Խորհրդարանական չորս ուժերը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Հայ Ազգային Կոնգրեսը, Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը եւ «Ժառանգութիւն»ը, համատեղ յայտարարութիւն մը հրապարակած են ընդդէմ ելեկտրականութեան սակերու բարձրացման: Ստորեւ կը ներկայացնենք սոյն յայտարարութիւնը.
Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մէկ տարուայ ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամէնը մէկ տարում փաստօրէն սակագինը բարձրանում է 40 տոկոսով՝ 30 դրամից դառնալով 41.85 դրամ:
Մենք արձանագրում ենք.
1. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերեալ հանրութեանը ներկայացուող պատճառները անհամոզիչ են եւ անընդունելի:
2. Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկութիւնների փաստացի սնանկ վիճակում յայտնուելը բնական մենաշնորհների կարգաւորման ոլորտում տարիներ շարունակ իրականացուող ոչ արդիւնաւէտ եւ անհամարժէք քաղաքականութեան վկայութիւնն է:
3. Էլեկտրաէներգիայի սակագնի աճը վատթարացնելու է սոցիալ-տնտեսական պայմանները՝ մեծացնելով գնաճը, աղքատութեան մակարդակը, նուազեցնելով բնակ-չութեան գնողունակութիւնն ու հայկական ապրանքների մրցունակութիւնը:
4. Էլեկտարաէներգետիկ համակարգում ֆինանսական «ճեղքուածքը» յաղթահարելու համար կառավարութիւնը պէտք է օգտագործի ֆինանսական այլ ռեսուրսներ (միջոցներ-Խմբ.)՝ բացառելով հասարակութեան եւ տնտեսութեան վրայ սակագնի բարձրացման բացասական ազդեցութիւնը:
Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից պահանջում ենք.
1. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրութեան եւ բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական եւ ֆինանսական աուդիտ, բացայայտել համակարգի անարդիւնաւէտութեան բոլոր պատճառները, պատասխանատուութեան կանչել մեղաւորներին:
2. Ոլորտում պետական կարգաւորման լիարժէք համակարգ ձեւաւորելու նպատակով՝ նախաձեռնել օրէնսդրական փոփոխութիւններ, այդ թւում՝ վերանայել առանձին ձեռնարկութիւնների շահութաբերութեան մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգութիւնն ու յուսալիութիւնը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձեւաւորման կանխատեսելի համակարգ:
3. Մինչեւ վերը նշուած գործողութիւնները կատարելը՝ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
Միաժամանակ քառեակը դատապարտում է Յունիսի 23ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դէմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանութեան ապօրինի գործողութիւնները: