ԵՐԵՒԱՆ.– ՀՅԴ Երիտասարդականը Քեսապի դէպքերուն առնչութեամբ կոչ-յայտարարութեամբ դիմած էր Ընկերվարական երիտասարդներու միջազգային միութեան՝ պահանջելով կեցուածք ճշդել այդ առնչութեամբ եւ, ՀՅԴ Երիտասարդականի դիրքորոշումը փոխանցել կազմակերպութեան անդամ միւս միութիւններուն: ՀՅԴ Երիտասարդականի կոչ-յայտարարութիւնը՝ ԸԵՄՄին ուղղուած, տեղադրուած է իր կայքին վրայ եւ ուղարկուած անդամ կազմակերպութիւններուն: Ստորեւ կը ներկայացնենք կոչ–յայտարարութիւնը.
«ՀՅԴ Երիտասարդականը լրջօրէն մտահոգուած է Սիրիայի՝ հայերով բնակեցուած Քեսապ քաղաքի ճգնաժամային իրավիճակով: Վերջին մի քանի օրերը Քեսապի խաղաղ բնակիչների համար եղել են իսկական մղձաւանջ, երբ «Ալ-Քաիդա»ի հետ կապուած ծայրայեղականները յարձակում գործեցին քաղաքի վրայ:
Գտնուելով Սիրիայի հիւսիսարեւմտեան մասում՝ Թուրքիայի սահմանին մօտ, Քեսապը մինչեւ վերջերս խուսափում էր Սիրիայի հակամարտութեան խոշոր մարտերից: Վերջին տարիներին մեծացել է հայ բնակչութեան թիւն այս քաղաքում, որը որպէս ապահով ապաստարան է ծառայել Եաքուբիյէի, Ռակկայի եւ Հալէպի՝ պատերազմից աւերուած քաղաքների փախստականների համար:
Մարտի 21ի առաւօտեան ծայրայեղական զինեալները Քեսապի քաղաքացիների վրայ դաժան յարձակում սկսեցին: Յաջորդաբար յարձակումներ իրականացուեցին Մարտի 22ին եւ 23ին, որոնք ներառում էին տեղի բնակարանների զանգուածային կողոպուտներ եւ այդ տարածքում հայկական եկեղեցիների պղծումը: Թուրքիայի կողմից իրականացուած կատաղի յարձակումների օրերի ընթացքում Քեսապի գրեթէ ողջ հայ համայնքը փախաւ հարեւան Լաթաքիա եւ Բասիթ քաղաքները՝ կոտորածից խուսափելու համար: Այն քաղաքացիները, ովքեր չկարողացան փախչել, պատանդ են վերցուել, մինչդեռ տներն ու եկեղեցիները պարբերաբար թալանւում ու պղծւում են: Բացի այդ, լուրեր են պտտւում, թէ վիրաւոր ծայրայեղականները վերադառնում են Թուրքիա՝ բժշկական օգնութիւն ստանալու:
Եթէ ճիշդ են այն կասկածները, թէ Թուրքիան աջակցում է այդ յարձակումներին, ապա դա շատ մտահոգիչ է: Աջակցութիւնը «Ալ-Քաիդա»ի արտաքին զինեալներին եւ Սիրիայի անմեղ քաղաքացիների նկատմամբ նրանց յարձակումներին խաթարում է բռնութեամբ աւերուած երկրում խաղաղութիւն հաստատելու ընթացիկ միջազգային ջանքերը: Թուրքիայի ուղղակի համագործակցութիւնը «Ալ-Քաիդա»ի ծայրայեղականների հետ ցոյց է տալիս, որ այն երկիրը, որը բանակցում է Եւրոպական Միութիւն մտնելու համար, ուղղակիօրէն կապուած է աշխարհի ամենածայրայեղական կազմակերպութեան հետ: Այսպիսի պահուածքը չպէտք է ընդունուի:
Այս տարածքի եւ ողջ աշխարհի հայութեան համար նման իրավիճակը սարսափելի է եւ 1915-1923 թուականներին Օսմանեան Թուրքիայի իշխանութիւնների կողմից հայերի դէմ իրականացուած ցեղասպանութեան դառը յիշեցում: Իրավիճակը Քեսապում ճգնաժամային է եւ աւելի անյուսալի կը լինի, եթէ ծայրայեղականները հասնեն Լաթաքիա: Պահանջում ենք միջազգային արձագանգ Քեսապի նկատմամբ:
Մենք խնդրում ենք, որ ԸԵՄՄն եւ բոլոր քոյր կառոյցները պահանջն համապատասխան կառավարութիւններից դատապարտել Սիրիայի՝ Քեսապի հայկական տարածքի քաղաքացիական հասարակութեան դէմ՝ «Ալ-Քաիդա»ի արտաքին զինեալների հետ ցանկացած համագործակցութիւն եւ աջակցութիւն:
Միասին կարող ենք վերջ տալ այս աջակցութեանն ու օգնութեանը ծայրայեղական խմբերին եւ յստակ ուղերձ ուղարկել, որ նպատակաուղղուած ռազմական հարուածները անընդունելի են ցանկացած պարագայում եւ մարդու իրաւունքների յստակ ոտնահարում են:
Միջազգային համայնքը պէտք է անմիջապէս արձագանգի եւ դադարեցնի յետագայ բռնութիւնները: Որպէս ընկերվարական երիտասարդութիւն՝ մենք չենք կարող անտարբեր մնալ Քեսապում շարունակուող բռնութիւնների նկատմամբ:
Քայլեր ձեռնարկե՛նք հէնց հիմա: Փրկե՛նք Քեսապը»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.