ԵՐԵՒԱՆ.- «Պարոն նախարար, իմ մի տղաներից մէկը ծառայել է Հայաստանում, միւս տղաս Արցախում է ծառայում: Երրորդն էլ եմ ցանկանում՝ այնտեղ ծառայի: Ե՛ւ տղան է տրամադրուած, ե՛ւ ես: Խնդրում ենք, այս մի անգամ մեր հարցին ընդառաջէք, բացառութիւն արէք: Թող գնայ Արցախ, որ զօրամաս գնում է, թող գնայ ծառայի»:
Այսօր ՀՀ կենտրոնական հաւաքակայանում ծնողներից մէկի անկեղծ խնդրանքը նոյնքան անկեղծօրէն զարմացրեց պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանին:
«Այսինքն, դուք ուզո՞ւմ եք… եթէ ձեր ցանկութիւնը Լեռնային Ղարաբաղ ուղարկելն է, ապա ես առաջարկում եմ ուղարկել եղբօր մօտ, թող իրար հետ ծառայեն», ասաց նախարարը:
Սէյրան Օհանեանն այսօր Կենտրոնական հաւաքակայանում ներկայ գտնուեց նորակոչիկների բուժզննութեանը եւ վիճակահանութեամբ զօրամասերի բաշխման ընթացքին:
Սէյրան Օհանեանը լսեց ծնողների դիտարկումները, դժգոհութիւնները եւ պատասխանեց նրանց յուզող հարցերին:
«Մենք փորձում ենք ամէն ինչ անել, որ արդար լինի: Բուժզննման, կցագրման եւ բաշխման արդար ընթացքի ուղղութեամբ մենք աշխատում ենք: Պէտք է միասին դիտարկենք, եթէ կան մտահոգիչ հարցեր, ներկայացրէք, որպէսզի լուծում տանք», ասաց նա:
Պաշտպանութեան նախարարն ասաց, որ իրենք տարէցտարի բարելաւում են գործընթացը եւ շարունակում են աշխատել թերութիւնները շտկելու ուղղութեամբ:
Սէյրան Օհանեանը նշեց, որ բժշկական յանձնաժողովի աշխատանքներն էապէս բարելաւուել են, եւ ընդգրկել են լաւագոյն մասնագէտներին:
Պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը նաեւ նկատեց, որ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը դեռ կան. «Վերջին օրերին մարդիկ են կալանաւորուել զինկոմիսարիատներից եւ բժշկական համակարգից: Նրանք փորձել են առողջութեան մասին կեղծ եզրակացութիւններ եւ տարկետումներ տալ: Իրաւապահ մարմինները զբաղւում են, լիարժէք պատասխան են տալու»:
Անդրադառնալով զօրակոչին, նա ասաց, որ ընթացքը բարձր է գնահատում: Յաւելենք, որ ամառային զօրակոչը կը շարունակուի մինչեւ Յուլիսի 30ը ներառեալ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.