ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Ի՞նչ արած, սա էլ հայի բախտն է. «Գարո՜ւն ա, ձուն ա արել…»:
Մի ողջ Հայաստան աշխարհ ու Սփիւռք պատարագ է անում Ապրիլի 24ին, պատարագ՝ կորցրածի համար: Դիւրին է ասել՝ կորցրածի:
Բայց մենք հօ գիտե՞նք, թէ ինչ ենք կորցրել, ու՝ կորցնում ենք ամէն օր, ամէն ժամ եւ ե՞րբ ենք ԳՏՆԵԼՈՒ, Տէ՜ր իմ Աստուած…
Եւ կը գա՞յ արդեօք գտնելու օրը կամ էլ օրը՝ չկորցնելիք…
Նոյնիսկ խորհրդային օրերին մենք չէինք կորցնում մեր յոյսը, թէ օրերից մի օր աշխարհը կ՛իմանայ, թէ ինչ ճիւաղային ծրագրով թուրքերը կոտորեցին մի ամբողջ ժողովուրդ, իսկ յոռետեսները կարծում էին, թէ ամէն ինչ կորած է, սակայն մենք՝ լաւատեսներս, ջանում էինք պահել եղածը՝ մեր հարազատների յիշողութիւնները եւ յոյսով սպասում էինք արդարութեան յաղթանակի օրուան:
Այդ յիշողութիւնների բովում էլ ծնուեցին գրական ստեղծագործութիւններ, որոնց շնորհիւ, ինչպէս ասում են, «բացուեց ժողովրդի աչքը»:
Յիշէք անցեալ դարի 60ականները, երբ մարտիկ-բանաստեղծ Պարոյր Սեւակը գրաքննութեան այդ դժուարին տարիներին հրապարակ հանեց իր «Անլռելի Զանգակատուն» պօէմը: Դա արդէն իսկական յեղափոխութիւն էր խաղաղ օրերի համար:
Ծփում էր Երեւանը, մարդիկ ձեռքից-ձեռք էին խլում Սեւակի պօէմը: Աբովեան փողոցը ապրիլեան շնչով ողողուած, գալիքի յոյս էր ներշնչում մարդկանց հոգիներում: Նոյն փողոցի գրախանութներում մէկ-երկու ժամուայ մէջ, դարակներից չքացան Սեւակի հատորները: Իսկ հանրախանութի առջեւ հաւաքուած ժողովրդի միջից կարելի էր լսել բարձրաձայն ընթերցումներ Սեւակի պօէմից:
Մինչ այդ ԵՂԵՌՆ բառին անծանօթ մարդկանց համար կարծես մի նոր աշխարհ էր բացուել:
Նոյն օրերին Սեւակի պօէմից ոգեւորուած, երիտասարդ բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը գրեց.
Մէկը տխուր է, երկուսը տխուր են,
Երեքը, միլիոնները, բոլորը տխուր են:
Ովքե՞ր են այդ միլիոնները. այդ մե՛նք ենք, մենք՝ մեր միլիոններով, մենք՝ որ տխուր ենք նաեւ այսօր, յաւիտենական տխրութեամբ պարուրուած…
Եթէ այսօր մարդկութիւնը աւերներ է գործում, եթէ այսօր չարիք է ստեղծւում ամէնուր ու արիւն հեղում՝ դա նրանից է, որ մարդիկ չեն ճանաչում Արարչին, չեն հաւատում նրա զօրութեանն ու լոյսին, որովհետեւ այդ նոյն մարդիկ, բանաստեղծի ասածի նման՝ «այն արիւնով, որ աշխարհ են ծաղկեցնում, խեղդում են իրար միեւնոյն արիւնով»:
… Արդէն տարիներ է, որ մենք նշում ենք ապրիլեան նահատակների յիշատակը: Ինչի՞ ենք հասել այս երկար տարիների ընթացքում: Պարզ, առանց բառերը ծամծմելու, միայն՝ բարոյական չնչին «յաղթանակների»: Աշխարհը, միեւնոյնն է, բնաւ էլ հակուած չէ մեզ բարի աչքով նայելու, որովհետեւ մեր երկիրը եւ նրա իշխանաւորները, մի կողմ թողած մեր ժողովրդի դարդն ու ցաւը, մշտապէս տարուած են իշխանափոխութեան մոլուցքով:
Վաթսուն տարի առաջ ասուած բանաստեղծի հետեւեալ տողերը չափազանց այժմէական են հնչում այսօր.
… Դո՛ւ, որ վաղուց ես կոչւում ժողովուրդ, թէպետ ակամայ դեռ ժողովուած չես,
Տակաւին ցիր ես, ցան ես եւ սփիւռք, – դու այսուհետեւ ժողովուես պիտի
Նախ՝ ինքդ քո ՄԷæ, եւ ապա՝ քո ՇՈՒՐæ,
Յիշելով, որ այս ջարդ-կոտորածը երէ՜կ չսկսուեց, երէ՜կ չսկսուեց…
Եւ չի՜ աւարտուել, չի՜ աւարտւում, ու՝
Չի՜ աւարտուելու…
Նախճիր-Եղեռնը՝ այո, այսօր էլ է շարունակւում: Հէնց Քեսապում տեղի ունեցող իրադարձութիւնները ձեզ օրինակ:
Ցեղասպանութեան ճանաչման համար մեր մղած պայքարը դեռ ցանկալի արդիւնք չի տալիս: Եւ չի տայ այնքան ժամանակ, մինչեւ որ մեր ժողովուրդը չդադարի օրուայ հացին ԿԱԿԱ ասելուց:
Ոգեղէն, հոգեկան հացով յաղթանակ չի լինի, հասկացէք վերջապէս, հայրենի՛ իշխանաւորներ: Որքան էլ տարօրինակ հնչի իմ ասածը, միեւնոյնն է, ես հակուած եմ այն իրողութեանը, որ հանապազօրեայ հացը, նրա շօշափելի իրողութիւնն է, որ ուժ է ներարկում մարդու արեան, երակների մէջ, ուռճանում ու դառնում ոգեղէն ուժ:
Եւ այդ ոգեղէն հացն է ընդունակ հրաշքներ գործելու: Եւ ՀԱՅ մարդը, եթէ «զինուած» է ոգեղէն հացով, այն ժամանակ է նա զգում յաղթանակի համը ու դրանից էլ շրթունքն է չանկռոտում: