
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Թւում է, թէ մեր մաշկազերծ ու ցինիկ իրականութեան մէջ, ուր ամենայնի սահմանն ու մասշտաբը սեփական ափի մէջ տեսնելու յստակութիւն ունի, երբ ամէն ինչ այնքան պարզ է ու մաշուելու չափ ասուած, որ գրեթէ ասելիք չի մնացել եւ ոչ էլ զարմանալու ունակութիւն, երբ թւում է, թէ գրեթէ ամէն մարդ սկզբի ու վերջի տեղը գիտի, պարզւում է, որ այնքան էլ այդպէս չէ:
Լռութիւնդ կոտրւում է ու զարմանքդ բեկւում, երբ կուտակային կենսաթոշակային օրէնքի նախագծի քննարկման շրջանակներում խորհրդարանի ամբիոնից լսում ես Ազգային ժողովի քաղաքական մեծամասնութեան ղեկավարի՝ Վահրամ Բաղդասարեանի «անկեղծութեան պոռթկումը», աւելի ճիշդ՝ ինքնայրումի happening-ը:
«Չէք ցանկանում լաւը տեսնել, ձախողելն է ձեր նպատակը», այս յոխորտալից մեղադրանքն է ուղղում խորհրդարանական ընդդիմութեանը ԱԺ ՀՀԿ խմբակցութեան ղեկավարը:
Հաւանաբար, պրն. Բաղդասարեանը ծանօթ չէ «կախուածի տանը պարանից չեն խօսում» իմաստութեանը կամ էլ թերագնահատում է հանրութեան եթէ ոչ իրազեկութիւնը, ապա ամէնօրեայ ստորաքարշ գոյութեան փաստը, այլապէս սեփական տան մէջ չէր գործածի ձախողում բառը, այն բառը, որը մեր իւրաքանչիւր օրուայ ճիշդ եւ ճիշդ բնութագրիչն է:
Ու, թէեւ Վահրամ Բաղդասարեանը 2011ից է անդամակցել Հանրապետականին, այնուամենայնիւ, դա չի ազատում նրան պարզապէս առերեսուելու իրականութեանն ու տիրապետելու որոշ վիճակագրութեան, մանաւանդ, որ վերջինս այն կուսակցութեան ներկայացուցիչն է, որը գրեթէ մէկ ու կէս տասնամեակ ստանձնել է երկրի իշխանութեան ղեկն ու առաջ գնալու շռայլ խոստումներ տուել:
Կարող էի նաեւ ժամանակս ափսոսալ ու պահել լռելու ու չզարմանալու ներքին խոստումս, եթէ այդքան համոզուած ու վերջին ճշմարտութեան անունից չխօսէր Վահրամ Բաղդասարեանը: Չէ՝ զարմանում եմ…
Արդեօք իրաւունք ունի՞ ընդդիմութեանը ձախողելու մէջ մեղադրել իշխանութեան բարձրագոյն ներկայացուցիչներից մէկը, երբ երկրում աղքատութեան մակարդակը կազմում է 33 տոկոս, երբ բնակչութեան ամէն երրորդը աղքատ է, նրանցից 13.5 տոկոսը՝ շատ աղքատ, իսկ 2.8 տոկոսը՝ ծայրայեղ աղքատ: Ի դէպ նրա հարազատ Լոռիում աղքատութիւնը հանրապետութիւնում ամենաբարձրն է՝ 42 տոկոս:
Արդեօք իրաւունք ունի՞ ընդդիմութեանը ձախողելու մէջ մեղադրել իշխանութեան բարձրագոյն ներկայացուցիչներից մէկը, երբ տարեկան 30-40,000 մարդ է հեռանում երկրից, իսկ որոշ տուեալներով՝ ամէն տարի երկրի բնակչութեան շուրջ 2 տոկոսը:
Արդեօք իրաւունք ունի՞ ընդդիմութեանը ձախողելու մէջ մեղադրել իշխանութեան բարձրագոյն ներկայացուցիչներից մէկը, երբ երկրի երիտասարդութեան 60 տոկոսը սեփական հայրենիքում հեռանկար չի տեսնում:
