ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ
Սիրելի Ալիսիա, մահուանդ լուրը սիրտս ցաւով ու ափսոսանքով պարուրեց…
Ամբողջ օրը՝ վերապրելով միասին անցկացրած լաւ ու վատ օրերը, կարդում եմ բանաստեղծութիւներդ ու փնտռում եմ բառերիդ խորքում թաքնուած փիլսոփայական, զգացական, երազի ու պայքարի եւ մանաւանդ սիրոյ քերթուածքները եւ զարմանալիօրէն աւելի եմ զգում քո ներկայութիւնը, ներկայութիւնը եթերի պէս՝ թեթեւ ու երկնային: Այս պահին լճացած արցունքունքներով եմ կարդում հետեւեալ բանաստեղծութիւնդ, որն այսօր տարբեր եմ ընկալում.
Վերջին րոպէիս՝
կիսեցէ՛ք արտասունքս.
Կշռեցէ՛ք նրա միջից յորդած
ոտնահետքերը յոգնութեան
ու բեռը ցաւերիս:
Ես մերժում եմ
վարդագոյն խօսքերի դամբանականները թմրած
հազար անգամ ներկուած
շպարը գովեստների:
Ինձ բերէ՛ք
կերպարը երազի
վէպը բողոքի
պատգամը բռունցքի:
Ա. Կիրակոսեան
Սիրելի Ալիսիա, օրհասական պահից երկու շաբաթ առաջ, հոգնաբեկ ու ցաւերի գալարումով երկու հանդիպում կազմակերպեցիր աղջկադ՝ Լարայի բնակարանում, իրականացնելու համար երազդ եւ ներկայացնելու նոր գիրքդ՝ Ցեղասպանութեան նուիրուած, վերապրող հայրիկիդ յուշերի հիման վրայ: Մահամերձ անկողնում, հոգնած ու անողոք հիւանդութեան ճիրաններում կքած, պայքարում ու կերպարում էիր երազներիդ իրականացման խորհուրդով: Սիրելի Ալիսիա, Դու ցոլում ես քո բանաստեղծութեան ոլորտներում քո քաղցր ժպիտով: Երբ խորանում եմ վերջին օրերիդ անկողնային կեանքին, իմաստաւորւում է Եղիշէ պատմագրի քառեակը Վարդանանց պատերազմի հերոսամարտի առիթով, ուր խօսում է մահուան սեմին հզօրագոյն ուժի ու առողջ երեւալու հրաշքի մասին: Ափսոս, որ չկարողացայ ներկայ գտնուել երկու հանդիպումներին ու վերջին անգամ լինելով տեսնել բանաստեղծուհու կամքը ու կեանքի պայքարը, ուր ուժ առած ղեկավարեցիր ժողովները եւ ժողովականները, մեկնելուց յետոյ աչքերդ փակեցիր ու էլ չխօսեցիր ու հանգչեցիր խաղաղութեամբ: Ու հիմնուելով քեզ մօտ կանգնած Աիդա Լուսինեանի վկայութեան՝ զարմացած ենք բոլորս…
Արջք օրհասական
ընդ վախճանիլ
շնչւոյն հզորագոյնս՝
մարտնչեն: