
Յունիսի 24ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը ամերիկահայ գրող Խորէն Արամունուն պարգեւատրեց «Վիլեամ Սարոյեան» մեդալով:
Արձակագիր Խորէն Արամունի Քեշիշեանը ծնուել է Իրանում, 1948 թուին: Թեհրանում միջնակարգն աւարտելուց յետոյ մեկնել է Իսֆահան եւ ընդունուել տեղի համալսարանի հայագիտական բաժին: Երկու տարի անց՝ 1969 թուին, ընտանիքով հայրենադարձուել է: 1975ին, աւարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժինը: 1980 թուականին գաղթել է ԱՄՆ: Կարճ լռութիւնից յետոյ գիտական ու հրապարախօսական յօդուածներով հանդէս է եկել տեղի պարբերականներում:
1991-2005 ժամանակահատուածում Երեւանում եւ Լոս Անջելեսում հրատարկուել են Խորէն Արամունու պատմուածքների, վիպակների, թատերգութիւնների ժողովածուները, «Թատրոն» խորագրով վէպը եւ «Դպրոցի Ճամբան» յուշապատումը:
Սկսած 1996 թուից մինչեւ այսօր, Լոս Անջելեսում եւ Երեւանում բեմադրւում են նրա թատերգութիւնները:
Բարձր գնահատելով Խորէն Արամունու գրական գործունէութիւնը օտար ափերում հայկական իրականութիւնը գեղարուեստական արտայայտչամիջոցներով ներկայացնելու հարցում՝ նախարարը մասնաւորապէս նշեց. «Ձեր իւրաքանչիւր գրական ստեղծագործութիւն ժամանակի կարեւոր խնդիրների գեղարուեստական արձագանգն է, իսկ ձեր վերջին գիրքը սեփական ինքնութեան գիտակցումի վերազարթօնքն ապրող մեր հայրենակիցների մասին, յիրաւի, նոր թեմայով ու կառուցուածքով հայ գրականութիւնը հարստացնող խօսք է»: Ողջունելով գրողի քայլը՝ ծպտեալ հայերի թեմային անդրադառնալու համար, տիկին Յակոբեանը ցանկութիւն յայտնեց գրական ստեղծագործութիւնը տեսնել ֆիլմի կամ բեմադրութեան տեսքով: Իր խօսքում նախարարը նաեւ փաստեց. «Ձեր գիրքը միտում է նաեւ դէպի կենսագրական վէպի ժանրաձեւը, որովհետեւ ձեր կեանքի եւ մեր բազմաթիւ հայրենակիցների ճշմարտապատում ասքն է. լինելով իսկական հայի ճակատագրի կրող՝ ծնուելով Իրանում, ապրելով Հայաստանում, ապա խորհրդային տարիներին հեռանալով Ամերիկա, անկախութեան տարիներին վերադարձաք Հայրենիք»:
Շնորհակալութիւն յայտնելով բարձր պարգեւի համար՝ Խորէն Արամունին նշեց. «Իրանը ինձ կեանք է պարգեւել, Հայաստանը՝ ոգի, Ամերիկան՝ բարեկեցութիւն: Շնորհակալ եմ իմ բախտից, որ Անկախ Հայաստանում ձեռք բերեցի այն, ինչ երազել եմ մանկուց: Շնորհակալ եմ սփիւռքի նախարարութեանը, որ ինձ արժանի է դարձրել այս բարձր պատուին եւ պարգեւին», ասաց նա: