոյց գործունէութիւն ծաւալելու համար: Յաջորդ հարցն այս դէպքում պէտք է լինի հետեւեալը՝ որպէս մի կազմակերպութիւն, որ ունի հսկայական ռեսուրսներ եւ որը իրաւամբ վաստակել է իր տեղը մեր համայնքում որպէս առաջնորդ, ի՞նչ դեր կը ստանձնի ՀՅԴն նշուած նախաձեռնութիւնում:
Ես ի հարկէ այն կարգավիճակում չեմ, որպէսզի ասեմ թէ ինչ է անում ՀՅԴն կամ ինչ պէտք է անի: Ես աւելի լաւ է յայտնեմ իմ այն կարծիքը, թէ ինչ կարող են անել հայերի մեծ մասը, որպէս անհատներ:
Ես աշխատել եմ Հայաստանում սկսած 1990ականների վերջից: Երեւանում ես ունեմ ծրագրերի ապահովման եւ մշակման գրասենեակ եւ կարողացել եմ անշարժ գոյքի մեծ ծրագրեր իրականացնել մեր հայրենիքում: Միաւորուելով մի բարեգործական ընկերութեան հետ, ես մասնակցել եմ դպրոցների վերանորոգման ծրագրերի, համակարգչային կր-թական ծրագրերի, մշակութային փառատօների եւ այլ տարբեր մակարդակների յատկանշական ծրագրերի: Ես աշխատանքի եմ վերցրել շատ հայերի, վճարել եմ շատ տեղական հարկեր եւ եղել եմ Հայաստանի եւ Արցախի այնքան շատ գիւղերում ու քաղաքներում, որտեղ հաւանաբար չեն եղել տեղացի հայերի 95 տոկոսն ու սփիւռքահայերի՝ 99 տոկոսը: Իմ կարծիքը չի ձեւաւորուել երեկոյեան ժամը 8ի հաւաքոյթի ժամանակ բանախօսների խօսքի հիման վրայ: Ընդհակառակը, իմ կարծիքը ձեւաւորուել է իմ հայրենիքի նկատմամբ սիրոյ, իմ ծնողների հայրենասիրական դաստիարակութեան, իմ հողում իրական աշխատանք կատարելու, Հայաստանում աշխատող կազմակերպութիւնների յօդուածների եւ տարբեր կառուցողական միջոցառումների մասնակցելու արդիւնքում, ինչպիսին էր օրինակ Յունուարի 31ին՝ «Շիրակեան» կենտրոնում (Shiragian Center) տեղի ունեցած ձեռնարկը: Բացի այդ, ես ամէն տարի առնուազն երկու շաբաթով կնոջս եւ երեք երեխաներիս տանում եմ Հայաստան: Այնտեղ մենք ջանում ենք այցելել Հայաստանի եւ Արցախի մի շարք քաղաքներ եւ գիւղեր: Չնայած այն աշխատանքին, որ ես կատարել եմ Հայաստանում, ես զգում եմ, որ բաւարար չեմ արել իմ հայրենիքի համար, եւ միշտ մտածում եմ թէ ինչպէս կարող եմ աւելի շատ անել այն հայերի համար, ովքեր ապրում են Հայաստանում, Արցախում եւ æաւախքում:
Շատ հարցեր էին ընդգրկուել ՀՅԴի ծրագրում, եւ ես վստահ եմ, որ դրանք բոլորն էլ կենսական են: Ես կարծում եմ, սակայն Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը, դա բնակչութեան համար արդիւնաւէտ աշխատանքի հնարաւորութեան բացակայութիւնն է, եւ ոչ թէ յատկապէս ընտրութիւնների ժամանակ վառ արտայայտուող կոռուպցիան: Տասնամեակներով, մենք՝ հայերս ապրել եւ բարգաւաճել ենք այնպիսի պետութիւններում ինչպիսիք են Իրանը, Իրաքը, Սիրիան, Եգիպտոսը, Լիբանանը եւ ամբողջ նախկին Խորհրդային Միութիւնը: Վերոյիշեալ երկրներից շատերը ղեկավարուել են բռնապետների կողմից: Դրանք անթերի ընտրութիւններով երկրներ չէին, ընդհանուր առմամբ ընտրութիւններում բոլոր մակարդակներում կաշառակերութիւն կար: Ի հարկէ ես ոչ մի կերպ չեմ ցանկանում նուազեցնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւնների կարեւորութիւնը կամ պատշաճ կրթուած եւ ընտրուած պաշտօնեաների կարեւորութիւնը մեր հայրենիքում: Ես պարզապէս մատնանշում եմ նոր աշխատանքային հնարաւորութիւններ ստեղծելու հիմնարար կարեւորութիւնը Հայաստանում եւ Արցախում: Բացի այդ, ես հաւատում եմ, որ շատ սփիւռքահայ անհատներ, ովքեր տարբեր ոլորտներում ունեն փորձառութիւններ, բաւարար չափով կամ ընդհանրապէս ներգրաւուած չեն այն հարցերում, որոնք ուղղակիօրէն ազդում են Հայաստանի վրայ, որովհետեւ հնարաւոր է նրանք մասնակցել են մի ձեռնարկի, ինչպիսին էր Յունուարի 31ի երեկոյթը, որտեղ դասընթացներ են կարդացուել կամ ուղեղի լուացում է տեղի ունեցել առ այն, որ Հայաստանին պէտք է նայել ինչպէս անյոյս մի երկրի: Այդ պատճառով է, որ այս հայերը փոխանակ ներգրաւուեն հայաստանեան գործընթացներում, ընտրել են մասնակցութիւնը տարեկան մի քանի անգամ կազմակերպուող տեղական հայկական միջոցառումների, եւ երբ նրանց հարցնում ես Հայաստանում ներգրաւուածութեան մակարդակի մասին կամ՝ այցելել են Հայաստան միայնակ թէ իրենց ընտանիքների հետ, ապա պատասխանը ընդհանուր առմամբ հետեւեալն է. «Հայաստան… Դու ոչինչ չես կարող անել այնտեղ: Նրանք կը գողանան այն ամէնն, ինչ դու ունես»: Երբ հարցնում ես, այցելել են արդեօք նրանք Հայաստան, որպէս կանոն հնչում են հետեւեալ պատասխանները՝ «Այո, եօթ տարի առաջ» կամ՝ «Մենք ծրագրում ենք գնալ այնտեղ 3-4 տարուայ ընթացքում»: Այստեղ հիմնական հարցն այն է, որ եթէ նրանց տրուի ճիշդ ուղղութիւն եւ տեղեկութիւններ, նաեւ՝ անձնական հետազօտութիւնների միջոցով ու այնպիսի կազմակերպութիւնների, ինչպիսիք են «Ամերիա Գրուպ»ը կամ KPMG-ն, նման շատ անձինք կարող են ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ Հայաստանի կորպորատիւ օրէնքների եւ մաքսային համակարգի վերաբերեալ, որպէսզի Հայաստանում բիզնես սկսեն եւ յաջողեն այն:
Ես ապրում եւ աշխատում եմ Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում: Հարցրէք Գլենդելում աշխատող իւրաքանչիւր գլխաւոր կապալառուի՝ քաղաքապետարանից թոյլտուութիւն ձեռք բերելու կամ նախագծային վերանայման խորհրդի հետ աշխատանքի մասին (design review board) կամ հարցրէք որեւէ գործարարի բանկերի հետ գործարքերի մասին: Նրանց մեկնաբանութիւններում դուք կը լսէք բազմաթիւ բողոքներ: Սակայն այստեղ, Միացեալ Նահանգներում, առողջ բանականութիւն ունեցող ոչ ոք չի վերաբերւում այս խնդիրներին որպէս խնդիր՝ կապուած դաշնային, նահանգային կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Ե՞րբ են վերջին անգամ ամերիկահայերը բոյկոտել Verizon Wireless-ի կամ General Electrics-ի դէմ հարկերը չվճարելու համար: Ե՞րբ են վերջին անգամ ամերիկահայերը միացել գլխաւոր ցոյցերին ընդդեմ ԱՄՆում գործող նաւթային կոնգլոմերատների՝ պահանջելով ստուգել դաշնային կառավարութիւնից ստացուող հարկային արտօնութիւնները, այն դէպքում, երբ միաժամանակ միլիարդաւոր դոլարների շահ են ունենում: Փոխարէնը, մենք յաճախ լսում ենք սփիւռքահայերի, ովքեր խօսում են Հայաստանում օլիգարխների աւելանալու մասին: Նմանատիպ քննարկումները յաճախ բացասաբար են անդրադառնում Հայաստանի վրայ, փոխանակ՝ առանձին օլիգարխի կամ որոշ արդիւնաբերութեան որոշ ոլորտներում նրա ունեցած մենաշնորհի: Ահա մէկ այլ օրինակ՝ Google-ում պարզապէս որոնէք ԱՄՆի բարեգործական ընկերութիւնների հաւաքած միջոցների տոկոսը, որ նախատեսուած է մարդկանց օգնելու համար: Տոկոսներն անհաւատալի ցածր են, սակայն ոչ մի հայ սա չի համարում ԱՄՆի կառավարութեան կոռուպցիայի մաս: Միւս կողմից, ամէն հայ ունի իր ուրոյն կարծիքը Հայաստան Համահայկական հիմնադրամի նախագծերի մասին: Ինչ վերաբերւում է հարկերին, շատ սփիւռքահայեր հակուած են խօսելու Հայաստանում հարկերի բարձր լինելու մասին, մինչդեռ այստեղ՝ ԱՄՆում ես վճարում եմ 30 տոկոս հարկ իմ ծրագրային ապահովման եւ մշակման նախագծերից ստացուած շահոյթի իւրաքանչիւր դոլարի համար, եւ դա ի լրացում իմ սեփական եկամտահարկերի, որ ես վճարում եմ: Չնայած սրան, ես երբեք չեմ լսել մի սփիւռքահայ գործարարից, ում պատկանում է գործարան Նահանգներում, որը պնդում է, որ ԱՄՆը կոռումպացուած երկիր է: Սակայն շատ յաճախ կարելի է լսել, թէ ինչպէս մի քանի սփիւռքահայեր պնդում են, որ հարկերը Հայաստանում բարձր են եւ Հայաստանը կոռումպացուած երկիր է: Ես երբեք չեմ լսել, որ ամերիկահայերը քննարկեն ԱՄՆից հնարաւոր արտագաղթ, երբ բենզինի գինը մէկ գալոնի համար հասել է 5 դոլարի, ապա կամայականօրէն նուազել՝ դառնալով 4.5 դոլար, այնուհետեւ նորից դարձել է 5 դոլար մի քանի ամիս անց:
Մի իմաստուն ասել է. «Բաժակը կարելի է տեսնել կիսով չափ դատարկ կամ լիքը»: Երբ այս ասոյթը վերաբերւում է Հայաստանին կամ շատ յաճախ Հայաստանին վերաբերուող իրադարձութիւններին, ապա Սփիւռքում բաժակը հակուած է ունենալ կոտրուած եզրեր, որոնք կարող են կտրել ձեռքերը, եթէ դիպչես նրան: Ի հարկէ, հազուադէպ են քննարկումներն այն մասին, որ բաժակը ընդհանրապէս ոչինչ չի պարունակում: Ես յաճախ լսում եմ արդարացում, որ «Հայաստանը նոր երկիր է, եւ որ ժամանակը կը փոխի իրավիճակը»: Յարգելով այս տեսակէտը, այդուհանդերձ ես համաձայն չեմ: Հայաստանում ներկայ իրավիճակը կը փոխուի միայն, եթէ դուք ինչ որ բան անէք դրա համար: Թերեւս, պէտք է հասարակական խմբեր կազմակերպել Հայաստանում, այլ ոչ թէ կուսակցական գծեր, որոնք կենտրոնացած կը լինեն ուսուցանելու հանրութեանն իրենց իրաւունքների եւ պարտականութիւնների մասին: Սա կը լինի ճիշդ մօտեցում սփիւռքահայերի կողմից, ովքեր կը ցանկանան ինչ որ լաւ եւ արժեցող բան անել իրենց հայրենիքի համար: Ըստ իս, հիմնական նպատակը պէտք է լինի աջակցել Հայաստանի ջանքերին մնալու ուժեղ եւ ինքնաբաւ՝ անկախ նրանից, թէ ով է Հայաստանի ընթացիկ կամ ապագայ նախագահը լինելու:
Եզրափակելով, ես խորապէս վստահ եմ դէպի հայրենիք հայերի սիրոյ եւ հոգատարութեան հարցում: Այդպիսի սէրը պէտք է սնուցուի: Գուցէ մեզ անհրաժեշտ են ձայներ հաւասարազօր Եղիշէ Չարենցին, Յովհաննէս Շիրազին կամ Պարոյր Սեւակին, որոնց պօէզիան վաղ անցեալում խանդավառեց հայերին՝ կապուելու իրենց հայրենիքի հետ իմաստալից ձեւով: Նման ձայները կարող են ոգեշնչել նաեւ սփիւռքահայերին՝ կապուելու Հայաստանի հետ բոլոր մակարդակներում, իսկ Հայաստանում բնակուող հայերին՝ լինել համբերատար, մնան ամուր, ընտանիքներ կազմեն մեր հայրենիքում եւ ի վերջոյ օգնեն՝ հիմքեր դնելով քաղաքացիական պատասխանատուութեան եւ թափանցիկ հաշուետուութեան բոլոր քաղաքացիների համար՝ յատկապէս ընտրուած պաշտօնեաների: Դրախտ չէր լինի՞ դա: Պատկերացրէք եւ ձեռնարկէք գործողութիւններ: Նոր Հայաստանը գտնւում է մեր հասանելիութեան սահմաններում:
(Յապաւուած)
Յարգելի խմբագիր, ողջոյն:
Ալեքս Բաղդասարեանի «Անդրադարձ՝ արտագաղթի մասին զեկուցական երեկոյի առթիւ» յօդուած-խորհրդածութիւնը («Ասպարէզ», 14 մարտ 2014, էջ 10-11) վերջերս կարդացածս ամենէն հաւասարակշիռ գրութիւններէն մին է: Երանի յապաւումով չհրատարակուէր, այլ՝ եթէ անհրաժեշտ էր իրերայաջորդ թիւերով, ամբողջութեամբ. բացի եթէ յապաւումները խմբագրական միջամտութիւն էր կրկնութիւնները, հռետորական ծայրայեղութիւնները կամ սխալ տուեալները յօտելու:
Բաղդասարեանի յօդուածին մէջ կան առարկելի հաստատումներ, սակայն ընդհանուրը շինիչ և լաւատեսական է:
Շնորհակալութիւն:
Երուանդ Գոչունեան
Յ.գ. Յօդուածի մը վերնագրին բոլոր բառերը պէտք չէ գլխագրել, բացի առաջինէն և յատուկ անուններէն: Զուտ ամերիկեան սովորոյթէն ընդօրինակում մըն է, որ տրամաբանական չէ: