
«Մի բան յստակ է՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական ու հոգեբարոյական մթնոլորտն անյապաղ սրբագրումներ է պահանջում», Panorama.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴական Լիլիթ Գալստեանը՝ արձագանգելով մեր այն հարցին, թէ ինչպէս է վերաբերում ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի միաւորմանը եւ որքանով այն կարող է արդիւնաւէտ լինել:
Լ. Գալստեանի խօսքով՝ արտագաղթի գլխաւոր ազդակը նախ մեր անհասկանալի, խարխափած երթն է ու դրանից սնուող յուսահատութեան ու անհեռանկարայնութեան մթնոլորտը. «Մեր վայրէջքները պիտի կասեցնել. կարծեմ այս գիտակցումը բոլոր քաղաքական ուժերն ունեն կամ գոնէ պարտաւոր են ունենալ: Իսկ իրականում ներքին բաժանարարներն ու բարիկադները գնալով թանձրանում են: Արտաքին մարտահրաւէրների գնալով պայթուցիկ դարձող համատեքստում փոխանակ փորձենք կայունացնել ու ամրապնդել մեր ներքին համախոհութեան մթնոլորտը, ներքին թշնամիներ ենք փնտռում: Բոլորի նեարդերը պրկուած են ու Բաբելոնեան աշտարակի պէս իրար լեզու չենք հասկանում: Ակներեւ է՝ երկխօսութեան բանական ռեսուրսները (միջոցները-Խմբ.) սպառուել են, ու կողմերը կա՛մ բացառում են միմեանց, կա՛մ հայհոյանքի լեզուով խօսում, իսկ աւելի յաճախ՝ ատում միմեանց: Սա բանական չի, սա հակազգային ու հակապետական է. երկիրն ու պետականութիւնն ենք մաշում»:
«Այս ֆոնի վրայ ցանկացած երկխօսութիւն», շարունակեց դաշնակցական գործիչը, «քաղաքական գործակցութեան ձեւաչափ, որ կը կարողանայ քաղաքական օրակարգ ձեւաւորել, կասեցնել մեր կորուստների ընթացքն ու ժողովրդին համոզիչ դառնալ, ընդունելի կը համարուի»:
Լ. Գալստեանի համար նկատելի է, թէ ինչպէս է քարոզչական մեքենան փորձում կասկածանքի, պիտակաւորման, ուղղորդուած թիրախների ճանապարհով վիժեցնել ընթացքը. «Այսօր, իսկապէս բանակցութեան սեղանի շուրջ են նստել ուժեր, որ տարիներ առաջ անհամատեղելի պիտի համարուէին թէ՛ գաղափարական, թէ՛ քաղաքական վարքականոնի իմաստով: Ինչու կասկածել… պահի թելադրանքը, ՅԱՆՈՒՆը կարող է նաեւ այսպիսի ձեւաչափեր ծնել»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թէ ձեւաչափի մասնակիցների հասցէին հնչում է քննադատութիւն, որ վերջիններս այնքան էլ լաւ չեն հասկանում կամ մինչեւ վերջ անկեղծ չեն, թէ ինչ արդիւնք են սպասում այս ամէնից ու մասնաւորապէս ուժերի խուսափողական պատասխանները ապագայ կառավարութեան կազմի մասով կարծիքներ են ծնում, որ այս ամէնի ետեւում ՀՀ երկրորդ նախագահի մասնակցութիւնն է, արդեօք կիսո՞ւմ է այդ կարծիքը, Լ. Գալստեանը նախ ասաց, որ կառավարութեան կազմի մասին խօսելը ոչ միայն վաղ է, այլեւ շրջանառութեան մէջ է դրւում վարկաբեկելու հնարաւոր միասնութեան գաղափարը:
«Կառավարութիւնը նախ բովանդակութեան շուրջ պիտի ձեւաւորել, ինչ եւ ինչպէս անելու շուրջ, մի խօսքով այնպիսի համակարգի ձեւաւորման շուրջ, որը խմբային պատասխանատուութեան բացառիկ մանդատ (պաշտօն, պատուիրագիր-Խմբ.) պիտի ունենայ եւ բացառի երկրի կառավարման ներկայ փիլիսոփայութիւնը: Խնդիրը անձերը չեն, այլ՝ կառավարման ու խաղի կանոնների սահմանումը: Գուցէ մի քիչ քաղաքական ռոմանտիզմի (վիպա-պաշտութեան-Խմբ.) դաշտն եմ մտնում՝ բարձրաձայնելով, որ այս ձեւաչափում տեսնում եմ ազգային ներուժի հնարաւոր սպեկտրը (ուրուականը-Խմբ.): Ազգային համաձայնութիւնն է իմ նախընտրելի տարբերակը: Միայն ազգային համաձայնութեամբ ու համախոհութեամբ կարող ենք վիճակ փոխել, միմեանց բացառելը կործանարար է», նշեց նա ու յաւելեց. «Մեր քաղաքական ռէալիաների (իրերը-Խմբ.) տխուր մի կողմն էլ այն է, որ մեր ողջ դիսկուրսը ճառախօսութիւնը-Խմբ.) երեք նախագահների շուրջն ենք կառուցում, բայց սա ինչ որ իմաստով բացատրելի է՝ նրանցից իւրաքանչիւրն այսօր խաղացող քաղաքական ուժերի հետ է ասոցացւում (կը զուգորդուի-Խմբ.):