ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Այսօր մեր անկիւնը պիտի բաժնեկցենք Աշխէն Սամուէլեան-Վարդերեսեանի հետ, սիրիահայ, այժմ ապրում է Երեւանում:
Եթէ խեղդուելու չափ շնչասպառ լինենք հայրենի բացասական լուրերից, ապա բաւարար է նայել Աշխէնի ֆէյսբուքեան էջին, ուր կր տեսնենք միայն դրական նորութիւններ, ու միգուցէ կը վերականգնուի մեր՝ որպէս հայ ապրելու հաւատքը.
– 2014ի Յուլիսի 1-5ը սիրիահայ երեխաների համար (14-18 տարեկան) անվճար Մեդիա դպրոց, որտեղ կարող են ծանօթանալ լրագրութեան հիմունքներին, ստեղծել լրագրողական պատմութիւններ, կարող են օգտագործել արեւմտահայերէն, նաեւ՝ օտար լեզու:
– Յուլիսի 25-27ը կը կայանայ Վարդավառ միջազգային երիտասարդական փառատօնը:
– Հանդիպում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանեանի հետ Երեւանի «Golden Tulip» հիւրանոցում:
– «Այբ»ը գնում է դէպի խելամիտ եւ կառավարելի ապագայ (ABBYY). ծրագիր, որ փորձում է «խելոքացնել» շրջապատող ելեկտրոնային առարկաները, նոր գիւտերով աւելի կատարելագործել դրանք:
– Յունիսի 20ին մասնակցութիւն աշխարհի փախստականների միջազգային օրուան նուիրուած միջոցառմանը (Հայաստանում կայ 12,000 փախստական):
– Խաղաղութեան կորպուսի (մարմնի) հայաստանեան գրասենեակի եւ ԱՄՆի միջեւ յուշագրի ստորագրում, որ կ՛օգնի կամաւոր շարժման աշխուժացմանը Հայաստանի մարզերում:
– HDIF (Homland Development Initiative Foundation) կազմակերպութիւնը՝ օգտագործելով հայրենի երկրի աւանդական հմտութիւններն ու նիւթերը, նախաձեռնում է մարզել Հայաստանի շրջանների կանանց, աշխատանք հայթայթել նրանց համար. օրինակ Շամշադինի մեղրի ֆեստիվալը, Թալինի տիկնիկների պատրաստութիւնը, Գորիսի ձեռագործները, Սպիտակի պայուսակները եւ այլք:
– Յունիսի 24ին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում «Sistema Armenia»ն կազմակերպում է սենեկային երաժշտութեան համերգ:
– Երիտասարդ կանանց բարեսիրական կազմակերպութիւն՝ «Յուսոյ այգի», որ իրականացնում է տարբեր մարդասիրական ծրագրեր:
Աշխէնը Կանանց միջազգային կազմակերութեան Երեւանի մասնաճիւղի անդամ է եւ նաեւ՝ լաւատես…