Արդեօք իրաւունք ունի՞ ընդդիմութեանը ձախողելու մէջ մեղադրել իշխանութեան բարձրագոյն ներկայացուցիչներից մէկը, երբ 2013 թուականին տնտեսական աճը կազմել է 3.5 տոկոս՝ խոստացուածի կէսից էլ պակաս:
Արդեօք իրաւունք ունի՞ ընդդիմութեանը ձախողելու մէջ մեղադրել իշխանութեան բարձրագոյն ներկայացուցիչներից մէկը, երբ 2013 թուականի Դեկտեմբերի 31ի դրութեամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 581.6 մլրդ. դրամ (3 մլրդ. 899.1 մլն. ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱի 37.1 տոկոսը:
Արդեօք իրաւունք ունի՞ ընդդիմութեանը ձախողելու մէջ մեղադրել իշխանութեան բարձրագոյն ներկայացուցիչներից մէկը, երբ Հայաստանն այս տարի, ինչպէս եւ անցեալ տարի, դասուել է կիսակարծր աւտորիտար վարչակարգերի շարքին, իսկ ընտրական գործընթացների ժողովրդավարական չափանիշների համապատասխանութեան առումով Հայաստանի ցուցանիշը աւտորիտար պետութիւնների խմբին դասուած Ղրղըզստանից էլ ցածր է:
Արդեօք, արդեօք…
«Եկէք կոնստրուկտիւ դաշտ», շարունակում է յոխորտալով դաս տալ ՀՀԿ խմբակցութեան ղեկավարը: Այդ ո՞ր կոնստրուկտիւ դաշտի մասին է խօսքը: Երբ Սահմանադրական դատարանի որոշումն անգամ գրոշի արժէք չունի ձեզ համար, կառուցողական աշխատանքի էլ ի՞նչ դաշտեր են մնում, շարունակում եմ զարմանալ ու ինքնահարց տալ՝ շատ լաւ իմանալով հարցի հռետորաբանութիւնը:
«Մոլորուել է Արծուիկ Մինասեանը», իբրեւ թէ սրտնեղում է Բաղդասարեանը: Ա՛խ, երանի թէ հայրենիքիս ու երկրիս ճակատագիրը որոշողների մէջ Արծուիկ Մինասեանի պէս պինդ ողնաշարով ու մտքով երեք-չորս մարդ ունենայինք, հաստատ մեր ժողովուրդն այսքան մոլորուած չէր լինի, ու մեր երթն՝ այսքան փսոր ու անստոյգ:
Այն, որ հանրապետականների մի մասը ԱԺում անթաքոյց հաճոյքով հայհոյում է, պարբերաբար դիմում փողոցի ու յատակի բառապաշարին, ոչ զարմացնում է, ոչ էլ նորութիւն է:
Բայց ԱԺ պատգամաւոր, դոկտոր պրոֆեսոր Բաղդասարեանի բառընտրութիւնն, այնուամենայնիւ, զարմացնում է: Արդեօք իրաւունք ունի՞, թող լինի բարոյական իրաւունք, գործընկերներին «վայրահաչող» անուանել քաղաքական մեծամասնութեան ղեկավարը: Նոյնիսկ եթէ, այդ բառը Հայկազեան բառարանից է, պրն. Բաղդասարեան, մի թերագնահատէք ընդդիմութեանը, այնուամենայնիւ այնտեղ մարդիկ կան, որոնք ոչ միայն Մալխասեանի բառարանին են տիրապետում, այլեւ՝ Աճառեանի, Աղայեանի, Վեբսթըրի, Օքսֆորդի, Դալի կամ Լոնգմանի…
Բաղդասարեանի «անկեղծութեան պոռթկումն», այնուամենայնիւ, մէկ դրական կողմ ունէր. պարզուեց՝ դեռ զարմանալու ներուժս չեմ կորցրել: