
Պարտադիր Կուտակային Համակարգը Խոցելի Է
Վարեց՝ ԱՐՄԵՆԱԿ ՉԱՏԻՆԵԱՆ
Քալիֆորնիայի Վենթուրա քոլեջի պրոֆեսոր, տնտեսագէտ Արա Խանջեանը Սիվիլնեթի հետ զրոյցում մատնանշում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ռիսկերը:
«Ֆինանսական շուկան պէտք չէ զարգացնել ապագայ կենսաթոշակառուների հաշուին՝ ռիսկի ենթարկելով նրանց միջոցները: Զարգացման այլ ճանապարհներ կան՝ կոռուպցիոն ռիսկերի կրճատում, բանկային համակարգի նկատմամբ բնակչութեան վստահութեան բարձրացում եւ այլն», ասում է Արա Խանջեանը:
ԱՐՄԵՆԱԿ ՉԱՏԻՆԵԱՆ.- Պարոն Խանջեան, ըստ ձեզ՝ Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ բացասական տրամադրութիւններն առաւելապէս ինչո՞վ են պայմանաւորուած՝ տնտեսութեան եւ իշխանութիւնների նկատմամբ անվստահութեա՞մբ, թէ համակարգի թերութիւններով:
ԱՐԱ ԽԱՆՋԵԱՆ.- Երկու գործօններն էլ դեր ունեն: Նախ, այս համակարգը բաւական ծայրայեղ համակարգ է: Աշխարհում միայն մի քանի երկիր կայ, օրինակ՝ Չիլին, Մեքսիկան, Սալվադորը, որտեղ աշխատակիցների ապագայ թոշակները ձեւաւորւում են պարտադիր կուտակային համակարգի միջոցով: Բոլորը պէտք է հասկանան, որ սա ծայրայեղ համակարգ է: Երկրորդն այն է, որ պարտադիր կուտակային համակարգը բաւական խոցելի է, քանի որ մեծ են ֆինանսական ռիսկերը, եւ այդ ռիսկերը տեսնող քաղաքացիները դէմ են արտայայտւում այս համակարգին: Օրինակ, Հիւսիսային Ամերիկայի, Եւրոպայի զարգացած երկրների քաղաքացիները գիտակցում են ֆինանսական այդ ռիսկերը, քանի որ տնտեսական ճգնաժամի դէպքում ֆինանսական շուկաներում եւս անկում է լինում, եւ նման պայմաններում քաղաքացիների կուտակած միջոցները նուազում են:
Հայաստանի դէպքում աշխատակիցները ստիպուած են աշխատավարձից 5 տոկոսը պարտադիր վճարել կենսաթոշակային ֆոնդերին: Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններում աշխատակիցների համար այդ 5 տոկոսի վճարումը դժուար է, քանի որ տեղի է ունենում եկամուտների կրճատում: Ֆինանսական շուկաների ռիսկն այն է, որ մինչեւ կենսաթոշակային տարիքին հասնելը, հնարաւոր է՝ քաղաքացին բաւարար միջոցներ կուտակած չլինի եւ արժանապատիւ կենսաթոշակ չստանայ:
ԱՐՄԵՆԱԿ ՉԱՏԻՆԵԱՆ.- Բայց չէ՞ որ ցանկացած բարեփոխում ռիսկեր է պարունակում: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնաւորումներից են, օրինակ, որ Հայաստանը ծերացող երկիր է, եւ կուտակային համակարգն այլընտրանք չունի, որ նոր համակարգը հնարաւորութիւն կը տայ ձեւաւորել երկար փողեր եւ ուղղել տնտեսութեան զարգացմանը:
ԱՐԱ ԽԱՆՋԵԱՆ.- Միայն Հայաստանում չէ, որ ծերացման խնդիր կայ: Եւրոպական բազմաթիւ երկրներ եւս ծերացող են, բայց նրանք նման ծայրայեղ համակարգ չեն ներդնում: Ծերացող ժողովրդի մարտահրաւէրներին կարելի է տարբեր եղանակներով դիմագրաւել: Այս ծայրայեղ համակարգի ներդրումն արդարացուած չէ, քանի որ, ինչպէս նշեցի, կենսաթոշակային բազմաթիւ այլ մոդելներ կան: Միակ մոդելը, որ Հայաստանում անցած ութ տարիներին քննարկուել է, պարտադիր կուտակայինն է: Մինչդեռ պէտք է ներկայացուէին կենսաթոշակային մի քանի մոդելներ, եւ դրանց շուրջ ընթանային քննարկումներ, բանավէճեր, եւ այդ ամէնի արդիւնքում քաղաքացիները, պատգամաւորները, իշխանութիւններն ընտրէին Հայաստանի համար ամենաընդունելի տարբերակը: Բայց դա տեղի չի ունեցել, եւ ներկայում հանրութեանը ներկայացուել է ընդամէնը մէկ տարբերակ՝ պարտադիրը, եւ ընտրութեան հնարաւորութիւնը սահմանափակուել է:
ԱՐՄԵՆԱԿ ՉԱՏԻՆԵԱՆ.- Իսկ կարո՞ղ էք նշել այլընտրանքային այն մոդելը, որի դէպքում կենսաթոշակային տարիքի եւ հարկերի բարձրացում կարող է տեղի չունենալ:
ԱՐԱ ԽԱՆՋԵԱՆ.- Կրկնեմ՝ պարտադիր կուտակային համակարգի հիմնական ռիսկը ֆինանսական շուկաների ռիսկն է: Այդ իսկ պատճառով գրեթէ բոլոր երկրները ստեղծում են կենսաթոշակների հաւասարակշռուած համակարգ, որում առկայ է պետական կենսաթոշակային համակարգը եւ որոշ չափով՝ կուտակայինը: Հայաստանի դէպքում 100 տոկոսով պարտադիր կուտակային համակարգի առկայութիւնը մտահոգիչ է: Օրինակ, ինչո՞ւ այլ երկրներ չեն որդեգրել 100 տոկոսանոց պարտադիր կուտակային համակարգ: Խնդիրն այն է, որ այդ երկրներում գիտակցում են ֆինանսական ռիսկը: Հայաստանի դէպքում անցած ութ տարիներին այս համակարգի ներդրման հիմնական ջատագովը եղել է Կենտրոնական բանկը, որը ցանկանում է դրանով զարգացնել ֆինանսական շուկան: Այդ շուկան պէտք չէ զարգացնել ապագայ կենսաթոշակառուների հաշուին՝ ռիսկի ենթարկելով նրանց միջոցները: Զարգացման այլ ճանապարհներ կան՝ կոռուպցիոն ռիսկերի կրճատում, բանկային համակարգի նկատմամբ բնակչութեան վստահութեան բարձրացում եւ այլն:
ԱՐՄԵՆԱԿ ՉԱՏԻՆԵԱՆ.- Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է կառավարութիւնը վճռական պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցում:
ԱՐԱ ԽԱՆՋԵԱՆ.- Ինչպէս նշեցի, ութ տարի առաջ այս համակարգի ներդրման գաղափարը առաջ քաշեց Կենտրոնական բանկը, այլ ոչ թէ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը: ԿԲի պաշտօնեաներն այս համակարգի միջոցով ցանկանում էին զարգացնել ֆինանսական շուկան: Յետագայում Տիգրան Սարգսեանը նշանակուեց վարչապետ, Ներսէս Երիցեանը՝ էկոնոմիկայի նախարար, եւ պարտադիր կուտակային այդ համակարգը մշակած թիմը ագրեսիւ սկսեց դրա ներդրման գործընթացը: Կարծում եմ՝ եթէ ԿԲի այդ թիմը դուրս գայ կառավարութիւնից, ապա համակարգի ներդրման ճնշումները զգալիօրէն կը թուլանան: Այս համակարգի դէմ է հասարակութեան զգալի հատուածը, քաղաքական ուժերը, Հայաստանի երկրորդ նախագահը: Համակարգին կողմ է մարդկանց ընդամէնը մի փոքր խումբ: