
«Ամէն Մի Երիտասարդ Արցախցի Պատրաստ Է Գնալ Եւ Պաշտպանել Մեր Հայկական Համայնքը Քեսաբում». Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսեան
ՀԱՐՑ.- Այսօր համայն հայութեանը մտահոգող հարցերից մէկը Քեսաբի իրավիճակն է: Ո՞րն է ձեր տեսակէտը այս հարցի շուրջ:
ՊԱՐԳԵՒ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Ցաւօք սրտի, գրեթէ նոյն Ցեղասպանութիւնը 99 տարի անց կրկնուեց Քեսաբի հայութեան նկատմամբ: Քեսաբահայութիւնը երրորդ անգամ 21րդ դարում բռնեց գաղթի ճամբան: Սա պէտք է մտահոգի ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ աշխարհի քաղաքակիրթ ժողովրդին: Ամէնքս պէտք է բարձրացնենք մեր բողոքի ձայնը այսպիսի երեւոյթների նկատմամբ: Ցաւալի է, որ Թուրքիայի միջնորդութեամբ կատարուեց այս ամէնը:
ՀԱՐՑ.- Ի՞նչ կարող է անել Արցախը այս դէպքում:
ՊԱՐԳԵՒ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք ամէն ինչ անելու ցանկացած ոլորտներում: Նոյնիսկ ամէն մի երիտասարդ արցախցի պատրաստ է գնալ եւ պաշտպանել մեր հայկական համայնքներն այնտեղ: Դա, ես կարծում եմ, ե՛ւ մեր իրաւունքն է, ե՛ւ մեր պարտականութիւնը: Որտեղ էլ որ հայ է ապրում եւ որտեղ վտանգուած է նրանց կեանքը, մենք պարտաւոր ենք իրենց օգնութեան գնալ:
ՀԱՐՑ.- Հայ առաքելական եկեղեցին ամենադժուարին պահերին միշտ ժողովրդի կողքին է եղել, պէտք եղած դէպքում էլ՝ հէնց հոգեւորականներն են առաջամարտիկներ եղել: Ո՞րն է հայ առաքելական եկեղեցու առաքելութիւնը Քեսաբի հարցում:
ՊԱՐԳԵՒ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Այս հարցով մտահոգուած են ե՛ւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ն, ե՛ւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.ն: Արամ կաթողիկոսը իր բողոքի ձայնն է բարձրացնում բարձրագոյն միջազգային ատեաններում, որին մենք տեղեակ ենք լրատուամիջոցներից: Իրենք իրենց բարձունքից պէտք է փորձեն անել ամէն ինչ՝ իրենց կարողութիւնների, հնարաւորութիւնների սահմաններում: